Հայաստանում գործող արևմտամետ 3 քաղաքական ուժերը՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը և Հանուն Հանրապետություն կուսակցությունը, առաջարկում են ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնել։ Նախօրեին ԿԸՀ-ն բավարարեց այս քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումը և ստորագրությունների հավաքագրման համար 2 ամիս ժամկետ սահմանեց՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։
Հայաստանում գործող մի շարք կուսակցություններ անդամակցում են եվրոպական որևէ քաղաքական ընտանիքի․ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Ժառանգությունը անդամակցում են Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, Լուսավոր Հայաստանը և Հայ ազգային կոնգրեսը՝ Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք կուսակցությանը և այլն։
Oragir.News-ը փորձեց պարզել՝ իրենց արևմտյան արժեքների ջատագով համարող և ՀՀ-ի ապագան բացառապես արևմուտքի հետ կապող այս քաղաքական ուժերը եվրոպական կուսսակցական որևէ ընտանիքի կամ միության անդամակցո՞ւմ են, թե՞ ոչ։ Երեք քաղաքական ուժերի կայքերում էլ այս մասին ոչ մի տեղեկություն մեզ չհաջողվեց գտնել, ուստի հարցն այս կուսակցությունների ներկայացուցիչներին ուղղեցինք․
Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ
Տիգրան Խզմալյանը հայտնեց, որ իր գլխավորած քաղաքական ուժը եվրոպական որևէ քաղաքական կուսակցության չի անդամակցում: Նա ասաց՝ իրենք անդամակցում են PanEuropa համաեվրոպական հասարակական կազմակերպությանը, որը Եվրոպայում ամենահինն է, գործում է 1922 թվականից և իր մեջ ներառում է ոչ միայն քաղաքական, այլև հասարակական ու մշակութային գործիչների։

«Մեկ տարի առաջ մենք դարձանք PanEuropa Armenia ընտանիքի անդամը։ Ուրիշ եվրոպական կուսակցությունների հետ մենք հարաբերություններ պահպանում ենք, սակայն դաշինքի մեջ չենք մտնում»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ իր գլխավորած քաղաքական ուժը եվրոպական ոչ մի կուսակցության չի անդամակցել, մինչդեռ Հայաստանում գործող մի շարք կուսակցություններ անդակցել են՝ Տիգրան Խզմալյանը պատասխանեց, որ այդ կուսակցություններն անդամակցել են այն ժամանակ, երբ իրենք իշխանության մաս են կազմել․
«Այդ ժամանակ իրենք Եվրոպական խորհրդարանում ներկայացնում էին երկիրը և տեխնիկական քվոտաներ ունեին։ Մեզ համար շատ անսպասելի էր, բայց օրինակ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը Եվրոպական խորհրդարանում շատ բարձր պաշտոններ ունեին՝ հենց այդ քվոտաներով, մենք անգամ չգիտեին, որ և՛ Նաիրա Զոհրաբյանը, և՛ Էդմոն Մարուքյանը ԵԽ-ում հանձնաժողովների փոխնախագահներ են եղել։ Փաստորեն նրանք այս առումով երկրի համար ոչինչ չեն արել, բայց իրենց թույլ են տվել որոշ անձնական շահեր սպասարկել։ Լինելով իշխանության մաս՝ իրենք, ինչպես նաև Հանրապետական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն և Լուսավոր Հայաստանը ունեցել են քվոտաներ և կարողացել են անդամակցել եվրոպական քաղաքական կուսակցություններին»։
Oragir.News-ի դիտարկմանը, որ Հայ ազգային կոնգրեսը երբեք իշխանության մաս չի կազմել, իսկ Լուսավոր Հայաստանը եղել է միայն Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության կազմում, Տիգրան Խզմալյանը արձագանքեց, որ գուցե այս կուսակցությունների դեպքում սխալվում է։ «Բայց այն, որ իրենք այդ առումով քվոտաներ ունեին, դա միանշանակ է, և դա միշտ արվում է կառավարության համաձայնությամբ»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ առաջիկայում նախատեսո՞ւմ են եվրոպական որևէ քաղաքական կուսակցության անդամակցել՝ Խզմալյանը պատասխանեց, որ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները մեծ հավանականությամբ ոչ։ Նրա համոզմամբ՝ նախևառաջ Հայաստանի բնակչությանը և եվրոպական հանրությանը պետք է ապացուցեն, որ իրենց քաղաքական ուժը՝ միայնակ կամ դաշինքի կազմում արժանի է ժողովրդի վստահությանը․ «Եթե մենք դառնանք Ազգային ժողովի մաս՝ այդ դեպքում մենք կմտածենք նորընտիր Եվրոպական խորհրդարանի որ ուժի հետ կկարողանանք դաշինք կազմել»։
Հանուն Հանրապետություն կուսակցության փոխնախագահ
Ռուբեն Մեհրաբյանը մեզ
Oragir.News-ին հայտնեց, որ իրենց քաղաքական ուժն այս պահին եվրոպական որևէ կուսակցության հետ ինստիտուցիոնալացված հարաբերություններ չունեն, սակայն այդ ուժերի հետ ունեն բազմաթիվ կոնտակտներ։

Ճշտող հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ կուսակցությունը եվրոպական որևէ կուսակցության չի անդամակցել՝ Մեհրաբյանը պատասխանեց, որ իրենց կուսակցությունը համեմատաբար նոր է և դեռևս չեն հասցրել այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
Oragir.News-ի հարցին, թե առաջիկայում նախատեսո՞ւմ են եվրոպական որևէ կուսակցության անդամակցել՝ Մեհրաբյանը պատասխանեց, որ այս պահին առավելապես կենտրոնացած են ստորագրահավաքի ուղղությամբ, իսկ եվրոպական որևէ կուսակցության անդամակցելու մասին չեն էլ մտածել, մտածելու դեպքում՝ հանրությանը և լրատվամիջոցներին անպայման կտեղեկացնեն։
Հանրապետություն կուսակցության անդամ, Երևանի ավագանու նույնանուն խմբակցության ղեկավար
Անի Խաչատրանն էլ Oragir.News-ին հայտնեց, որ իրենց քաղաքական ուժը եվրոպական որևէ կուսակցության չի անդամակցում։ «Մենք նոր ենք աշխատում այդ ուղղությամբ, ճիշտնասած ավելի շատ ներքաղաքական խնդիրներով էինք ավելի շատ զբաղված»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ ունե՞ն նախընտրելի կուսակցություն, որին ցանկանում են անդամակցել՝ Անի Խաչատրյանը պատասխանեց, որ հենց այս պահին եվրոպական 7-8 կուսակցությունների հետ այս ուղղությամբ արդեն աշխատում են այս ուղղությամբ, իսկ երբ արդյունքներ լինեն՝ կհրապարակեն։