Ներքին 2 տարի առաջ - 15:02 01-07-2024

Հայաստանի ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը. Փաշինյան

Դատախազությունը հուլիսի 1-ին նշում է հիմնադրման 106-ամյակը, որի կապակցությամբ կայացավ ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ և հանձնվեցին պետական պարգևներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նիստի մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորեց բոլորին դատախազության կազմավորման 106-ամյակի և մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ:

«Պարո՛ն վարչապետ, շնորհակալ ենք մեզ համար խորհրդանշական այս օրը Գլխավոր դատախազություն այցելելու և Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Դատախազության լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական բարեփոխումներին աջակցելու և իրավակարգի ու օրինականության ամրապնդմանն ուղղված Դատախազության նախաձեռնություններին սատարելու համար»,- ասաց նա։

Վարդապետյանն ընդգծեց՝ դատախազության աշխատանքի արդյունավետության գնահատողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։

«Գովեստի ու քննադատության հեղինակը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Ես վստահ եմ, որ նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը, աշխատասիրությունն ու հոգատարությունը, աշխատանքում մարդակենտրոն ու հայրենասեր մոտեցումներն անխուսափելիորեն նվազեցնելու են հանրային քննադատությունն ու բարձրացնելու են մեր նկատմամբ վստահությունը։

Գնահատականը թողնելով ժամանակի ու քաղաքացու դատին՝ ես այսօր ուզում եմ Ձեզնից յուրաքանչյուրին անհատապես ասել՝ շնորհակալ եմ, շնորհակալ եմ Ձեզ ամրության, ազնվության և պրոֆեսիոնալիզմի համար»,- ընդգծեց Վարդապետյանը։

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորեց դատախազությանը հիմնադրման տոնի առթիվ և շնորհակալություն հայտնեց դատախազներին իրենց կատարած աշխատանքի համար։

«Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և տրամաբանությամբ՝ չենք կարողացել այդ ակնկալիքը առնվազն լիարժեք կերպով հասցեագրել և իրականացնել։ Այս առումով, իհարկե, դատախազության դերը երկրում արդարության և արդարադատության զգացում ձևավորելու իմաստով դժվար է գերագնահատել»,- ասաց վարչապետը։

Ելույթներին հաջորդեց առաջին անգամ դատախազի պաշտոնը ստանձնող տասը դատախազի երդման արարողությունը, որից հետո Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը և ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, իսկ ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանն ու Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան