Հանրության մեջ եղել են ու կան տգիտության կողմնակիցներ, կրթության հակառակորդներ, կրթությանը երկրորդական նշանակություն տվողներ։ Բայց երբ իշխանության ներկայացուցիչն է անկարևոր համարում դպրոցական պարտադիր կրթությունը, սովորելը, արհամարհանքով արտահայտվում ատեստատի մասին, սա արդեն ոչ միայն ծիծաղելի է, այլև մտահոգիչ։
Սեպտեմբերի 10-ին, ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծիք հայտնեց, թե մերօրյա աշխարհում դպրոցական ատեստատ ունենալը բնավ պարտադիր չէ։ «Օրինակ՝ մեր հայտնի ըմբիշ Ալեքսանյանն ատեստատ ունի՞, թե՞ չունի, ու՞մ է հետաքրքիր։ Այս մարդն, այդ գծով աշխարհի չեմպիոն է։ Մենք այդ ատեստատ ունենալու ծիծաղելի սինդրոմը տենց մեր մեջ պահում ենք։ Ատեստատն ինչի՞ համար է ժողովուրդ ջան։ Եթե գիտելիք ունի, ցանկացած բուհ կարող է ընդունվի։ Եթե ցանկություն ունես շարունակելու, ատեստատն ինչի՞դ է պետք։ Եթե ունես այդ գիտելիքը, եթե հայտնի ֆիզիկոս ես կամ քիմիկոս, ատեստատն ի՞նչ ես անում։ Ասենք՝ դժվա՞ր է քո գիտելիքը չափելը։ Ցանկացած քննություն կարող ես հանձնել աշխարհի ցանկացած բուհում և ընդունվել՝ առանց ՀՀ-ի կամ Հունգարիայի դպրոցի ատեստատ ունենալու։ Ասածս այն է, որ այս ստերեոտիպի ժամանակն էլ է անցել, եկեք տենց չվերաբերվենք։ Ես ռազմական գործիչ եմ ուզում դառնալ, դու ինձ ինչու՞ ես ասում չէ, պիտի մնաս, ատեստատ ստանաս։ Այդպես արեցինք, որ գեներալներ չունենք»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։
Ինչու՞ է հիմնավոր կրթություն ստացած, ՀՀ պետական կառավարման ակադեմիան ավարտած, իրավաբան, տնտեսագիտության թեկնածու, պահեստազորի ավագ լեյտենանտ, բազմափորձ պատգամավոր Բագրատյանն այսպիսի հակաքաղաքակրթական, հակասահմանադրական, վտանգավոր կարծիք հայտնում, և արդյո՞ք այս խոսույթը հրահանգված էր Նիկոլ Փաշինյանի կողմից։
Չնայած՝ ՔՊ-ական մի շարք պատգամավորներ, ԱԺ փոխնախագահը, ԿԳՄՍ նախարարը անիմջապես հայտարարեցին, որ չեն կիսում Բագրատյանի տեսակետը, քննադատեցին իրենց թիմակցին սխալ կարծիք հայտնելու համար, փորձեցին բացատել հանրակրության նշանակությունը, սակայն հանրակրթության նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների իրական վերաբերմունքը լրիվ արտացոլվում է Բագրատյանի մոտեցումների շրջանակում։
Օրեր առաջ կառավարության շենքում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ցանկություն հայտնեց, որ դպրոցում վաճառքի հմտություններ սովորեցնեն աշակերտներին, որ նրանք վաղը կարողանան իրենց աշխատանքը բարձր գնով վաճառեն։ Հետևաբար՝ եթե, ըստ Փաշինյանի՝ կարևորը վաճառքի հմտություններն են, իսկ դպրոցում այդպիսի գիտելիք, հմտություն չի մատուցվում, ապա տրամաբանորեն ենթադրելի է, որ դպրոցական կրթությունն անիմաստ է, անպետք, իսկ ատեստատը ծիծաղելի մի բան, ինչպես ասում է պատգամավոր Բագրատյանը։ Այսինքն՝ Փաշինյանը Բագրատյանի նման է մտածում։ Ուստի ենթադրելի է, որ Բագրատյանը Փաշինյանից է հրահանգ ստացել այսպիսի տեսակետ հնչեցնելու ԱԺ-ում։ Իսկ ինչու՞ է ՔՊ-ն այսպիսի խոսույթ զարգացնում, արդյո՞ք ուզում է խրախուսել անգրագիտությունը երկրում։
Ասում են թե, ՔՊ-ի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իր էլեկտորատի զգալի մասը թերի կրթություն ստացած, ողջախոհության պակաս ունեցող, հիմար-հիմար դուրս տվող և դրանից բարդույթավորվող մարդիկ են։ Այս առումով՝ Բագրատյանի հնչեցրած կարծիքը քարոզչական հնարք էր, որով ցույց տվեցին, որ ներդաշնակ են իրենց էլեկտորատին՝ ժողովրդի այն հատվածին, որը տգետ է, թերուս, կրթության դեմ է, այն համարում է անկարևոր, ավելորդ, հարամ։ Սա կոդավորված ուղերձ էր տգետ ընտրողին, որ չբարդույթավորվի ու չամաչի, որ դպրոց չի գնացել, ատեստատ չունի, այլև վստահաբար պաշտպանի ՔՊ-ին, քանի որ ՔՊ-ում ևս դպրոց չգնալու, դպրոցն ու ատեստատը ավելորդ համարող քարոզիչներ կան։
Այսպիսով՝ կարող ենք հիմնավոր կասկած հայտնել, որ առաջիկայում ՔՊ-ն ձգտելու է իրականացնել Բագրատյանի մոդելը։ Սկզբում կհալածեն ուսուցիչներին, նրանց անվերջ վերապատրաստման քշելով, հետո օպտիմալացման անվան տակ կամաց-կամաց կփակեն դպրոցները։ Իսկ վերջում կշրջվեն դեպի երեխաներն ու նրանց ուղիղ կոչ կանեն դպրոց չգնալ։ Իսկ քանի որ երեխաների մի մասը չեն ուզենա դպրոց գնալ, իսկ ծնողները, անսալով իշխանության ներկայացուցիչների քարոզներին, երեխաներին չեն ստիպի սովորել, ապա մի քանի տարի անց կտրուկ կաճի չարիքը մեր երկրում, քանի որ տգիտությունը չարիքի մայրն է։ Կաճի հանցավորությունը, քանի դպրոց չգնացողների մեծ մասը հանցագործ են դառնում։ Կաճի զոռբայությունը, ապօրինությունը, կոռուպցիան, պատեհապաշտությունը, քանի որ տգետների համար այսրոպեական շահն օրենքից, նորմից, սկզբունքներից ու արժեքներից բարձր է։ Ու եթե վաղն ինչ-որ բան սպառնա ժողովրդի ազատությանը, ապա տգետը չի էլ հասկանա վտանգը, ինչպես հիմա չեն հասկանում ՀՀ-ին սպառնացող իրական վտանգները։ Ահա այսպիսի աղետալի հետևանք կունենա հանրակրթության վերաբերյալ ՔՊ-ականների հակաքաղաքակրթական, հակասահմանադրական նկրտումները։
Թաթուլ Մկրտչյան