copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 21:00 12-09-2024

ԵՄ-ի ճամփեն՝ խավար ու գիշեր․ 2-3 տարում վիզային ռեժիմը չի ազատականացվելու

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման հարցով պաշտոնական երկխոսության մեկնարկից հետո Երևանը լավատես է, որ ազատականացման գործընթացը հնարավոր կլինի ավարտին հասցնել 2-3 տարվա ընթացքում։ Նախօրեին նման լավատեսական հայտարարություններով հանդես եկան Հայաստանի փոխարտգործնախարարներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս գործընթացում անհաղթահարելի ոչինչ չկա և հիշյալ ժամանակահատվածում հնարավոր է հասնել վիզաների ազատականացմանը։

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացված ռեժիմը ենթադրում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրի քաղաքացիները կարող են 180 օրվա ընթացքում 90 օր մնալ Շենգեն գոտում, իսկ Շենգեն գոտուց 90 օր անընդմեջ բացակայությունը թույլ է տալիս ևս 90 օր մնալ Շենգեն գոտում՝ առանց վիզայի: Ներկայումս ԵՄ անդամ չհանդիսացող 61 երկիր, այդ թվում մեր հարևան Վրաստանը, կառույցի հետ ունի վիզաների աազատականացված ռեժիմ։ Այս ռեժիմը գործում է փոխադարձության սկզբունքով, այսինքն՝ առանց վիզայի ռեժիմը գործում է նաև ԵՄ քաղաքացիների համար, որոնք ճանապարհորդում են ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ:

Նշենք, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ռեժիմի ստանալը երկար տարիների աշխատանք է պահանջում, և տարբեր երկրների համար այդ ժամանակահատվածը տարբեր է․

Վրաստանի դեպքում գործընթացը 5 տարի տևեց, Մոլդովայի դեպքում՝ 3-4, Ուկրաինայի դեպքում՝ 9, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են ավելի քան 10 տարի և դեռևս արդյունքի չեն հասել։ Հենց այս երկրների փորձը հաշվի առնելով՝ Եվրահանձնաժողովը փաստացի չի կիսում Հայաստանի իշխանությունների լավատեսությունը և նշում, որ Հայաստանի հետ այս երկխոսությունը տարիներ է տևելու։

Անհրաժեշտ բարեփոխումները

Վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում Եվրահանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի բաժնի տնօրինությամբ բանակցություններ են իրականացվում՝ «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի» (VLAP) փաստաթղթի շուրջ։ Գործողությունների պլանը ներառում է չափանիշների 4 բաժին, որոնց պետք է համապատասխանի երկիրը․ փաստաթղթերի անվտանգություն, ոչ կանոնավոր միգրացիա, հասարակական կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։

Վիզաների ազատականացման համար Հայաստանից պահանջվում է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգ ներդնել, որի առաջին փուլը պետք է մեկնարկեր դեռևս հունիսին, համենայնդեպս այդպես էր խոստացել Առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Չնայած նախարարի խոստացած ժամկետից ավելի քան 3 ամիս է անցել, սակայն այն դեռևս տեղի չունեցել, իսկ նոր ժամկետների մասին դեռևս տեղեկություներ չկան։

ԵՄ-ի մյուս պահանջը վերաբերում է բիոմետրիկ անձնագրերին, որոնք Հայաստանի իշխանությունների համար կարծես անլուծելի խնդիր են դարձել։ Դեռևս նախորդ տարի նոյեմբերին «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքով 2024 թվականի հունվարի 1-ից կենսաչափական անձնագրերի տրամադրումը դադարեցվեց, քանի որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, իսկ նոր պայմանագիր դեռևս չի կնքնվել։ Ներկայումս Միգրացիոն ծառայությունն այժմ մասնավոր ընկերություն է փնտրում՝ համակարգի ներդրման համար, որը մինչև 2026 թվականի գարուն պետք է ներդնի բիոմետրիկ անձնագրերի համակարգը և սկսի անձնագրերի տրամադրումը։

ԵՄ-ի համար չափազանց կարևոր նշանակություն ունի ոչ կանոնավոր նշանակություն ունի է սահմանի կառավարման, միգրացիայի կառավարման և ապաստան տրամադրելու քաղաքականության, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի բարձրացման հարցերը, որպեսզի վիզաների հնարավոր ազատականացումից հետո հարյուր հազարավոր մարդիկ ապօրինաբար չտեղափոխվեն եվրոպական երկրներ՝ մշտական բնակության։

Հասարակական կարգի և անվտանգության մասին բաժնում քննարկվում են կազմակերպված հանցավորության, ահաբեկչության և կոռուպցիայի կանխարգելման, քրեական գործերով դատական համագործակցության, իրավապահ մարմինների համագործակցության և տվյալների պաշտպանության չափանիշներին համապատասխանելու հարցերը։ Իսկ արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ բաժնում ներառված են երկրի ներսում տեղաշարժի ազատության իրավունքի, անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման պայմանների և ընթացակարգերի, քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ փոքրամասնությունների պաշտպանության հարցեր։

Նկատենք, որ անգամ պահանջվող բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների իրականացումը դեռևս չի երաշխավորում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան առանց վիզային ռեժիմի մեկնել շենգեն գոտու երկրներ։ Վիզաների ազատականացման ռեժիմ սահմանելու հարցը պետք է միաձայն հավանության արժանանա ԵՄ անդամ երկրների և Եվրոպական խորհրդարանի կողմից, իսկ նախքան դա Եվրահանձնաժողովը կանոնավոր զեկույցների միջոցով վերահսկում է երկրի առաջընթացը, որի մասին տեղեկացնում է Եվրոպական խորհրդարանին ու Եվրոպական խորհրդին։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ կառույցում որոշումները շատ հաճախ կայացվում են՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, և ԵՄ անդամ ոչ բոլոր երկրներն են Հայաստանի հանդեպ բարեկամաբար տրամադրված, վերջիններս կարող են օգտվել վետոյի իրենց իրավունքից։

Վրաստանի և Մոլդովայի օրինակը

Եվրամիությունը Վրաստանի հետ վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները սկսել է 2012 թվականի հունիսի 4-ին, իսկ «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագիր»-ը ներկայացվել է 2013 թվականի փետրվարի 25-ին։ Դրանից մոտ 1 ամիս անց՝ մարտի 20-ին, Վրաստանը արդեն իսկ ներկայացրել էր «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրն» իրականացնելու համար ձեռնարկված միջոցառումները և հետագա քայլերը։

Գործողությունների ծրագրի առաջին զեկույցը Եվրահանձնաժողովը ներկայացրեց նույն տարվա նոյեմբերին, իսկ մինչև 2015 թվականը նմանատիպ 4 հաշվետվություն է ներկայացվել Եվրոպական խորհրդարանին ու Եվրոպական խորհրդին։

Առաջընթացի մասին վերջնական զեկույցը ներկայացվել էր 2015 թվականի դեկտեմբերին։ 2016 թվականի մարտի 9-ին Եվրահանձնաժողովը առաջարկել էր՝ ազատականացնել ԵՄ-Վրաստան վիզայի ռեժիմը, որից 1, իսկ գործընթացի մեկնարից 5 տարի անց՝ 2017-ի մարտի 28-ին ուժի մեջ մտավ Վրաստանի հետ վիզայի ռեժիմն ազատականացնելու մասին որոշումը։

Մոլդովայի դեպքում վիզաների ազատականացման հարցով բանակցությունները մեկնարկեցին 2010 թվականի հունիսի 15-ից, իսկ «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը» ԵՄ-ն ներկայացրեց 2011-ի հունվարի 24-ին։ 2011-ի փետրվարի 17-ին Մոլդովայի իշխանությունները ներկայացրել են գործողությունների ծրագրի իրականացման համար ձեռնարկված առաջին քայլերը։

Եվրահանձնաժողովը գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի մասին առաջին զեկույցը ներկայացրել է 2011 թվականի մայիսի 23-ին։ Մինչև 2013 թվականի նոյեմբերը, Մոլդովան իր առաջընթացի մասին հինգ զեկույց է ներկայացրել, վերջնականը՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ին։ ԵՀ-ն Մոլդովայի հետ վիզաների ազատականացման առաջարկը ներկայացրեց 2013 թվականի նոյեմբերի 27-ին՝ ավելի վաղ, քան Վրաստանի դեպքում։ ԵՄ-ի և Մոլդովայի միջև վիզաների ռեժիմն ազատականացնելու մասին որոշումը ուժի մեջ է մտել 2014 թվականի ապրիլի 28-ին։

Նշենք, որ Ուկրաինայի դեպքում այս գործընթացը ավելի երկար՝ շուրջ 9 տարի տվեց, ինչը պայմանավորված էր 2014 թվականից այդ երկրի տարածքում մեկնարկած հակամարտությունով, ինչը Վրաստանի և Մոլդովայի դեպքում չկար։ Հայաստանի դեպքում նույնպես Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առաջընթացի բացակայությունը կարող է ձգձգել այս գործընթացը, քանի որ ԵՄ անդամ երկրների շրջանում կարող են լուրջ մտահոգություններ առաջանալ՝ կապված այն բանի հետ, որ վիզաների ազատականացումից հետո հայ-ադրբեջանական լարվածության թեժացման դեպքում ՀՀ-ից ԵՄ միգրացիոն հոսքերը շեշտակի կարող են աճել։

Այսպիսով՝ չնայած Հայաստանի Հանրապետության իշխանությունների շրջանում առկա լավատեսությանը, Եվրոպական միություն տանող ճանապարհը շարունակում է մշուշոտ մնալ, առանց վիզային ռեժիմի ԵՄ երկրներ ճանապարհորդելը՝ երազանք։

Անգամ մեծ ցանկության դեպքում Հայաստանը 2-3 տարում չի կարող իրականացնել իրենց ներկայացված պահանջները, իսկ եթե անգամ դա հաջողվի անել, ոչ մի երաշխիք չկա, որ ԵՄ անդամ բոլոր երկրները կանաչ Երևանի առաջ կանաչ լույս կվառեն ու առանց վիզային ռեժիմի ճանապարհորդությունները իրականություն կդառնան։ Այստեղ կարող ենք նշել հատկապես Հունգարիայի օրինակը, որը սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, պարբերաբար արգելափակում է Հայաստանին տրամադրվող աջակցության փաթեթները, չենք կարող բացառել, որ Բուդապեշտը նույն կերպ կգործի նաև այս դեպքում։

Կարծում ենք, որ այս հարցում Հայաստանի իշխանությունների և վերջիններիս աջակցող որոշ արտախորհրդարանական ու իրենց արևմտամետ հռչակած քաղաքական ուժերի լավատեսությունը նախևառաջ պայմանավորված է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններով։ Փաշինյանի թիմում հույս ունեն, որ նախքան 2026-ի ընտրությունները իրենց կհաջողվի այս ուղղությամբ որոշակի առաջընթաց արձանագրել, ինչը քարոզարշավի ընթացքում կվաճառեն հայ հանրությանը՝ ակնկալելով, որ առանց վիզային ռեժիմի Եվրոպական երկրներ ճանապարհորդելու հեռանկարը Հայաստանի բնակչության մի մասին կստիպի կրկին քվեարկել ՔՊ-ի օգտին և վերարտադրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Չենք բացառում, որ Նիկոլ Փաշինյանին այս ճանապարհով կհաջողվի հանրության մի մասի աջակցություն ստանալ, սակայն մեծ հավանականությամբ հանրության այդ շերտին մեծ հուսախաբություն է սպասվում, ինչպես դա եղավ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Փաշինյանը խոստանում էր խաղաղության դարաշրջան բացել, իսկ նրա թիմակիցները վստահեցնում, որ Հայաստանում և Արցախում ապագա կա։
adv_banner

Ամենից շատ դիտված

23:20 Արտակարգ դեպք՝ Երևանում. «Երևան սիթի» ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
22:30 Արագածոտնի մարզում Opel-ն ինքնավթարի է ենթարկվել, վարորդը տեղում մահացել է. մեկ այլ Opel էլ բախվել է ինքնավթարի ենթարկված Opel-ին. shamshyan.com
20:15 Մեր երեխեքին սպանում, ուղարկում են. մահացած զինծառայողի հարևան
14:20 Ադրբեջանը պատրաստվում է արտոնյալ պայմաններով վարձակալության հանձնել հայաթափված Արցախի հողերը
10:49 45 համարի ավտբուսում քաղաքացին ուշաթափվել է, վարորդը քշել, գնացել է
23:45 Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի հարևանությամբ, բախվել են Toyota-ն ու Nissan-ը. վերջինը հայտնվել է մայթին. shamshyan.com
15:25 Դումանյա՛ն, հեռացի՛ր․ թիվ 20 դպրոցի աշակերտները դասերից հետո դասադուլ են անում
12:10 Սառը ցնցուղ՝ Բաքվից․ «Հայաստանի կառավարության առաջարկն անիրատեսական է»
22:00 Հաց՝ անկախության դիմաց. սո՞վ է լինելու
16:50 Դուռը ջարդեցին, մտան ներս․ ինչ են պատմում թիվ 20 դպրոցի աշակերտները ԱԱԾ-ի ներխուժման մասին