Ներքին 2 տարի առաջ - 17:10 28-06-2024

Խաչատուր Սուքիասյանն ընդլայնում է իր բենզինային կայսրությունը․ ո՞վ դրանից կշահի

Մերձիշխանական լրատվամիջոցները երեկվանից տեսանյութեր են տարածում, թե միջազգային բարձր հեղինակություն ունեցող «Gulf» ապրանքանիշը գալիս է Հայաստան, և այն իրականություն է դառնում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ» ընկերության շնորհիվ։

«Վառելիքի շուկան կունենա նոր բրենդ, որն արդեն հայտնի է աշխարհի բազմաթիվ երկրներում և կսահմանի սպասարկման և որակի չափանիշներ հայաստանյան շուկայում»,- նշվում է տեսանյութում։

Նախատեսվում է մինչև սեպտեմբեր Հայաստանի տարբեր քաղաքներում ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան 10 լցակայան, որոնց թիվը գնալով կավելանա։ Լցակայաններից յուրաքանչյուրը կունենա կից գործող շուրջօրյա մարկետ, սննդի կետ, սանհանգույցներ։

«Սրանով «Sil capital»-ը նոր ճանապարհ է հարթում միջազգային խոշոր ներդրումային ընկերություններին Հայաստան բերելու ճանապարհին»,- նշվում է հայտարարությունում։

Այս ամենի ֆոնին մտահոգություններ են հնչում, որ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ձեռամբ Հայաստանում հերթական մոնոպոլիան է գրանցվելու։

Ուստի՝ չի բացառվում, որ «Gulf» ընկերության՝ Հայաստան մուտք գործելուց հետո, բազմաթիվ բենզալցակայաններ կփակվեն։

Հայաստանի աուդիտների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց, որ ցանկացած ոլորտում նոր խաղացողի շուկայում հայտնվելը ենթադրվում է, որ այն 2 տեսակի ազդեցություն պետք է թողնի։

«Առաջինը, պետք է գնային քաղաքականության վրա ազդեցություն թողնի, այսինքն՝ գնանկում պետք է նկատվի շուկայում, քանի որ նոր խաղացողի հայտնվելը նշանակում է մրցակցության ավելացնում։ Երկրորդը՝ որակի բարելավում։

Բայց մենք ունենք դառը փորձ՝ «Shell»-ի հայտնվելը Հայաստանի վառելիքի շուկայում։ Դրա հայտնվելուց հետո վառելիքի շուկայում գները շատ ավելի բարձրացան։

Հիմա՝ «Gulf»-ի հայտնվելուց հետո, եթե առաջնորդվում ենք դասական, տնտեսագիտական կանոններով, ապա շուկայում պետք է նկատենք և՛ վառելիքի գնանկում, և՛ որակի բարելավում։ Բայց քանի որ դառը փորձ ունենք, այդ ակնկալիքը չունեմ»,- ասաց Աուդիտների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ «Gulf» ընկերությունը կարող է մոնոպոլ դիրք գրավել, Սարգսյանն ասաց, որ այդ մտավախությունն, իհարկե, կա․

«Որովհետև քաղաքականությունն ու բիզնեսը պետք է անպայման տարանջատել։ Եթե տարանջատման սկզբունքով չեն առաջնորդվել, հետևաբար իշխանական լծակները շատ ավելի լայն են, քան սովորական քաղաքացիներինը, հետևապես կարող է տեղի ունենալ իրավունքների և լիազորությունների սահմանազանցում, և իշխանական լծակներն ու իրավասություններն կօգտագործվեն ի շահ իրենց բիզնեսի։ Այս պարագայում կա նման ռիսկ, բայց մինչև չտեսնենք իրականությունը, չենք կարող դրա մասին խոսել»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան