«Այստեղ շատ ակնհայտ թշնամություն կա։ «Հայոց պատմություն» բառացի նշանակում է հայ ժողովրդի պատմություն։ Հիմա եթե Հայաստանի պատմության մասին ենք խոսում, ուրեմն Կիլիկիայի հայոց թագավորության մասին չպիտի խոսենք։ Սա միտումնավոր թուրքական թելադրանք է։ Թուրքերը նախ ծրագիրը թելադրեցին հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարակաների, հիմա արդեն հասել են անունը փոխելուն, որն ուղղակիորեն նշանակում է՝ փոխել կամ ջնջել հիշողությունը, մանկուրտության դատապարտել այդ երեխաներին»,- Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը, անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որ «Հայոց պատմություն» առարկան դառնալու է «Հայաստանի պատմություն»։
Սրապիոնյանի դիտարկմամբ՝ հիմա Հայոց պատմությունը կփոխեն Հայաստանի պատմությամբ, հայ գրականությունը կփոխեն Հայաստանի գրականությամբ, հայոց լեզուն կփոխեն Հայաստանի լեզվով և այդպես շարունակ։ Նրա խոսքով՝ այսպես արմատահան են անում արժեքները։
«Եզան մի տեսակ, որ սերնդագործման ի զորու չի, բայց այ պոզահարման ի զորու է։ Սրանք հիմա պոզահարում են մեր ազգային արժեքները և իրենց անպատիժ են զգում։ Սրանք նախապատրաստվում են իրենց սերունդներին, այսպես կոչված՝ վիլայաթական իշխանությանը, որպեսզի գալիք սերունդները իրենցից վտանգ չներկայացնեն արդեն սրանց անփառունակ սերնդի համար։ Իրենց ենթարկվող սերունդ է պետք, որը հիշողություն չունի, ազգային գիտակցություն չունի և մանկուրտի նման, ինչպես կոլխոզներում ֆերմա էին պահում, այդ ֆերմայի կենդանիների նման կենթարկվեն շահագործման։ Սա է ամբողջ նպատակը»,- ասաց նա։
Գրականագետի համոզմամբ՝ այս իշխանությանը պիտի զրկել իշխանությունից, իշխանական լծակներից, որովհետև ըստ նրա՝ աշխարհում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ արդարադատության նախարարը կապ չունի իրավաբանության հետ, առողջապահության նախարարը կապ չունի առողջապահության հետ, պաշտպանության նախարարը կապ չունի պաշտպանության հետ։
«Այսինքն՝ հատուկ կերպով բոլոր գերատեսչությունների ղեկավարներ նշանակավում են դիլետանտների՝ մարդկանց, որոնք այդ ոլորտից առհասարակ գաղափար չունեն։ Եվ սա է պատճառը, որ այդքան հեշտությամբ կարողանում են ամեն ինչ անել, որովհետև ո՛չ ամոթ կա, ո՛չ ազգային զգացողություն, ո՛չ մտածողություն։ Սրանց գիտական բացատրություն տալու կարիք էլ չկա, որովհետև նախ՝ սրանք գիտական որևէ բան ընկալելու ունակ չեն, երկրորդն էլ սրանց պետք չի այդ գիտականությունը, ինչքան ուզում ես բացատրի։ 6000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի ամբողջ պատմությունը գրում են հավասարեցնում են քոչվոր ցեղերի պատմությանը։ Վտանգը այնտեղից եկավ, երբ այս տխմարները, որոնց ուղեղում տորիչելյան դատարկություն է, հայտարարեցին, որ 800 էջանոց «Վարդանանք» վեպը ուսանողը կամ աշակերտը չպիտի կարդա և այսպես կոչված՝ կրճատված տարբերակ բերեցին ասպարեզ՝ սպանելով հեղինակին և ստեղծագործությունը»,-եզրափակեց Սրապիոնյանը։
Հիշեցնենք՝ Կառավարությունը փոխում է «Հայոց պատմության» դասագրքի անվանումը, դարձնում «Հայաստանի պատմություն»։ Տարեսկզբից բուռն քննարկվող այս հարցը հանգուցալուծում ստացավ Կառավարության հուլիսի 11-ի նիստում, որտեղ այս մասին որոշում ընդունվեց։
«Իմ գնահատմամբ ՝ մենք մի պրոցեսի մեջ ենք, որ մենք հիմա փորձում ենք ըստ էության բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում է բոլորովին այլ կերպ», - Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: