copy image url
Ներքին 3 օր առաջ - 17:20 26-06-2024

Կոպտագույն խախտում է՝ սենյակներում կարող էին կիսամերկ մարդիկ լինել․ փաստաբանը՝ մերսման սրահներ մտնելու մասին

Երևանի քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ «Համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է» վերնագրով։ Տեսանյութում երևում է, որ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները՝ Արամ Գյուլզադյանի գլխավորությամբ, ստուգայց են իրականացնում Երևանի քաղաքի մերսման սրահներում։ Սակայն տեսանյութում երևում է նաև, որ ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցները մի քանի ոչ իրավաչափ գործողություններ են իրականացնում։

Մասնավորապես ոստիկանը ու քաղաքապետարանի աշխատակիցը անուղղակի արգելում են մերսման սրահի աշխատակցին տեսանկարահանել գործընթացը, մինչդեռ՝ օրենքով նման արգելք չկա։ Ինչպես նաև՝ առանց որևէ զգուշացման, ներծուժում են առանձնացված սենյակներ։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության հետ, հասկանալու, որքանո՞վ են իրավաչափ ոստիկանության և քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցների գործողությունները։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Oragir.News-ին առաջարկեցին հարցերն ուղղել ոստիկանություն, քանի որ ստուգայցը համատեղ էր՝ ոստիկանությունն ու քննչական մարմիններն էլ էին ներգրավված։ Իսկ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում ի՞նչն է թույլատրելի։

«Մեր լիազորությունների մեջ գործունեության կասեցում չի մտնում։ Քննչական գործողություններ, ոստիկանության կողմից արված այլ գործողություններ իրենց է վերապահված։ Ուղղակի մենք մեր մասով մասնակցել ենք ստուգայցին։ Քանի որ կա խնդիր, և քրեական գործի հետ կապված նաև քրեական գործ է հարուցված, դա իմ կարծիքն է՝ պաշտոնապես չեմ ուզում իրենց տիրույթ մտնեմ։ Դրա համար ձեզ առաջարկում եմ այդ հարցը ուղղել ոստիկանության գործընկերներին»,- ասաց Երևանի լրատվության վարչության աշխտակիցը։

Oragir.News-ը կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, ով մեր հարցին հարցով արձագանքեց, թե ինչու՞ քաղաքապետարանից չենք ճշտում։

«Իրենց տարածած նյութի վերաբերյալ ինֆորմացիա իրենցից ճշտեք։ Մենք երբ կունենանք պաշտոնական տեղեկատվություն, կհետևեք մեր պաշտոնականին։ Դուք հիմա հետևել եք քաղաքապետարանի պաշտոնականին՝ մյուս մանրամասներով դիմեք իրենց»,- ասաց Գաբրիելյանը։

Oragir.News փորձեց կապ հաստատել նաև ստուգայցն իրականացնող Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանի հետ։ Ընդունարանի աշխատակիցը առաջարկեց զանգահարել Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժին զանգահարել.

«Պաշտոնական պարզաբանումներ լրատվական բաժինն է տալիս, փորձեք իրենց հետ կապվել, հարցը ուղղեք իրենց, պետը կպատասխանի»։

Խնդրի առնչությամբ փաստաբանները կարծում են, որ ոստիկանության և քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների գործողությունները իրավաչափ չեն․

«Փակում են լավ են անում, բայց մարդկանց անձնական կյանքը և անձնական, անհատական տվյալները պաշտպանվելու իրավունք ունեն։ Եվ այստեղ անձնական տվյալների խնդիր կա։ Պարզ է չէ՞, որ եթե այդ սենյակներում են, ուրեմն ինչ-որ ինտիմ վիճակում են, կամ կիսամերկ, կամ, չգիտեմ՝ էական չէ։ Դա իրավունքի կոպտագույն խախտում է։ Վարչական մարմնի աշխատողների վարչական վարույթի աշխատանքները և հանրային պաշտոնատար անձանց նկարելու իրավունք ունի ցանկացած քաղաքացի։ Որևէ մեկը չի կարող հանրային պաշտոնատար անձին իր ծառայողական պարտականությունները կատարելիս նկարելու սահմանափակում մտցնել կամ արգելել»։