Երեք տարի առաջ այս օրը՝ 2021 թվականի հունիսի 20-ին, Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք աննախադեպ էին մի շարք առումներով։ Այս ընտրությունները ոչ միայն չհանգուցալուծեցին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված ներքաղաքական և բարոյական ճգնաժամը, այլև՝ ավելի խորացրեցին այն։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին նախևառաջ այն առումով, որ դրանցում հաղթեց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի կառավարման առաջին շրջանում տեղի ունեցած 44-օրյա պատերազմում հայկական կողմը ծանր պարտություն կրեց, զոհվեցին շուրջ 5 հազար զինծառայողներ, իսկ Արցախի Հանրապետության տարածքի ավելի քան 75 տոկոսը անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Պատերազմում պարտված ուժի հաղթանակը աննախադեպ երևույթ էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։
Ընտրություններում ՔՊ-ի հիմնական մրցակիցը քաղաքական ասպարեզ վերադարձած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն էր, որը ստացավ ձայների միայն 21%-ը՝ չնայած նախընտրական շրջանում անցկացված սոցհարցումները հանրության ընդդիմադիր հատվածի մոտ բոլորովին այլ սպասելիքներ էին ձևավորել։ «Հայաստան» դաշինքը մի շարք այլ ուժերի հետ Սահմանադրական դատարանում բողոքարկեց արտահերթ ընտրությունների արդյունքները, սակայն Բարձր դատարանը դրանք անփոփոխ թողեց։
Ընտրություններն աննախադեպ էին նաև այն առումով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցողիկ շեմը միայն 2 ուժի էր հաջողվել հաղթահարել՝ ՔՊ-ին և «Հայաստան» դաշինքին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը 8-րդ գումարման ԱԺ-ում հայտնվեց բացառապես իրավունքի ուժով, քանի որ սահմանադրության պահանջով խորհրդարանը պետք է բաղկացած լինի առնվազն 3 քաղաքական ուժից։
Ուշագրավ պատկեր է ի հայտ գալիս նաև ընտրությունների արդյունքները վերլուծելիս․ չնայած ՔՊ-ին հաջողվեց հաղթել՝ ստանալով ձայների 53․94%-ը և ԱԺ-ում ունենալ բացարձակ մեծամասնությունը, այնուամենայնիվ 2018 թվականի ընտրությունների համեմատ, որին այս ուժը մասնակցում էր «Իմ քայլը» դաշինքով, վերջինիս քվեները նվազել են գրեթե 200 հազարով, իսկ տոկոսային տարբերությունը կազմում էր շուրջ 16%։
Չնայած նախընտրական շրջանում հանրության շրջանում ակնկալիքներ էին ձևավորվել, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր կլինի ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից, սակայն այդ ակնկալիքներն իրականություն չդարձան՝ մի շարք օբեյկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Ընտրությունների արդյունքում ՔՊ-ին հաջողվեց կրկին բացարձակ մեծամասնություն ունենալ նոր գումարման ԱԺ-ում, իսկ խորհրդարանական և արտխորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը տեղերով փոխվեցին․ 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր 2 ուժերը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը և իրենց տեղը զիջելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։ Այս համատեքստում միակ տարբերությունն այն էր, որ 7-րդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն մանդատների ⅓-ը ստացել էին իրավունքի ուժով, քանի որ այս ուժերն ընտրություններում ստացել էին 8․26% և 6․37%, իսկ 2021-ին «Հայաստան» դաշինքը ստացել էր 21․11, «Պատիվ ունեմ»-ը՝ 5․22% ձայն։
2021 թվականի ընտրությունների արդյունքները մտահոգիչ էին, քանի որ շուրջ 688 հազար համառորեն չընդունեց, որ ՔՊ-ի կառավարման հետևանքով Հայաստանն ունեցել է ահռելի մարդկային և տարածքային կորուստներ, թշնամուն է անցել Արցախի տարածքի ավելի քան 3 քառորդը։ Հանրության մի խոշոր հատվածն էլ՝ շուրջ 700-800 հազար մարդ, առհասարակ հիասթափված էր քաղաքական պրոցեսներից և նախընտրեց առհասարակ չմասնակցել ընտրություններին՝ այդ կերպ նպաստելով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, քանի որ ընտրություններին չմասնակցած քաղաքացիների քվեները համամասնորեն բաժին են հասնում անցողիկ շեմը հաղթահարած ուժերին։
Արտահերթ ընտրությունների արդյունքներով ցավոք սրտի ընդդիմադիր և ազգային ուժերի շուրջ համազգային համախմբում տեղի չունեցավ։ Սա նախևառաջ պայմանավորված էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների դեմ իրականացող աննախադեպ հակաքարոզչությամբ, ինչը Փաշինյանի թիմակիցներն ու նրանց կից գործող քաղաքական ուժերն ու փորձագետ-քարոզիչները «պատվով» կատարում էին, ինչպես նաև հանրության որոշ շերտերի մոտ երկրորդ և երրորդ նախագահների կառավարման տարիներին կուտակված դժգոհություններով, որոնք նույն շրջանակները ջանասիրաբար բորբոքում էին։
2021-ի ընտրություններով Հայաստանը չկարողացավ փակել պատերազմի և պարտության էջը, ինչի հետևանքով առ այսօր շարունակում է բախվել ծայրահեղ կենսական ռիսկերի, թշնամին մեր երկրից շարունակում է նորանոր զիջումներ պահանջել, իսկ գործող իշխանություններն անվերապահորեն կատարում են դրանք՝ հանրությանը սպառնալով, որ զիջումների այլընտրանքն աղետալի պատերազմն է։
Ընտրություններից հետո Հայաստանը շարունակեց տարածքային ու մարդկային կորուստներ ունենալ․ ադրբեջանական զինուժը ընտրություններից հետո 2 անգամ՝ 2021-ի նոյեմբերի 16-ին և 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և տարբեր հաշվարկներով շուրջ 200 քառակուսի կմ տարածք օկուպացրեց, որն առ այսօր հրաժարվում է վերադարձնել։ Բացի այդ, ՔՊ-ի կառավարման օրոք 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանն ապօրինաբար շրջափակեց Լաչինի միջանցքը, 2023-ի սեպտեմբերի 19-ին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ ամբողջովին բռնակցելով այն։
Այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չէր միջամտում Արցախում տեղի ունեցող զարգացումներին և հանդես էր գալիս բացառապես հերթապահ բնույթի հայտարարություններով, այլև ամեն առիթով վստահեցնում էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Արցախը։ Արդեն 2024-ի ապրիլ-մայիս ամիսներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Ադրբեջանին հանձնեց Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը՝ դա որակելով որպես աննախադեպ հաջողություն, իսկ այժմ պատրաստվում է հանրաքվե անցկացնել և հանձնել 4 անկլավները, որոնք Հայաստանի Հանրապետության համար լրջագույն անվտանգային մարտահրավերներ կստեղծեն։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս տարիներին գրեթե ամբողջությամբ խախտել է նաև հենց իր իսկ կողմից հրապարակված կառավարությության ծրագիրը՝ շատ դեպքերում ամբողջովին հակասելով դրան։ Առաջիկայում
Oragir.News-ն իր հետևորդներին տեսաշարով կներկայացնի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով այս տարիներին ամբողջովին հակասել իր իսկ կառավարության ծրագում և կատարել իր տված խոստումների ճիշտ հակառակը։
Հենց այս ամենի համադրության արդյունքում էլ զարմանալի չէ, որ 2021-ի արտահերթ ընտրություններից 3 տարի անց Հայաստանում առկա է խորը քաղաքական և բարոյական ճգնաժամ, որը մեր երկրի համար լրջագույն մարտահրավերներ է ստեղծում։ Այս ճգնաժամից դուրս գալու իրատեսական ճանապարհային քարտեզ է առաջնորդում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով վերջին ամիսներին գլխավորում էր Սրբազան շարժումը, սակայն, ցավոք սրտի, առ այս պահը այդ շարժմանը չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել՝ մի շարք օբյեկտիվ ու սուբեյկտիվ պատճառներով։
Այսպիսով՝ ամփոփելով վերջին 3 տարիներին տեղի ունեցած զարգացումները, պետք է փաստենք, որ 2021-ի արտահերթ ընտրություններում 688 հազար երբեմնի հպարտ քաղաքացիները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հաղթանակ տարան հայ ազգի և Հայաստանի Հանրապետության կենսական շահերի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և առհասարակ իր պատմական հայրենիքում՝ Արցախի Հանրապետությունում բնակվելու նվազագույն իրավունքի, ինչպես նաև հայ ժողովրդի արժանապատվության նկատմամբ։ Այս ընտրությունների արդյունքները միայն խորացրեցին Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի նոյեմբերից ստեղծված ճգնաժամը, որը առ այսօր չի հաջողվում հաղթահարել ու վտանգում է մեր պետության ապագան։
Նկատենք՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը, որը Եռաբլուրի ծնունդ էր, այլևս չի արտահայտում և իր գոյության 3 տարիներին երբեք էլ չի արտահայտել Հայաստանում տիրող իրական տրամադրությունները, ուստի այն օր առաջ պետք է լուծարել և նոր ընտրություններ անցկացնել։ Նոր ընտրությունների անցկացման դեպքում Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է լինի վարչապետի պաշտոնակատար, այլապես մեծ հավանականությամբ կկրկնվի 2021 թվականի ընտրությունների սցենարը, և մեզ հերթական անգամ չի հաջողվի հաղթահարել մեր երկում առկա ճգնաժամը։
Դավիթ Գույումջյան