Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:04 27-09-2024

Եռակողմ հայտարարությունը կարելի էր չեղարկել դեռևս 4 տարի առաջ․ դատավորները լուռ են

Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը, 2023 թվականին տեղի ունեցածը համարում եմ դրա հետևանքը, «Եռաբլուրում» այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

44-օրյա պատերազմի արդյունքներով հիմնարար փաստաթուղթը Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է զինադադարի մասին։ Դրանից 4 տարի անց Մոսկվան ու Բաքուն, հղում անելով հայտարարության 9-րդ կետին, ՀՀ-ից պահանջում են Սյունիքով անցնող միջանցք տրամադրել։ Իսկ բազմաթիվ քաղաքագետներ, Արցախի նախկին պաշտոնյաներ, նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչներ հարց են բարձրացնում, թե ինչու Հայաստանը հետ չի վերցնում իր ստորագրությունը այդ փաստաթղթի տակից, որի բոլոր կետերը խախտվել են ի վնաս Արցախի, Հայաստանի և ժողովրդի։ Իսկ Սամվել Շահրամանյանն ակնարկում է, որ Արցախի հանձնումը ևս կանխորոշվել է այդ եռակողմ պայմանավորվածություններով։

Դեռևս մեկ ամիս առաջ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր նշել՝ երբ նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ Հայաստանի իշխանությունը իր ստորագրությունը հետ կկանչի այդ փաստաթղթի տակից, Քոչարյանն ասել էր․ «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, Հայաստանի իշխանությունները կորոշեն՝ ինչ անեն»։

Հիշեցնենք, որ դեռևս 2020թ․-ի դեկտեմբերի 28-ին «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի անունից Կարեն Հեքիմյանն ու Թաթուլ Մկրտչյանը հայց էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ՀՀ վարչապետ Փաշինյան Նիկոլի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած եռակողմ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության մասով վերացնելու պահանջով։

Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանն՝ առանց քննության մերժել էր հայցը։ Իսկ Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արման Թովմասյանը քննել էր հայցն ու մերժել պահանջը։

Oragir.News-ը մեկնաբանության համար փորձեց կապ հաստատել դատավորների հետ։

Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի օգնականը երկրորդ անգամ ճշտելուց հետո, թե որ լրատվականից ենք զանգում, խնդրեց սպասել։ Ինչ-որ քննարկումներից հետո նորից հեռախոսին մոտենալով, փորձեց ճշտել՝ ինչ հարցով ենք ցանկանում մեկնաբանություն ստանալ, պատասխանից հետո դարձյալ խնդրեց սպասել։

Ավելի քան 6 րոպե սպասեցնելուց հետո դատավոր Ռուզաննա Ազրոյանի օգնականը կրկին մոտեցավ հեռախոսին՝ նշելով, որ հիմա կմիացնի դատավորին։

«Մեկ րոպե, հիմա կմիացնեմ դատավորին»,- ասաց նա։

Սակայն այստեղ տեղի ունեցավ ամենահետաքրքիրը․․․ Դատավորին միացնելու փոխարեն՝ նա ուղղակի անջատեց զանգը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև դատավոր Արման Թովմասյանի հետ։ Սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Հետադարձ հայացքով կարող ենք ենթադրել, որ եթե 4 տարի առաջ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հայցը քննող դատավորները հետևողական լինեին իրենց աշխատանքում, գուցե հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ արհավիրքներից, Արցախի հանձնումից, նոր տարածքների հանձնումից ու նոր զիջումների վտանգից, որը թրի պես կախված է Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։