Ներքին 2 տարի առաջ - 09:10 19-07-2024

ԵՄ վիզայի ազատականացումն ի՞նչ կտա Հայաստանին ու քաղաքացուն 

Հանրության մի մասը ոգևորություն ապրեց հուլիսի 17-ին, երբ հայտնի դարձավ, որ տևական բանակցություններից հետո ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկին։ Ի՞նչ կտա Հայաստանին եվրավիզաների ազատականացումը։

Առաջին հերթին՝ այն ունի սոցիալ հոգեբանական նշանակություն։ Ավելի շատ մարդիկ կկարողանան մեկնել եվրոպական երկրներ շրջագայելու կամ աշխատելու նպատակով։ Հայտնի է, որ հայերի, հատկապես՝ մարզաբնակների մի մասը ավանդաբար մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի։ ԵՄ վիզայի ազատականացումից հետո նրանց մի մասը կարող է մեկնել աշխատանքի եվրոպական երկրներ։ Հաշվի առնելով, որ եվրոպական երկրներում ավելի բարձր է աշխատավարձը, ենթադրելի է, որ մարդիկ նույն աշխատանքն անելու դիմաց ավելի բարձր կվարձատրվեն։

Վիզայի ազատականացումը նաև կարող է խթանել կրթական ծրագրերը։ Ավելի շատ ՀՀ քաղաքացիներ հնարավորություն կունենան սովորել եվրոպական կրթօջախներում, վերապատրաստվել ու ստանալ եվրոպական ստանդարտների որակավորում։ Ի վերջո՝ ազատորեն եվրոպա գնալ-գալը կարող է որոշակի հստակեցնել մարդկանց պատկերացումները եվրոպական երկրների, եվրոպացիների, նրանց բարքերի, արժեքների մասին։ Այդ անկաշկանդ շփումն ու իրական պատկերացումները հնարավոր կդարձնեն խորացնել Հայաստանի և ԵՄ միջև տնտեսական փոխշահավետ գործակցությունը։

Կարևոր առաջընթաց է նախատեսվում նաև նախքան վիզայի ազատականացումը։ Հայաստանի առջև դրվելու են մի շարք պահանջներ։ Դրանց կատարումը էապես կբարձրացնի մեր պետության որակը։ Մասնավորապես՝ հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող պահանջների կատարումը, սահմանների պաշտպանության և անվտանգության մակարդակի բարձրացումը դրական հետևանք են ունենալու։

Գաղտնիք չէ նաև, որ ԵՄ-ի համար սկզբունքային է ՀՀ-ում ռուսական ազդեցության չեզոքացման հարցը։ Այսինքն՝ ԵՄ պահանջներից մեկը վերաբերելու է լյուստրացիային։ Սա ԵՄ անվտանգության խնդիր է հատկապես այսօր, երբ Մոսկվան ագրեսիվ, ծավալապաշտական նկրտումներ է դրսևորում։ Եվ ԵՄ-ի համար խիստ ռիսկային է, որ ՀՀ քաղաքացու անձնագրով ռուսական գործակալներն ազատ ու անվերահսկելի թափանցեն ԵՄ երկրները։ Այս պատճառով ԵՄ-ն պահանջելու է, որ ՀՀ իշխանությունը գաղտնազերծի ԿԳԲ-ի արխիվները, բացահայտի, թե ովքեր են երեկ և այսօր սպասարկում ռուսական շահերը։ Չի բացառվում նաև, որ սահմանների պաշտպանության վերաբերյալ պահանջների շրջանակում օրակարգ գա նաև հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններից ռուսական զորքերի դուրս բերման հարցը, որը ևս դրական ձեռքբերում կլինի ՀՀ անկախության տեսանկյունից։

Սակայն կա մեծ կասկած, որ Նիկոլ Փաշինյանն անելու է հակառակը, խոչընդոտելու է, որ ԵՄ վիզաներն ազատականացվեն։ Նկատենք, որ ԵՄ վիզայի ազատականացման թեման օրակարգ է մտել 2017-ի նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո։ Այս պայմանագրի ստորագրման մեծ ջատագով, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վիզաների ազատականացումն է մատնանշել որպես Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումից ակնկալող դրական հանգամանք։ Սակայն հարցն այսքան տարի ձգձգվել է, որովհետև Փաշինյանը չի համարձակվել խախտել 2018-ին ռուսներին տված խոստումները։ Ոստի՝ կա հիմնավոր կասկած, որ քանի դեռ նա իշխանության է, ամեն ինչ կանի, որ ՀՀ քաղաքացու համար ԵՄ վիզան չազատականացվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն