Երևան +17°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 21:15 08-08-2024

Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք»-ից չի հրաժարվել․ բախվելով Իրանի վետոյին՝ Ալիևը ժամակավորապես առկախել է հարցը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի նախագահի հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նախօրեին հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն փոխադարձ համաձայնությամբ որոշել են տրանսպորտային հաղորդակցությունների բացման կետը հանել խաղաղության պայմանագրից, քանի որ կողմերն այս հարցի շուրջ տարաձայնություններ ունեն։ Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունից հետո Հայաստանում որոշ շրջանակներ սկսեցին պնդել, թե, իբր Ամիրբեկովի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Բաքուն հրաժարվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ից, և այս հարցը դուրս է եկել օրակարգից։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը շեշտեց՝ Ամիրբեկովի հայտարարությունը չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ից։ Նրա խոսքով՝ քանի որ այս փուլում «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի վրա կա տարածաշրջանային հիմնական խաղացողներից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետության վրա, ապա Ադրբեջանում և Թուրքիայում հավանաբար հասկացել են, որ միջանցքի բացումն այնքան էլ իրատեսական չէ։

«Իրենց անհրաժեշտ է, որ այս պահին ինչ-որ փաստաթուղթ ունենան, որով արևմուտքին՝ մասնավորապես Միացյալ Նահանգներին, կկարողանան ցույց տալ, որ կա որոշակի առաջընթաց, իսկ այսպես կոչված զանգեզուրյան պրոեկտը կմնա առկախված, և սա Ադրբեջանի համար կդառնա լրացուցիչ գործիք՝ հետագայում ինչ-ինչ միջոցներով իր նպատակին հասնելու համար։

Այսինքն՝ այս պահին իրենք ունեն պլան մինիմում և պլան մաքսիմում․ պլան մինիմումը տեսանելի ապագայում այսպես կոչված միջանցքը բացելու հնարավորություն ստանալն է, պլան մաքսիմումը՝ միջանցքը հենց այս պահին բացելն է։ Եթե պլան մաքսիմումն այս պահին ինչ-ինչ գործոններով պայմաններով չի աշխատում, ապա իրենք անցում են կատարում պլան մինիմումին, այսինքն՝ վերջնականապես չլուծել այս հարցը, քանի այս պահին հարցը լուծելն ու ինչ-որ փաստաթուղթ ստորագրելը նշանակում է հաղթահարել նաև իրանական վետոն, իսկ դա գոնե այս պահին իրենք չեն կարող անել»,- ասաց նա։

Քաղաքագետը կարծում է, որ այս պահին Անկարան և Բաքուն անցնում են պլան մինիմումին՝ փորձելով ստանալ ինչ-որ փաստաթուղթ, որպեսզի հիմնական աշխարհաքաղաքական դերակատարներին ցույց տան, որ բանակցություններ կան ու Ադրբեջանի նկատմամբ հավելյալ ճնշումներ բանեցնելու կարիք չկա։ Ըստ նրա՝ դրանից հետո արդեն Թուրքիան և Ադրբեջանը ձգտելու են Հայաստանի նկատմամբ տարբեր տեսակի ճնշումներ գործադրելու ճանապարհով հասնել այսպես կոչված միջանցքի բացմանը։

Անդրադառնալով Ամիրբեկովի այն հայտարարությանը, որ Հայաստանի վարչապետը ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը քննարկել է նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ քաղաքագետը նշեց՝ չի բացառում, որ այսպիսի խոսակցություն կարող էր լինել։

«Ավելին՝ վստահ եմ, որ ինչ-որ պահի հայկական իշխանությունների առաջ դրվել է այս հարցը, բայց միանշանակ ասել, որ Հայաստանի իշխանությունները համաձայնվել են, կամ չեն համաձայնվել՝ կարծում եմ գոնե այս պահին քննարկվելիք հարց չէ։ Ես կարծում եմ, որ այս հարցը հատկապես հիմա օրակարգ բերելով փորձ է կատարվում դա նաև մեր ներքին լսարանում լեգիտիմացնել ու վերջնականացնել, ինչպես նաև հայ ժողովրդին ինչ-որ կերպ համոզել, որ միևնույնն է սա արդեն լուծված հարց է, ու դա տեղի է ունենալու»,- նկատեց նա։

Պողոսայանը համոզմունք հայտնեց, որ սա վերջնականացված հարց չէ և չի կարող լինել, իսկ այս պահին հայ ժողովրդի դիմադրության թուլացումը բխում է ադրբեջանական կողմի շահերից։ Նրա խոսքով՝ այստեղ կիրառվում է օվերտոնի պատուհի տեխնոլոգիան․

«Երբ դու պարբերաբար խոսում ես այդ մասին ու քո հասարակությանը մատուցում ես, որ դա արդեն լուծված հարց է, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն արդեն դա քննարկել են՝ հաճախ գաղտնի և ժողովրդի թիկունքում, ու ժամանակի հարց է, թե տվյալ կետը Սահմանադրությունից երբ կհանվի, ապա ապրիորի ազդում ես ժողովրդի ենթագիտակցության վրա, և մարդիկ իրենց ներսում արդեն համակերպվում են թվացյալ կատարված իրողության հետ»։

Արա Պողոսյանը հավելեց, որ գուցե եղել է նման քննարկում, բայց այս խնդիրը խնդիրը վերջնականացված չէ։ Նա նաև ասաց, որ վերջնական լուծում ստանալու համար այս խնդիրը պետք է հաղթահարի հայ ժողովրդի վետոն, իսկ դա կլինի՞, թե՞ ոչ՝ կախված է Հայաստանի Հանրապետության ներքին գործընթացներից։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

09:50 «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
10:32 Վայոց ձորի մարզում մի քանի տոննա ապրանքով բարձված բեռնատարը կիսակողաշրջված հայտնվել է դաշտում. shamshyan.com
17:54 Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 6 վիրավոր. shamshyan.com
14:33 Քու լավը. ոստիկանները հայհոյելով բերման ենթարկեցին ճանապարհը փակած քաղաքացիներին
21:17 Ժողովրդին հայտնի Աբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկ․ shamshyan.com
17:01 3 երեխաների հայր էր․ շինաշխատանք կատարելիս ընկած և մահացած 37-ամյա տղամարդու հոգեհանգիստը կլինի վաղը
12:34 Երևանում վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներ. shamshyan.com
21:30 Ի՞նչ ղեկավար. կնիկը ավտո է քշում, մարդը շորտիկ է հագնում, ումի՞ց ինչ պահանջենք. անհետ կորածի մայր
23:21 Երևանի վրա քաղաքապետ չեկավ, Նիկոլն ում բերեց, Երևանն ավելի այլասերվեց. Վարդան Ղուկասյան
14:08 Էս ո՞վ ա, քշի, գնա․ Քասախի վարչական ղեկավարը՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող վարորդին