Ներքին 2 տարի առաջ - 19:53 28-09-2024

Քննարկվել է հոգեբուժարաններում անձանց իրավունքների ապահովման վիճակը

Սեպտեմբերի 27-28-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու դատավարական ընթացակարգերում առաջացող խնդիրները» թեմայով քննարկում։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

Բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանը։

Միջոցառման ընթացքում քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը, անդրադարձ է կատարվել նրանց կենցաղային պայմաններին։ Ներկայացվել են ՄԻՊ մշտադիտարկմամբ ոչ հոժարակամ և հարկադիր բուժման ոլորտում վեր հանված խնդիրներն ու օրենսդրական բացերը, քննարկման միջոցով մշակվել են լուծման առաջարկություններ։ Անդրադարձ է կատարվել անձին ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ պահանջի քննության հետ կապված խնդիրներին։

Պաշտպանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները տարբեր դիտանկյուններից։

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են: Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ` ոլորտային հիմնախնդիրները համարում եմ առաջնահերթ լուծման ենթակա: Խնդիրների մասին չպետք է միայն խոսել, այլ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել լուծումներ գտնելու նպատակով: Պետք է քայլեր ձեռնարկենք խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ՝ մշակելով այնպիսի կառուցակարգեր և փաստացի իրացման գործիքակազմեր, որոնք թույլ կտան հետագայում զերծ մնալ խնդիրներից։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ապահովել նաև մնացյալ իրավունքների իրացման երաշխիքները։ Դատական վարույթներին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ՝ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հոգեբուժական կազմակերպությունում անձին ազատությունից զրկելու նկատմամբ դատական վերահսկողությունը ենթադրում է ոչ միայն անձին հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացում և բուժում բացառապես դատարանի որոշման հիման վրա, այնպես էլ հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացման և բուժման հիմքերի բացակայության դեպքում անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորում»,- ասել է Պաշտպանը։

Քննարկմանը մասնակցել են Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների քրեական և քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներ, ՀՀ առողջապահության նախարարության և հոգեբուժական կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Միջոցառման մոդերատոր` ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է հոգեբուժական կազմակերպություններ իրականացված մշտադիտարկման այցերի շրջանակում արձանագրված խնդիրները, այդ թվում՝ փաստող լուսանկարներով։

Ինտերակտիվ քննարկումը կազմակերպել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին