Երևան +20°
copy image url
Ներքին 2 օր առաջ - 09:00 26-06-2024

Ե՞րբ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը 

ՔՊ-ական իշխանությունների և Արևմտյան գործընկերների լավատեսական հայտարարությունները, թե Խաղաղության համաձայնագիրը գրեթե պատրաստ է և կարող է ստորագրվել առաջիկայում, թերահավատություն է ներշնչում։ Այսպիսի կասկած հայտնելու մի քանի հիմնավոր պատճառ կա։

Նախ հարկ է հավելյալ ընդգծել, որ Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Մոսկվայի դերակատարությունը տարածաշրջանում ձգտելու է զրոյի։ Սա երևում է նույնիսկ բանակցային ընթացքում։ ՌԴ-ն որոշակի հեռանում է կողմերի ամեն նշանակալի պայմանավորվածություններից հետո։ Օրինակ՝ մի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը ռուսներին դուրս հրավիրեց Արցախից։ Հերթական խմբագրումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից և հայ-ադրբեջանական սահմանից դուրս հրավիրվեցին ռուսները։ Սա նշանակում է, որ Խաղաղության պայմանագրի ստորագրման նախորդ օրը ռուսները պարտավորվելու են լրիվ հեռանալ տարածաշրջանից։ Սակայն նրա հեռանալու նշաններ այս պահին չկան։

Մոսկվան բազմիցս է ակնարկել, որ դեմ չէ խաղաղությանը, սակայն հիշեցրել է Նոյեմբերի 9-ի 9-րդ կետի մասին։ Այսինքն՝ հավակնում է մեծացնել իր իրավունքներն ու ազդեցությանը ՀՀ-ում։ Ադրբեջանը ևս մատնանշում է ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերն ու ՀՀ-ի սուվերենության մասին կասկած հայտնում, ակնարկելով, որ Մոսկվան իրավունք ունի համաձայնագրի երաշխավոր լինել, քանի որ ՀՀ քաղաքականությունը որոշում է Մոսկվան։ Այսպես Մոսկվան փորձում է ժամանակ ձգել այնքան, մինչև կկարողանա ՀՀ-ից պոկել միջանցքը։

Ադրբեջանը նույնպես չի շտապում ստորագրել, քանի որ պատերազմի շարունակության սպառնալիքով կարողանում է Նիկոլ Փաշինյանից զիջումներ կորզել։ Օրինակ՝ Տավուշի մարզի սահմանակից գյուղերը հանձնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը Ալիևի անունից ժողովրդին սպառնաց պատերազմով։ Արդյունքում պիլոտային սահմանզատման անվան տակ Ադրբեջանին հանձնվեցին որոշ տարածքներ։ Ալիևը այս ձեռքբերումից մեծամտանալով, հավանաբար՝ հույս ունի, որ առաջիկայում ևս կկարողանա պարտադրել զիջումներ, որոնց շարքում ամենաէականն, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքն» է։ Իսկ Փաշինյանը նույն կերպ կարող է վախեցնել ժողովրդին և կատարել Ալիևի պահանջներն ու դրանից հետո խաղաղ հեծանիվ քշել առավոտվա ժամերին, կարծես՝ ոչ մի բան չի եղել։

Այսպիսով՝ ձևավորվել է ռուս-ադրբեջանական, հակաքաղաքակրթական դաշինք, որը չի ձգտում խաղաղության, քանի որ առանց համաձայնագրի էլ կարողանում են Հայաստանից ստանալ այն ամենն, ինչ ցանկանում են։ Իսկ Փաշինյանն էլ անվրդով վայելում է իշխանությունը, հույս ունենալով, որ կարող է վերընտրվել նաև 2026-ին։

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ խաղաղության գլխավոր շահառուներն Արևմուտքն ու Եվրամիության երկրներն են։ Նրանք հույս ունեն, թե Հարավ-հյուսիս միջազգային ճանապարհի բացումից հետո միջազգային ակտիվ առևտրաշրջանառության նպաստավոր պայմաններ կստեղծեն Հնդկաստանից դեպի Եվրոպա։ Այս գործանական հետաքրքրությամբ է պայմանավորված ԱՄՆ-ի, ԵՄ-ի մերձեցումը Հայաստանի հետ։ Հայ-ադրբեջանական կարգավորումը Վաշինգտոնին կամ Բրյուսելին հետաքրքրում են ոչ թե այն բանի համար, որ հայ ժողովուրդը մի քանի հազարամյա մշակույթ կամ պատմություն ունի, այլ նշված առևտրային ճանապարհների գործարկման համար։

Սակայն ՔՊ-ական իշխանությունը իրական քայլեր չի անում եվրաինտեգրացիայի, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում։ Նրան կաշկանդում են մի կողմից՝ ռուսների հետ ունեցած կուլիսային պայմանավորվածությունները, մյուս կողմից՝ վախը, որ խաղաղության հաստատումից և տարածաշրջանից ռուսների հեռանալուց հետո նա կարող է չվերընտրվել, պարտվել և դուրս մղվել քաղաքականությունից։ Այս է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի շահերին հակասող նախաձեռնությամբ հանդես չի գալիս և լռելյայն ուզում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգվի, որպեսզի մի քանի օր էլ երկարաձգվի ռուսական ներկայությունը և փաշինյանական իշխանությունը Հայաստանում։

Պարզ ասած՝ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել երկու դեպքում՝ երբ Հայաստանն ու Ադրբեջանը կուզենան անկախ լինել, ազատվել ռուսական կապանքներից, կամ երբ ՌԴ-ն կպարտվի պատերազմում, կապիտուլյացիա կստորագրի, որի կետերից մեկով կպարտավորվի հեռանալ մեր տարածաշրջանից։ Այսօրվա դրությամբ՝ այս երկու պայմաններն էլ հեռու են բավարարվելուց։ Ո՛չ Մոսկվան է մտադիր կապիտուլյացիա ստորագրել ու հրաժարվել տարածաշրջանային հավակնություններից, ո՛չ էլ Հայաստանում կա քաղաքական կամք, Մոսկվային ասելու՝ մնաս բարով։

Թաթուլ Մկրտչյան