Ուղիղ եթեր
Ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք․ Fip
copy image url

Ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք․ Fip

Ներքին 9 ամիս առաջ - 17:26 03-09-2024
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ Գրում է Fip-ը։

1։25 րոպեանոց տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, շարքերով կանգնած, լսում ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգները։

Ուժեղացված ծառայություն իրականացնելու գործընթացում ներգրավված են եղել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության ոստիկանության զորքերի ծառայողներ ու պարեկներ։

Այնուհետև տեսանյութում շատ կարճ, լուսանկարներով ներկայացվում են ուժեղացված ծառայության արդյունքները՝ ստուգվել է 599 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել են հրացան, նռնակ, երկու ինքնաձիգ, երկու գազային ատրճանակ, տասը սառը զենք։

Ոստիկանության տարածած պաշտոնական տեսանյութում ցուցադրվում են գտածոյի լուսանկարները։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այդ լուսանկարները և պարզել, որ ոստիկանության ծառայողների գտածոն ամենևին էլ ինքնաձիգ, նռնակ կամ այլ արգելված ու մահացու զենք չէ, ինչպես ներկայացվում է տեսանյութում։ Դրանց մեծ մասը պարզապես խաղալիք է եղել։

Որպեսզի մեր ստուգման արդյունքն ավելի մեծ արժանահավատություն ունենա, մեկնաբանություն խնդրեցինք հրաձգության հրահանգիչ Հրայր Ավետիսյանից։ Նա ևս պնդեց, որ հայտնաբերված ու լուսանկարներում պատկերված իբրև թե զենք-զինամթերքի մի քանի օրինակները խաղալիքներ են ու հասանելի են հանրությանը, հատկապես՝ երեխաներին։

Օրինակ՝ լուսանկարում կարմիր լարով այսպես կոչված զենքը խաղալիք է, այսինքն՝ ՀՀ-ում գրանցման ենթակա չէ, բաց վաճառքում է ու սերտիֆիկացման ենթակա չէ։

«Շագանակագույն փամփշտատուփով զենք ներկայացվածը խաղալիք է, սթրայքբոլային է համարվում, էլեկտրական նասոսով խաղալիք է, մինչև 100 մ/վ արագությամբ պլաստմասե գնդիկներ է կրակում ու իմ և ձեր երեխաները կարող են մտնել խանութից առանց որևէ խնդրի գնել դա»,- ներկայացնում է Հրայր Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է տեսանյութում ներկայացված իբրև թե նռնակին, ապա դա սովորական հրավառության համար նախատեսված խաղալիք է, որը կարելի է ազատորեն գնել շուկայից։

«Ցանկացած մարքեթփլեյս որ մտնեք, փնտրեք страйкбольная граната, 3000-4000 դրամով հենց այդ նույն նռնակները հնարավոր է ձեռք բերել։ Արտաքինից նռնակի նման է, բայց դա զենք չէ»,- ասում է Ավետիսյանը։

Հանուն արդարության նկատենք նաև, ոստիկանության տեսանյութում երևում է նաև գազային ատրճանակ, որը, չգրանցված լինելու պարագայում, ՀՀ օրենսդրության պահանջով կարող է առգրավվել։

Այսպիսով, ոստիկանությունը սխալ, մանիպուլյատիվ տեղեկություն է տարածել՝ հանրության շրջանում ստեղծելով տպավորություն, թե իրականացված ուժեղացված ծառայությունը շոշափելի արդյունքներ է գրանցել և հայտնաբերվածն իրական զենք է։ Մինչդեռ, իրականում, ոստիկանությունը քաղաքացիների մեքենաներից մի քանիսից հայտնաբերել է ընդամենը խաղալիք զենք։