Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանը այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտարարությամբ է հանդես եկել, որ Արթուր Ալեքսանյանին պետք է հերոսի կոչում շնորհել․
Oragir.News-ը կապ հաստատեց պատմաբան Միքայել Մալխասյանի հետ, հասկանալու համար, թե ՀՀ-ում ո՞վ է արժանի արժանանալ Ազգային հերոսի կոչման, և կարելի՞ է այդպիսի կոչում շնորհել մարզիկին։
Չնայած՝ պատմաբանի կարծիքով՝ դա բավական բարդ հարց է, բայց նա փորձեց մեզ տալ ՀՀ-ում Ազգային հերոս հասկացության նշանակությունը, և պատասխանել, թե ինչ պետական պարգևներ կարելի է շնորհել մեծ նվաճումներ ունեցած մարզիկներին։
«Ես չեմ ուզում նսեմացնել մարզիկի ձեռքբերումները, որովհետև Արթուր Ալեքսանյանը մեր պատմության լավագույն մարզիկներից մեկն է։ Բայց մյուս կողմից չեմ հասկանում, թե Ազգային հերոսի թեման ինչքանո՞վ իրական կլինի։ Ազգային հերոսը պատմական որոշակի ուղի պետք է անցնի։ Օրինակ՝ տեսեք՝ մենք շախմատի բնագավառում ևս մեծ հաջողություններ ենք գրանցել, և 2 անգամ չեմպիոն դառնալուց հետո Հայաստանի շախմատի ազգային հավաքականի ներկայացուցիչներին հայրենիքին ծառայություն մատուցելու համար շնորհվել է 2-րդ, ապա 1 աստիճանի շքանշաններ, ինչը, ինձ թվում է՝ ճիշտ որոշում է։ Ինչքան ես եմ հիշում՝ մենք նախադեպ չունենք, որ մարզիկը Ազգային հերոս լինի, չկա նման ազգային մարզաձև։ Համենայնդեպս՝ մենք չունենք, որով միջազգային մրցույթի մասնակցելուց հետո Հայաստանը ունենա այնպիսի նվաճում, որով հնարավոր կլինի ազգային հերոս դառնալ։ Օրինակ՝ նայեք, եթե մեդալ նվաճեն այնպիսի բնագավառում, որը կարող է ազգին մղել, որ նա դուրս գա հոգեբանական փակուղուց, և այնպիսի ոլորտ է, որտեղ հաջողության հասնելը երբեմն անհնար է կամ բացառիկ հայերի համար, ապա դա կարող է տրամաբանությանը մոտ լինել։
Ուստի ուզում եմ հասկանալ՝ այս դեպքում ուղերձը ո՞րն է, որովհետև Ազգային հերոսի շնորհումը նաև քաղաքական որոշում է։ Եվ ահա, եթե նայենք ՀՀ-ի Ազգային հերոսների շնորհման տարեթվերին, ապա դրանք ունեն հստակ ուղերձներ»,- ասաց պատմաբանը։
Անդրադառնալով 2020 թվականի Արցախյան պատերազմին, պատմաբանը նշեց․
«Ազգային հերոսի կոչումը, մինչև 2020 թվականի հուլիսյան մարտերը, տրվում էր այն անձանց, որոնք դարակազմիկ քայլերով էին հայտնի։ Տարբեր ազգերի մոտ Ազգային հերոսի ընկալումը տարբեր է։ Մեզ մոտ այս կոչումը միշտ լուրջ քննության ենթակա է եղել։ Օրինակ՝ Ադրբեջանում ավելի հեշտ էին շնորհում մինչև 2020 թվականը, քան Հայաստանում, և մեզանից մոտ 10 անգամ ավելի շատ հերոսներ ունեին, չնայած, որ իրենք պրատված կողմ էին։ 2020-2021 թվականներին մեզ մոտ էլ սկսեցին շատ արագ շնորհել Ազգային հերոսի կոչումներ։ Եվ կրկին առանց ինչ-որ մեկի վաստակը նսեմացնելու, ուզում եմ ասել, որ դա բավականին տարօրինակ էր, երբ Ազգային հերոսի կոչումներ էին շնորհվում պարտության պարագայում։ Սա նման էր 1990-ականներին Ադրբեջանի որդեգրած ոճին, և դա այնքան էլ լավ տեղ չի տանում։ Ինչպես արդեն նշեցի՝ ավելի տրամաբանական կլինի, եթե սպորտում հաջողություն գրանցած անձը, ինչպես մեր շախմատի հավաքականի դեպքում եղավ, պարգևատրվի շքանշանով»։
Միքայել Մալխասյանը անդրադարձավ նաև հերոսների համադրելիությանը։
«Մենք հազարամյակներով ձևավորված հերոսների կերպարներ ունենք։ Եվ եթե ուզում ենք նրանց կողքին դնել ներկայիս Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսին, ապա նա պետք է լինի համընկնելի ֆիգուր, օրինակ՝ Վազգեն Առաջինի կերպարը, Մոնթե Մելքոնյանը և այլն»,- ընդգծեց պատմաբանն ու հավելեց,- «Որևէ մեկի մոտ չի կարող կասկած հարուցել այն փաստը, որ օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցը հերոս է։ Պարտադիր չէ, որ հերոսը ձիու վրա լինի կամ ռազմական կերպար։ Պետք է այնպիսի արարք գործի, որը ժամանակի փորձությանը դիմանա և շարունակի կայուն մնալ»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզում ընթացող Օլիպիական խաղերում նվաճեց արծաթե մեդալ։