«Ես չէի ցանկանա ենթադրություններ անել, թե ինչ կլիներ, բայց գիտեմ, որ եթե ռուսները ադրբեջանական ագրեսիաների ժամանակ ցանկանային օգնել Հայաստանին, ապա դրա համար անմիջականորեն զորքեր տեղաբաշխելու կարիք չկար։ Եթե իրենք ցանկություն ունենային, կարող էին կանխել դա՝ առանց այստեղ զորք ունենալու, դրա համար պարզապես պետք էր հեռախոսազանգ կատարել Բաքու»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ի առջև ծառացած շատ ռիսկեր հնարավոր կլիներ նվազեցնել, եթե 2022-ին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի առաջարկին։
Քաղաքագետն այս համատեքստում հիշեցրեց ռուսական հայտնի «ճաշից հետո մանանեխ հարկավոր չէ» ասացվածքը՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանը կոնկրետ այդ իրավիճակում Հայաստանի նկատմամբ շատ վատ է վարվել, իսկ այժմ փորձում է դրա մեղքը բարդել հայկական կողմի վրա։ Նրա խոսքով՝ բոլորովին այլ հարց է, թե ինչո՞ւ է ՌԴ-ն ստիպված եղել նման կերպ վարվել։
«Դեպի այդ կետը տանող ճանապարհին գուցե Հայաստանի իշխանությունների մեղքն ավելի մեծ էր, բայց կոնկրետ այդ իրավիճակում, կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան էլ ազնիվ չէ, որովհետև, ՀԱՊԿ ասելով, ես առաջին հերթին նկատի եմ ունենում հենց ՌԴ-ին»,- շեշտեց քաղաքագետը և նշեց, որ Մոսկվան իր դաշնակցային պարտավորությունները կատարելու դիմաց Հայաստանի իշխանությունների առաջ շատ հստակ և կոշտ պահանջներ է դրել։
Oragir.News-ի հարցին, թե նման Մոսկվան փորձո՞ւմ է վատթարացնել նաև հայ-իրանական հարաբերությունները՝ հաշվի առնելով Գալուզինի այն պնդումը, թե ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը ՌԴ-ի, Ադրբեջանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ է հավաքագրում՝ Արմեն Բաղասարյանը պատասխանեց, որ ռուսական կողմն իր առաջ այդպիսի խնդիր չի դրել, որովհետև այդ առաքելության տեղակայման հետևանքով հայ-իրանական հարաբերությունները բավականին լարվել են և նման հրահրումների կարիք չկա։
«Ուղղակի Ռուսաստանում էլ պետք է հասկանան, որ եթե իրենք մեզ հետ վարվեցին ոչ որպես դաշնակիցներ, ապա Հայաստանի իրավունքն է դաշնակիցներ փնտրել այլ տեղերում և այլ ուժային բևերի մոտ։
Բոլորովին այլ հարց է, որ այդ ուժային բևեռները՝ տվյալ դեպքում արևմուտքը, այստեղ է գալիս ոչ թե Հայաստանին օգնելու, այլ սեփական շահերը սպասարկելու համար, իսկ իրենց թիվ 1 շահը Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելն է։ Այո՛, կա այդպիսի խնդիր, և հարցն այն չէ՝ հայերին ավելի շատ ռուսնե՞րն են սիրում, թե՞ արևմուտքը, հարցն այն է, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ արևմուտքը փորձում են Հայաստանն օգտագործել իրենց աշխարհաքաղաքական շահերի նպատակով։
Մեր հարցին, թե արդյոք Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ԵՄ դիտորդական առաքելությանը նկատի ուներ, երբ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հայ-իրանական հարաբերությունները վատթարացնելու փորձեր անողներ կան՝ քաղաքագետը դրական պատասխանեց։ Նա հիշեցրեց, որ Իրանից բազմիցս բաց տեքստով հայտարարել են, որ իրենց համար մեր տարածաշրջանում արտաատարածաշրջանային ուժերի ներկայությունն անընդունելի է։
«Իրանում այն համոզմունքն ունեն, որ Հարավային Կովկասում բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունու տիրույթում, և այդ տիրույթից դուրս որևէ ուժ, որը կփորձի մեր տարածաշրջանում ակտիվանալ, անպայման դա առաջին հերթին օգտագործելու են իրենց դեմ»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան