Ներքին 1 տարի առաջ - 22:00 04-09-2024

Առուշանյանը Փաշինյանին մեսիջ է հղում, որ ինքն այլևս ընդդիմադիր չէ․ քաղտեխնոլոգ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն օրերս հայտարարեց, որ իր դեմ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում չի համարում, քանի որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ Առուշանյանի այս հայտարարությունը խնդրահարույց է, քանի որ համայնքի ղեկավարի պաշտոնը քաղաքական է, և վերջինս ընտրվել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով, թեպետ ընտրվելուց որոշ ժամանակ անց դուրս է եկել կուսակցությունից։

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությանը օգոստոսի 16-ին Գորիս համայնքի ավագանուն էր ուղարկել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ․ մարտի 28-ին կայացրած դատավճիռը՝ կատարումն ապահովելու նպատակով։ Ըստ այդմ՝ ավագանուց պահանջել էր, որ Առուշանյանը պետք է պաշտոնանկ արվի։ Սակայն Գորիսի ավագանին չէր բավարարել Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու Պրոբացիայի ծառայության պահանջը։

Oragir.News-ը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց՝ որևէ կուսակցության համամասնական ցուցակով ընտրված քաղաքապետը կարո՞ղ է հայտարարել, որ քաղաքականությամբ չի զբաղվում, ինչին ի պատասխան քաղտեխնոլոգն ասաց, որ Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է։ Նա շեշտեց, որ ցանկացած ընտրված պաշտոնյա՝ անգամ որևէ մի գյուղի ավագանու անդամը, զբաղվում է քաղաքականությամբ։

/Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ/

Արմեն Բադալյանի համոզմամբ` Հայաստանում պաշտոնյաները միայն մի նպատակով են հայտարարում, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում՝ հույս ունենալով, որ իշխանություններին մեսիջ կհասնի, որ իրենք ընդդիմադիր չեն, իսկ իշխանություններն էլ իրենց համար խնդիրներ չեն ստեղծի․

«Հույս ունեն՝ վերևներին մեսիջ կհասնի, որ ընդդիմադիր չեն, Փաշինյանին դեմ չեն, թեկուզ ընտրված են, բայց քաղաքականությամբ՝ կուսակցական գործունեությամբ չեն զբաղվում, ինչպես դա անում են օրինակ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները։

Այսինքն՝ ինքն իրեն նոնսենս իրավիճակում է դնում, որովհետև քաղաքապետի, գյուղապետի, ավագանու անդամի, ԱԺ պատգամավորի ու բոլոր մնացած ընտրովի պաշտոնները քաղաքական են, և ովքեր զբաղեցնում են այդ պաշտոնները, իրենք քաղաքականություն են իրականացնում։ Եթե անգամ նրանք իրենց համայնքում՝ տվյալ դեպքում Գորիսում, որոշում են, թե տրանսպորտային գիծն ինչպես պետք է անցնի, դա կոչվում տրանսպորտային քաղաքականություն իրականացնել, բայց իրենք, քաղաքականություն ասելով, հասկանում են ԱԺ-ում ծավալվող ընդդիմադիր գործունեությունը»։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ Գորիսի համայնքապետը կրկին հայտնվեց իշխանությունների թիրախում, երբ վերջինս Նիկոլ Փաշինյանին այլևս չէր ընդդիմանում՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իշխանությունները պատրաստվում են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Նրա խոսքով՝ ընտրություններին ընդառաջ իշխանությունը բոլոր տեղերում ցանկանում է 100%-ով վստահելի քաղաքապետներ ունենա, որոնք կարող են լինել իր կուսակցության անդամները, կամ այն թեկնածուները, ովքեր ընտրվել են վարչապետից կախում ունենալու ճանապարհով։

«Տվյալ դեպքում Գորիսի ներկայիս քաղաքապետը վարչապետի շնորհիվ չի ընտրվել, նա համայնքում ունի հեղինակություն, և ոչ ոք չգիտի, թե իրադարձությունների զարգացման պարագայում 2026 թվականին նա իր հեղինակությամբ ում կաջակցի»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգը չի կիսում շրջանառվող այն տեսակետը, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ կատարվողը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա վերջերս ընդունել էր Սյունիքի մարզ այցելած Բագրատ Սրբազանին։ Նրա խոսքով՝ դա կարող է պատճառներից մեկը լինել, սակայն գլխավոր շարժառիթն այն է, որ 2026-ի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանին վստահելի համայնքապետներ են անհրաժեշտ։

«Բոլոր այն քաղաքապետները, ովքեր ՔՊ-ականներ չեն, որոնք նկատմամբ կասկածներ կան, որ 2026 թվականին նրանք կարող են անգամ 1%-ով ընդդիմության օգտին աշխատել, մաքրվելու են իրենց զբաղեցրած պաշտոններից, եթե իհարկե այս իշխանությունները մինչև 2026 թվականը մնան»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից