«Վստահեցնում եմ՝ իմ ղեկավարած ժամանակ, թե՛ ԵԱՍՄ-ում, թե՛ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում փողերի լվացում չէր կարող լինել»,- այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ, ապա «Երևան ավտոբուս» ՓԲԸ նախկին տնօրեն Հովհաննես Մանուկյանն, անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե չարաշահումներ է թույլ տվել, ինչի փաստով վարույթ է հարուցվել։
Հովհաննես Մանուկյանը ԵԱՍՄ տնօրենի պաշտոնում աշխատել է 2022-2023 թվականներին, իսկ 2023 թվականի մարտին նշանակվել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն։ 1 տարի անց սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Oragir.News-ը Հովհաննես Մանուկյանից նախ հետաքրքրվեց, թե ինքնակա՞մ է ազատվել պաշտոնից, թե՞ պահանջ է եղել։
«Ինքնակամ եմ դուրս եկել, բայց մի քիչ հարցեր կային վարչության հետ կապված, իբր ես չէի կարողանում ստվերը վերացնել։ Բայց ես էլ ասում էի, որ խնդիրը ամբողջությամբ կլուծվի, երբ միասնական տոմսային համակարգը գործարկվի, ու վարորդը կանխիկ գումարի հետ գործ չունենա։
Ուղևորների 50-60 տոկոսը ոչ թե դրամարկղի մեջ է գումարը գցում, այլ վարորդին է վճարում, երևի՝ այդքան 100 դրամ չլինելու պատճառով։ Վարորդն այդ իրավունքն ունի, որ գումարը վերցնի և մանրը հետ տա, դա նաև քաղաքապետի հրամանով էր։
Ես համաձայն եմ, որ վարորդը գումարի հետ ընդհանրապես կապ չունենա և ստանա նորմալ աշխատավարձ։ Ինչևէ, սեպտեմբերին պետք է միասնական տոմսային համակարգը ներդրվեր, որը կարծում եմ՝ սարերի հետևում է։ Չեմ կարծում, որ սեպտեմբերին կլինի, քանի որ պետք է որոշակի բաներ հաշվի առնել՝ տարածաշրջան, մտածելակերպ և այլն»,- ասաց Մանուկյանը։
Ճշտող հարցին՝ ինչպե՞ս եք պարզել, թե քանի տոկոսն է մնում ստվերում, և որտեղի՞ց այդ 40-60 տոկոսային հարաբերակցությունը, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ ավտոբուսում առկա տեսախցիկներով էին ուսումնասիրությունը կատարել։
Դիտարկմանը, որ ավտոբուսների վարորդների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ միլիոնավոր դրամներ են անհետացել, և նաև դա է եղել ազատման պատճառներից մեկը, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ նախկին տնօրենն այսպես արձագանքեց։
«Ճիշտն ասած ես լսեցի, որ իբր 4 միլիոն դրամից ավելի հավաքագրում է եղել, բայց դա իրականությանը չի համապատասխանում։
Հաջորդ երկուշաբթի՝ գործակարգավարական նիստի ժամանակ, զեկուցվեց, որ 4 միլիոն դրամ պակաս է եղել նախորդ շաբաթվանից։ Իմ ղեկավարած 1 տարում մինչև 29 միլին 200 հազար դրամ հասել է, բայց դա այնպես չէ, որ ամեն օր է այդպես եղել, մի օր կարող է 29 միլիոն լինել, մի օր կարող է 28 միլիոն։ Այսինքն՝ մինիմումը պետք է լինի 25 միլիոն, 25-ից մինչև 29 միլիոն տատանվել է։ Դասեր կա՞ն, թե՞ ոչ, ուսանողների պահը։ Բացի այդ՝ ուղևորահոսքի հետ կապված՝ երկուշաբթին ուրիշ է, ուրբաթը՝ ուրիշ, դժվար է ասել 4 միլիոն, վերջը աուդիտ կա նստած, հիմա աուդիտը վերջացել է, թող գնա զեկուցի՝ նման բան կա՞, թե՞ չկա։ Կարծում եմ՝ նման բան չեն կարող զեկուցել, որ 4 միլիոնի տարբերություն է եղել։ Եթե 4 միլիոնի տարբերություն է եղել ուրեմն տնօրենի զեկուցագիը պետք է 33 միլիոն լիներ, այդ ժամանակ կասեի՝ այո՛, ճիշտ է ասել։
Բայց նշված տնօրենը՝ Սամվել Նազարյանը, ընդհանրապես կապ չի ունեցել ավտոբուսի հետ։ Թեպետ՝ նրան ազատել են աշխատանքից։ Հիմա ուրիշ տնօրեն է։ Համենայն դեպս՝ քաղաքապետի հետ որևէ խնդիր չի եղել, երևի՝ սխալ բան են զեկուցել»,- ասաց Մանուկյանը, ապա հավելեց, որ մինչ օրս Երևանի քաղաքապետարանից որևէ մեկը կապ չի հաստատել իր հետ և ներողություն խնդրել կատարվածի վերաբերյալ կամ հակառակը՝ պնդել, որ իրոք չարաշահումներ են եղել։
Անդրադառնալով երեկ մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ԵԱՍՄ-ում իր պաշտոնավարման տարիներին 1 միլիարդ դրամի չարաշահումներ են տեղի ունեցել, և որ այդ փաստով վարույթ է հարուցվել, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ նման բան չի եղել, ոչ էլ որևէ մեկն իրեն հրավիրել է հարցաքննության։
«Ես 2022-2023 թվականներին եղել եմ աղբահանության հիմնարկի տնօրենը, և գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ Վերահսկողության վարչության պետը զեկուցել էր, որ 22-23 թվականներին ստուգումների արդյունքում չարաշահումներ են եղել։ Իբր՝ 2022 թվականին 14 հազար հատ աղբաման անհատույց օգտագործման տրվել է ԵԱՍՄ հիմնարկին, այդ ժամանակ ես եմ եղել տնօրենը։ Այո, իհարկե, տվել են։ 2019-2020 թվականներին Երևանի քաղաքապետարանը 14 հազար հատ աղբաման է ձեռք բերել, և 2022 թվականին 14 հազար հատ հանձնել են ԵԱՍՄ հիմնարկին, որտեղ այդ ժամանակ տնօրենը ես եմ եղել։ Նույն հրամանի մեջ, եթե վարչության պետը կարողանում է զեկուցի, որ քաղաքապետարանը 14 հազար հատ աղբաման է տվել ԵԱՍՄ հիմնարկին, ապա պետք է այդ նույն հրամանի մեջ կարդար, որ գրված է՝ գույքագրել և խոտանել։
Ոչ միայն վարչության պետը, այլ ցանկացած մարդ, որը փողոցում քայլում է և 1 անգամ աղբաման տեսել է իր կայնքում, կամ աղբ է գցել, կտեսներ, որ այդ աղբամանը կոտրվում է, գոնե կտեսներ, որ վերանորոգած աղբամաններ կան փողոցում։ Կոտրված 2-3 աղբամանից ԵԱՍՄ հիմնարկը 1 աղբաման էր սարքում։
Ի վերջո բոլորն են տեղյակ, որ կոտրված բոլոր աղբամանները գտնվում են Բագրատունյաց փողոցի տրոլեյբուսների պարկում՝ ԵԱՍՄ հիմնարկում տեղ չլինելու պատճառով։ Դրա մասին տեղյակ է եղել նաև Երևանի քաղաքապետը։
Կոմունալ վարչությունը այդ կոտրված աղբամանները՝ ջարդոնները, պետք է գույքագրեր և խոտաներ, բայց մինչև հիմա դա արված չէ։ Ես ուզում եմ իմանալ, թե իմ մեղավորությունը որտե՞ղ է, որ վարչությունը ելնում և ասում է 22-23 թվականներին նման բան է եղել։
Այդ զեկույցի հաջորդ երկուշաբթի օրը քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը զեկուցում է, որ ԵԱՍՄ հիմնարկից փաստարկներ են բերվել, որ աղբամանները կոտրված գտնում են քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ինչ-որ մի տարածքում, չի նշվում՝ տրոլեյբուսի պարկում։
Չգիտես ինչու՝ երեկ մամուլը որտեղից, ինչ տվյալներ վերցնելով, արդեն անձնավորած գրել էր, որ Հովհաննես Մանուկյանը լինելով ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն 1 միլիարդ դրամի չարաշահում է արել։
Ես ուղղակի մի բան կասեմ, եթե իմ վրա նման չարաշահում կա, իմանամ, ո՞ր ուժային պետք է գնամ ներկայանամ։ Ես, ինքս կգնամ ու կներկայանամ։ Ես հորդորում եմ ուժային կառույցներին՝ թող մեղավորներին պատժեն և զրպարտողներին նույնպես․․․
Ես կարող եմ ասել, որ աղբահանության կազմակերպման ամենալավ տարին եղել է 2022 թվականը, երբ ես ԵԱՍՄ-ից դուրս եմ եկել, բոլորս էլ տեսել ենք, թե քաղաքում ինչ է կատարվել։ Նույնը՝ ավտոբուսների ոլորտում․․․»,- ասաց Մանուկյանը։
Ամփոփելով զրույցը, քաղաքապետարանի նախկին պաշտոնյան ասաց, որ թե՛ ԵԱՍՄ հիմնարկը, թե՛ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն Երևանի քաղաքապետարանի ամենահզոր հիմնարկներն են, որոնք նաև Երևանի դեմքն են.
«Նշված 2 հիմնարկում էլ պետք է լինեն գիտակ մարդիկ»։