Ներքին Միտք 2 տարի առաջ - 09:00 08-06-2024

Ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ալիևը խաղաղության չեն ձգտում

ԱԳՆ-ն հունիսի 7-ին տարածած հայտարարության մեջ մեղադրեց Ադրբեջանի նախագահին խաղաղության գործընթացը տորպեդահարելու համար, միաժամանակ կառուցողական և ինտենսիվ աշխատելու պատրաստակամություն հայտնեց՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Խաղաղության համաձայնագիրն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ։ Ինչու՞ է Ադրբեջանը ձգձում համաձայնագրի ստորագրումը։ Եվ հնարավո՞ր է առաջիկա ամսում այն ստորագրվի։

Չնայած՝ վերջին հայ-ադրբեջանական բանակցային հանդիպումներն ընթանում են առանց միջորդների, սակայն Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ միայն երաշխավորի առկայությամբ։ Այս է եղել հիմնական հարցը բանակցային ամբողջ գործընթացում 1994-ից մինչ այսօր։ Հայաստանի դիրքորոշումը երաշխավորների հարցում այսօր պարզ չէ։ Մինչև 32 հայ գերիների վերադարձը, ՀՀ-ն նախապատվություն էր տալիս արևմտյան միջնորդներին, սակայն չէր մերժում նաև ռուսների հրավերները։ Ներկայում հայ պաշտոնյան բանակցային երաշխավորի անուն չի հիշատակում, և վերջին բանակցային հանդիումներն անցնում են առանց միջնորդների։

ԱԳՆ-ի հայտարարության առիթը Բաքվի նվաստացուցիչ պահանջն է ՀՀ սահմանադրությունը փոխելու, նախաբանից Անկախության հռչակագրի մասին հիշատակումը հանելու վերաբերյալ։ Թեև, ՀՀ ԱԳՆ-ն համարժեք արձագանքել է Բաքվի՝ ՀՀ սահմանադրությունը փոփոխելու մասին պահանջին, սակայն որևէ կերպ չի անդրադարձել Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջին։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համար Արցախի հարցը դեռ կա։ Այս պատճառով է Ալիևը բացում այդ խմբի գոյության դադարեցման թեման։

ՔՊ-ական իշխանությունների մոտեցումները Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ անհասկանալի են ոչ միայն ՀՀ քաղաքացու, այլև աշխարհի համար։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է պատրաստել սահմանադրության փոփոխությունների նախագիծ, իր աշխատասենյակում կախում է Արագած սարի նկարը, պատմական և իրական Հայաստանների մասին արհեստական խոսույթ է զարգացնում, ցույց տալիս, որ պատրսատ է կատարել Ադրբեջանի և Թուրքիայի նախապայմանները։ Մյուս կողմից ՀՀ-ն գործանական ոչինչ չի անում, ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, լյուստրացիա, դեսովետիզացիա չի անում, նույնիսկ այս տարի մայիսի 9-ին Մոսկվայում չի համաձայնում, որ ռուսական զորքերը դուրս բերվեն հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից։ Այսպիսի իրավիճակում ԱԳՆ հայտարարությունը տարակուսանք է առաջացնում։


Քանի՞ րոպե կտևի խաղաղությունը, եթե ՀՀ ազգային շահերի դեմ ոչ բարեկամաբար տրամադրված ՌԴ-ն շարունակի եղանակ ստեղծել ՀՀ-ում։ Ավելին՝ եթե ՀՀ-ն չի պատրաստվում չեզոքացնել ռուսական ազդեցությունը, ապա ի՞նչ տարբերություն, թե երբ կստորագրվի համաձայնագիրը։ Առաջ է գալիս ողջամիտ կասկած, որ ՀՀ-ն, նույնպես չի ձգտում Խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Եթե Ադրբեջանը ռուսների խնդրանքով է ձգձգում, քանի որ առանց Մոսկվայի աջակցության չի կարող է մարսել Արցախի զավթումն ու հայաթափումը, ապա ՔՊ-ական իշխանությունը չի ուզում խախտել 2018-ի իշխանափոխության ժամանակ Փաշինյանի՝ Մոսկվային տված խոստումները, որոնք մինչ օրս ՔՊ-ի իշխանության երաշխիքներն են։

Պարզ ասած՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բանակցային 9-րդ փուլից հետո էլ դեռ սարերի հետևում է։ Եթե ՔՊ-ն ուզում է, որ խաղաղություն լինի, ապա կարող է ՀՀ-ում ռուսական ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ քայլեր անել, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, ոչ թե դիվերսիֆիկացնել, այլ արմատապես փոխել արտաքին և անվտանգային քաղաքականությունը։ Այդ ժամանակ Բաքուն կա՛մ բացահայտ հակաքաղաքակրթական դիրք կընդունի և հայկական ռևանշի համար լեգիտիմ հիմքեր կստեղծի, կա՛մ կստորագրի համաձայնագիրն՝ առանց որևէ նվաստացուցիչ նախապայման առաջ քաշելու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի