Վարագավանում գյուղապետին ծեծելու միջադեպի հետ կապված երկու անձ ձերբակալվել է, նրանցից մեկին մեղադրանք է ներկայացվել
copy image url

Վարագավանում գյուղապետին ծեծելու միջադեպի հետ կապված երկու անձ ձերբակալվել է, նրանցից մեկին մեղադրանք է ներկայացվել

Ներքին 8 ամիս առաջ - 19:48 16-08-2024
Վարագավանում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ ձերբակալվել է, որոնցից մեկին մեղադրանք է ներկայացվել: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2024 թվականի օգոստոսի 15-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են նշված բնակավայրում կատարված զինված խուլիգանության և բռնությունների դեպքի քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր նույն համայնքի բնակիչներ են: Վարույթի շրջանակում վարչական ղեկավարը տուժող է ճանաչվել և ցուցմունք տվել դեպքի հանգամանքի շուրջ:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են վկաներ, կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատագենետիկական փորձաքննություններ:

Քննությամբ պարզվել է, որ Վարագավան գյուղի 28-ամյա և Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչները, ովքեր, քննության տվյալներով, բարեկամական կապեր ունեն, փորձել են ուժի գործադրման սպառնալիքով լուծում տալ Վարագավան բնակավայրում բնակվող իրենց մեկ այլ բարեկամի խնդիրներին և այդ նպատակով այցելել են բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ, հանդիպել նրա հետ։

Վարչական շենքում տեղի ունեցած հանդիպումը վերածվել է վիճաբանության և կռվի, որից հետո Վարագավան գյուղի 28-ամյա բնակիչը դիմել է փախուստի: Վարչական ղեկավարն իր ավտոմեքենայով հետապնդել է վերջինիս, որի ընթացքում Իջևան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին 56-ամյա տղամարդը, ով հանդիսանում է 27-ամյա երիտասարդի հորեղբայրը, ինչպես նաև նույն բնակավայրի 37-ամյա բնակիչը, վերջինիս կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, փակել են վարչական ղեկավարի ավտոմեքենայի ճանապարհը՝ այդպիսով փակելով նաև վերոգրյալ ճանապարհով երթևեկությունը:

Այնուհետև, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հաշվի չառնելով, որ գտնվում են հանրապետական նշանակության ավտոճանապարհին և իրենց գործողություններով խոչընդոտում են երթևեկությունը և անհանգստություն պատճառում ճանապարհով երթևեկող, ինչպես նաև՝ դեպքի վայրում հավաքված անձանց, նշված անձինք սկսել են հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ հնչեցնել վարչական ղեկավարի հասցեին և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ հասցրել նրան: Տեսնելով, որ ֆիզիկական ուժի գործադրմամբ չեն կարողանում ցանկալի մարմնական վնասվածքներ պատճառել նրան, 56-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված, վիճաբանության ընթացքում վարչական ղեկավարին մարմնական վնասվածք պատճառելու նպատակով դեպքի վայր տեղափոխված հրազենը, փորձել է լիցքավորել, սակայն վերջինիս հաջողվել է խլել այն, որը հետագայում վարչական ղեկավարի կողմից ներկայացվել է իրավապահներին:

Այնուհետև, ցանկանալով ամեն կերպ հասնել իր նպատակին՝ 56-ամյա տղամարդը փորձել է վարչական ղեկավարին վնասվածքներ հասցնել դանակով՝ այդ ընթացքում շարունակելով հայհոյել, սպանության սպառնալիքներ հնչեցնել, որի արդյունքում խաթարվել է հասարակական կարգը և խոչընդոտվել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի օրը՝ ժամը 22:45-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում՝ պետական սահմանը հատելու պահին, 56-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Վերջինիս ձերբակալելու որոշում է կայացվել:

Միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ավելի ուշ` օգոստոսի 16-ին, հանցանք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է նաև Բերդ համայնքի 37-ամյա բնակիչը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ապացուցողական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից