Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր գործուենության տարիներին հաճախ էր Հայաստանի նախկին իշխանություններին քննադատում՝ երկրի ինքնիշխանության մակարդակն իջեցնելու և արտաքին կախվածությունը մեծացնելու համար։ Նման հայտարարություններում Փաշինյանը երբեմն անցնում էր նաև կոռեկտության բոլոր թույլատրելի սահմանները՝ նպատակ ունենալով հաճոյանալ հասարակության լայն շերտերին և սպասվող ընտրական գործընթացներում հնարավորինս շատ քվեներ կորզել։
Իշխանության գալուց և հատկապես 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո Փաշինյանի հայտարարությունների բովանադակությունը որոշակիորեն փոխակերպվեց, և վերջինս սկսեց առիթը բաց չթողնել՝ հայտարարելու, որ ինքը պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության պահպանման համար, չնայած այն բանին, որ գործուենությամբ ամենամեծ հարվածն է հասցրել հիշյալ բարձրագույն արժեքներին։ Փաշինյանը անկախության և ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունից որպես կանոն խոսում է այն ժամանակ, երբ կանգնում է սեփական իշխանությունը կորցնելու վտանգի առաջ, իսկ երբ վտանգը անցնում է, իր խոստումների մասին մոռանում է․ օրինակ նախորդ սեպտեմբերին Արցախի լիակատար բռնազավթումից հետո վերջինս հայտարարում էր, որ առաջնորդելու է Հայաստանի անկախության պահպանման շարժումը, սակայն կարճ ժամանակ անց այլևս չխոսեց այդ մասին։
Անկախ պետական գլխավոր խորհրդանիշներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը Արտաքին գործերի նախարարությունն է, որը պետական կառավարման համակարգի լիազոր մարմինն է, մշակում և իրականացնում կառավարության արտաքին քաղաքականությունը: Հայաստանի բնակչության և համայն հայության մի զգալի հատվածը կարծում է, որ Խորհրդային Հայաստանը չի կարող անկախ պետություն համարվել, քանի որ վերջինս զրկված է եղել անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից։ Արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության կարևորությունը գիտակցելով՝ 2021-ի մայիսն հրաժարական ներկայացրեց 44-օրյա պատերազմի ավարտից օրեր անց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, որպեսզի, իր խոսքով, «երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։
Օրերս արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 28-ին Դիլիջանում Արարատ Միրզոյանի գլխավորությամբ շարունակվել են ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումները։ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տարբեր ուղղություններով երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման, նոր հնարավորությունների առավելագույնս իրացման հեռանկարների, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կադրային համալրման, բյուջետային ու վարչատնտեսական հարցերի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել նաև հանրային դիվանագիտությանն առնչվող թեմաների։
Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներն ուսումնասիրելով՝ նկատեցինք, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ով հանդիպմանը ներկայացել է փնթի տեսքով և առանց օձիքի շապիկով։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը Դիլիջանում կայացած հանդիպմանը հավուր պատշաճի պատրաստվելու հնարավորություն չի ունեցել, ինչի պատճառով էլ խախտել է արարողակարգը և հանդիպմանը ներկայացել իր տնային շապիկներից մեկով։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Դավիթ Կարապետյանը փնթի տեսքը զարմացրել է անգամ Արտաքին գործերի նախարարությանը, ովքեր վրդովվել են, թե ինչպես է ԱԳՆ գլխավոր քարտուղարը նման տեսքով ներկայացել հանդիպմանը։ Շատերին Կարապետյանի տեսքը հիշեցրել է Փնթի Սեթի հեքիաթի գլխավոր հերոսին, ինչը ԱԳՆ գլխավոր քարտուղարի դեպքում պարզապես անընդունելի է։
Հարց է առաջանում, թե Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի Պետական արարողակարգի ծառայությունը, որի գործունեության հիմնական նպատակը գործադիր իշխանության մարմինների մասնակցությամբ անցկացվող պետական արարողակարգային միջոցառումների իրականացման ապահովումն է, ինչպես է թույլ տվել, որ Դավիթ Կարապետյանը խախտի արարողակարգը ու նման տեսքով ներկայանա հանդիպմանը, ընդ որում այն դեպքում, երբ վերջինս նստել է Արարատ Միրզոյանի կողքին։ Հանուն արդարության նշենք, որ հանդիպման մասնակիցների շարքում եղել են այնպիսինները, ովքեր կոստյումով չեն եղել ու շապիկ են կրել, սակայն ի տարբերություն Դավիթ Կարապետյանի՝ վերջիններիս կրած շապիկները եղել են օձիքավոր, ինչը պետական արարողակարգը թույլ է տալիս։


Ստեղծված իրավիճակում կարող ենք 2 եզրահանգում կատարել․ կա՛մ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցները չեն նկատել, թե Դավիթ Կարապետյանն ինչ տեսքով է ներկայացել հանդիպմանը, հետևաբար վերջիններս ոչ կոմպետենտ են և չեն կարողանում իրականացնել իրենց ծառայողական պարտականությունները, կա՛մ պարզապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից այնքան են վախենում, որ վերջիններիս թույլ տված անգամ արարողակարգային խախտումները բարձրաձայնելու քաջություն չունեն։ Հաշիվ առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին Հայաստանի ԱԳՆ-ն ղեկավարում են ոչ թե կադրային դիվանագետները, այլ ՔՊ-ականները՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ապա կարծում ենք, որ հիշյալ 2 եզրահանգումներն են կյանքի իրավունք ունեն, իսկ թե դրանցից որն է հիշյալ իրավիճակի պատճառը, ցույց կտա ժամանակը։
Անկախ այն բանից, թե հիշյալ եզրահանգումներից իրականում որն է ԱԳՆ գլխավոր քարտուղարի կողմից պետական արարողակարգի կոպիտ խախտմամբ հանդիպմանը ներկայանալու պատճառը, այս լուսանկարները հերթական անգամ վկայում են, որ պետական բոլոր գերատեսչություններում, հատկապես վերին օղակներում տիրում է կառավարման տոտալ ճգնաժամ։ Սա պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը նշանակումներ կատարելիս առաջնահերթություն է տալիս ոչ թե տվյալ պաշտոնյայի պրոֆեսիոնալիզմին ու կոմպետենտությանը, այլ իր հանդեպ ունեցած լոյալությանը։ Չնայած նկատենք, որ կառավարության գործող ղեկավարն առանձնակի մեծ ընտրություն կատարելու հնարավորություն էլ չունի, քանի որ 2020 թվականից հետո որևէ պրոֆեսիոնալ անհատ չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվել ու մաս կազմել վերջինիս գլխավորած կառավարությանը՝ փաստացի խաչ քաշելով իր հետագա կարիերայի վրա։