Երևան +16°
copy image url
Ներքին Խոսք 4 շաբաթ առաջ - 21:00 13-08-2024

ՀՀ-ում կան ծայրահեղ աղքատներ ու հարուստներ․ միջին աշխատավարձը մարդկանց իրական կենսամակարդակը չի արտահայտում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Tvyal.com տվյալների վերլուծության հարթակն օրերս հրապարակեց Հայաստանի տնտեսական մրցունակության վերաբերյալ իր վերլուծությունը, որում ներկայացրել է տարածաշրջանային երկրներում, այդ թվում Հայաստանում միջին ամսական աշխատավարձի չափը։ Վերլուծության համաձայն՝ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է․ այն կազմում է 637 դոլար։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ խիստ միջինացված ցուցանիշ է, որը ստացվել է նվազագույն և առավելագույն աշխատավարձերի միջինացման արդյունքում։ Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքացիների մեծ մասը ստանում է նվազագույն աշխատավարձ, որն այլևս չի ծածկում կենսաապահովման նվազագույն զամբյուղը։

«Իհարկե շատ ուրախալի է, որ հատկապես վերջին 2-3 տարիների ընթացում արձանագրվող տնտեսական բարձր աճով պայմանավորված Հայաստանը նման եկամուտներ է ստանում, սակայն այս երևույթը խիստ ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ այն պայմանավորված է և՛ վերաարտահանմամբ, և՛ հատկապես ռուս-ուկրաինական հակամարտությամբ։ Հայաստանի Հանրապետությունն այս հակամարտության բացարձակ շահառուն է դարձել։

Իհարկե կան նաև այլ օբյեկտիվ գործոններ՝ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը և այլն»,- ասաց նա։

Տնտեսագետը շեշտում է, որ երբ ծայրահեղ հարուստների ու ծայրահեղ աղքատների վիճակը միջինացվում է, ստացվում է, որ միջին աշխատավարձը բարձրացել է, բայց դա չի կարող երկար տևել։ Ըստ նրա՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից և խաղաղության հաստատումից հետո, այս իրավիճակը կտրուկ փոխվելու է։

«Որպեսզի այդ ավելորդ և մեզ խանգարող էյֆորիան չլինի, պարզապես համեմատության համար ոչ թե զարգացած երկրների, այլ մեր հարևան Թուրքիայի օրինակը բերեմ, որտեղ վերջին տարիների ընթացում թուրքական լիրան գերարժեզրկվել է, այնտեղ նվազագույն աշխատավարձը 4 անգամ գերազանցում է կենսսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը»,- ասաց նա։

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ Հայաստանում կեղծ մեկնարկներով ուրախանալու փոխարեն անհրաժեշտ է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի և աշխատավարձի շեմը։ Նա հիշեցրեց՝ Հայաստանում նվազգագույն կենսաթոշակից ստացվող իրական եկամուտը կրճատվել է, որովհետև թոշակառուն իր սպառողական զամբյուղի մեջ մտնող կոմունալ ծառայությունների վարձերը վճարելուց քեշբեք չի ստանում, ինչն անուղղակիորեն նվազեցնում է իր եկամուտները։

«Այսնպես որ նման գործոններ կան, որոնք առերևույթ չեն երևում, բայց ես բազմիցս ասել եմ՝ կենսաթոշակառուներին առաջնահերթ ուշադրություն է պետք դարձնել։ Նրանք այն մարդիկ են, ովքեր կայացրել են Հայաստանի Հանրապետությունը, այդ մարդկանց չի կարելի թողնել այն իրավիճակում, որում նրանք այսօր գտնվում են։ Այսինքն՝ նրանք կրկնակի անգամ ավելի քիչ են ստանում, քան չմեռնելու գինն է, խոսքը կենսաապահովման զամբյուղն է, ես դեռ չեմ խոսում սպառողական զամբյուղի մասին, որը շատ քիչ է»,- շեշտում է նա։

Մանասերյանը նկատում է, որ նման քողարկված ու թվացյալ թվերով պետք չէ ուրախանալ, որն, իր համոզմամբ, նույն բանն է, որ սկսենք ուրախանալ գնանկմամբ․ «Գնանկումը մոտավորապես 500 ապրանքատեսակներ է ներառում, իսկ իրական գնաճը, որը վերաբերում է առաջին անհրաժեշտության 10 ապրանքներին, դա իր մեջ բավականին լուրջ ռիսկեր է պարունակում։ Այնպես որ պետք է բնակչությանը իրականությունը մատուցել, ոչ թե նման միջինացված թվեր»։

Տնտեսագետը համաձայնեց Oragir.News-ի այն դիտարկմանը, որ մարդկանց իրական կեսնամակարդակը որոշվում է նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի տվյալներով, իսկ միջին աշխատավարձ շատ քչերն են ստանում։ Նրա խոսքով՝ Հայաստանում միջին խավի մարդիկ շատ քիչ են, մարդիկ հիմնականում կա՛մ ծայրահեղ աղքատ են, կա՛մ ծայրահեղ հարուստ, իսկ միջին աշխատվարձը ներկայացված ցուցանիշը ստացվել է ծայրահեղ հարուսների ու աղքատների աշխատավարձերը միջինացնելու արդյունքում։

«Չմոռանանք նաև, որ Հայաստանում կան աշխատող աղքատներ․ այսինքն՝ մարդիկ նվազագույն աշխատավարձը ստանում են, բայց իրենք դեռևս աղքատության շեմը չեն հաղթահարել։ Հատկապես 2 տարի առաջ, երբ Համաշխարհային բանկը և Միավորված ազգերի կազմակերպությունը վերանայեցին աղքատության վերին շեմը, Հայաստանի Հանրապետությունում դրանից հետո 42% աղքատություն արձանագրվեց։

Դա 2 տարի առաջ էր, այդ աղքատությունն ունի աճի միտում, ցավոք սրտի։ Սրան եթե ավելացնենք նաև Արցախի բնակչության բռնի տեղահանումն ու Հայաստան տեղափոխումը, ապա պետք է նշենք, որ այս մարդիկ կենսամակարդակի կտրուկ անկում են ունեցել, այժմ նրանք փորձում են ինչ-որ ձևով աշխատանքի տեղավորվել, նպաստներ են ստանում, որը բնականաբար նրանց կարիքները չի ծածկում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

adv_banner

Ամենից շատ դիտված

14:35 Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը
10:30 Դդումի կուտը միշտ չէ, որ օգտակար է․ ինչպես գցեցին և նստեցրին Առուշ Առուշանյանին
21:35 Ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը
22:14 Երևանում Ford-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը շպրտվել, կրկնակի վրաերթի է ենթարկվել Mazda-ի կողմից և տեղում մահացել. shamshyan.com
22:47 Հերթական արտակարգ դեպքը՝ Երևանում. հսկայական ծառը արմատախիլ է եղել ու ընկնել մեքենաների վրա. shamshyan.com
14:53 Տրակտորներով կապել, քաշքշում են, բայց շենքը չի քանդվում․ Պարույր Սևակում խառն են
09:25 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
22:30 Սեփական տուն, հողամասեր, միանվագ խոշոր գնումներ, 119 մլն դրամ եկամուտ․ Արսեն Թորոսյանի և կնոջ ունեցվածքը
19:21 6 եղբայր էին․ Շիրակում ավտովթարից մահացած տղամարդը Ջրաձոր գյուղից էր, ամուսնացած չէր
14:08 Երևանում Shacman բեռնատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհին կիսակողաշրջված հայտնվել է բետոնե պարսպի վրա. shamshyan.com