Երևան +23°
copy image url
Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 22:30 22-05-2024

Փաշինյանի հրաժարականը շրջանցող տարբերակն ու հաջողության մոտանկարը

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման և նրան սատարող հանրության կարծիքով՝ պետության և ժողովրդի առջև մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները կավելանան Փաշինյանի հրաժարականից հետո։ Շատերը հույս ունեն, որ շարժումը հաջողությամբ կպսակվի։

Մայիսի 21-ին Բագրատ Սրբազանը, պատասխանելով շարժման հաջողության հեռանկարի մասին հարցին, ասաց՝ «Հաջողության մոտանկար եմ տեսնում»։ Լրագրողի ճշտող հարցին՝ «Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞», Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ «Բա ի՞նչ անի, ուրիշ ի՞նչ անի, ուրիշ տարբերակներ ունե՞ք առաջարկելու։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակը դա է»։

Ակնկալվում է, որ շարժման ծրագրերի, քաղաքական դիրքորոշման, Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո իշխանության անելիքների և հանրությանը հուզող հարցերի մասին ծավալուն և հանգամանալից կխոսվի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մայիսի 26-ի հանրահավաքում։ Մինչ այդ փորձենք պարզել, թե հրաժարականից զատ՝ ուրիշ ի՞նչ տարբերակներ կան, և ո՞ր դեպքում հրաժարականը լավագույն տարբերակը կլինի։

Փաշինյանն ու իշխանամերձ գործիչները փորձում են հանրությանն ու աշխարհին համոզել, որ շարժումն ուղղորդվում է Մոսկվայի կողմից, իսկ շարժման նպատակն, իբր՝ ՀՀ-ում ռուսամետ իշխանություն ձևավորելն է և Հայաստանի անկախությունը սահմանափակելը։ Այնինչ՝ ՔՊ-ական իշխանությունն ինքը դեռ ոչինչ չի արել, որը կհակասեր ՌԴ ազգային շահերին, չի լուծել կամ վերանայել հայ-ռուսական ոչ մի պայմանագիր, անկախության պաշտպանության ուղղությամբ որևէ էական բան չի արվել։ Կարող ենք ենթադրել, որ այս ապազգային անգործության դիմաց Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ստացել է խոստում-երաշխիք, որ վերջինը կսատարի ՔՊ-ին իշխանությունը պահպանելու հարցում։

Այսինքն՝ պասիվ ռուսամետ ՔՊ-ն Մոսկվայի լավագույն գործընկերն է այս իրավիճակում, երբ աշխարհի երկրների մեծ մասը Ռուսաստանի պարտության պայքարին լծված է ակտիվորեն։ Եվ հնարավոր չէ պատկերացնել, որ հայ ժողովրդի մեջ կարող է գտնվել ազգային ինքնասիրություն չունեցող մի մարդ, որը Փաշինյանից ավելի լավ կսպասարկի ռուսական շահերն ի հաշիվ ՀՀ ազգային շահերի, կստորադասի ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը։

Այլ կերպ ասած՝ եթե մայիսի 26-ի հանրահավաքում ռուսամետ ելույթներ հնչեն, ապա կարելի է վստահաբար ասել, որ շարժման հաջողության մոտանկար չի լինի։ Ավելին՝ ՔՊ-ն, իբր՝ վախենալով ռուսամետ շարժման ճնշումից, կհրաժարվի իրականացնել անկախության և ժողովրդավարության այն բարեփոխումները, որոնք խոստացել էր Արևմուտքին։ Արդյունքում մեծապես կշահի Մոսկվան և նրա հավատարիմ գործընկեր, պասիվ ռուսամետ Փաշինյանը, կտուժի ժողովուրդը, Հայաստանն ու Արևմուտքը։

Հիշեցնենք նաև, որ 2020-ի պարտությունից հետո մի քանի հուժկու շարժումներ են կազմակերպվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, որոնք ռուսամետ շեշտադրումներ են ունեցել, բայց բոլորը ձախողվել են։ Այս փորձը հավելյալ ապացուցում է, որ ռուսական աջակցությամբ իշխանափոխություն իրականացնելու շանսերն այս պահին զրո են։ Այսինքն՝ հրաժարականը շրջանցող միակ տարբերակն այն է, որ շարժումը մայիսի 26-ին ակտիվ ռուսամետ ուղեգիծ ընտրի, անուղղակի սատարելով Փաշինյանի վարած պասիվ ռուսամետ կուրսը։

Կարճ ասած՝ հաջողության մոտարկումը հնարավոր է, եթե շարժումը իրականությանը համարժեք պատասխաններ տա ժողովրդին ու աշխարհին, փաստերով հիմնավորի, որ ՔՊ առաջնորդներն իրականում՝ ռուսամետ և հակահայ կուրս են վարում, խաբում ժողովրդին ու աշխարհին, թե մտադիր են պաշտպանել ՀՀ անկախությունը և ժողովրդավարությունը։ Այսպիսի քննադատությունը կարող է զինաթափել ՔՊ-ին։ Իսկ եթե խոսեն նաև անկախության և ժողովրդավարության բարեփոխումների, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակի, Արցախի հարցը Արևմուտքի, ԵՄ-ի, Ֆրանսիայի աջակցությամբ կրկին օրակարգ բերելու հնարավորության մասին և այս խոսույթն ամրագրեն սեղմ հռչակագրով, ապա կարող են հաջողության մոտանկար ստանալ։

Այսպիսի օրակարգ բերող շարժման ճնշման տակ Փաշինյանն ունի մի քանի ճանապարհ, որոնք բոլորը հանգեցնում են իշխանափոխությանը։ Եթե Փաշինյանը չկատարի ժողովրդի պահանջն ու անկախության պաշտպանության քայլեր չանի, ապա Արևմուտքի պատժամիջոցների տակ կընկնի, աշխարհով մեկ խայտառակ կլինի ու արագ կկորցնի իշխանությունը։ Այս խայտառակությունը շրջանցելու լավագույն տարբերակը հրաժարականն է։ Իսկ եթե նա խոստանա կամ փորձի կատարել ժողովրդի՝ Արևմուտքի ակնկալիքների հետ նույնացող պահանջներն, ապա ռուսները կսպառնան պատժել պայմանավորվածությունից «թռնողին»։ Այս դեպքում էլ ռուսների պատժից խուսափելու լավագույն տարբերակը կլինի հրաժարականը։

Նկատենք նաև, որ Ֆրանսիան, ՄԱԿ-ը, Արևմուտքը կոչ են անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը, ակնարկելով, որ Ադրբեջանը պիտի ՀՀ-ին վերադարձնի ՀՀ-ից զավթած տարածքները։ Շարժումը ևս ունի արդարացի սահմանազատման հետ կապված ակնկալիքներ։ Արցախցիների վերադարձի հարցի, ադրբեջանական ագրեսիան դատապարտելու և նրա ագրեսիվ նկրտումները զսպելու վերաբերյալ ևս ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի դիրքորոշումը պրոհայկական է։ Եվ ի վերջո՝ ՀՀ անկախության պաշտպանության և ժողովրդավարության բարեփոխումների հարցում Արևմուտքն իրական շահառու է։

Այնպես որ՝ աշխարհաքաղաքական համարժեք դիրքավորման և քաղաքական օրակարգի հարցերին ազնվորեն պատասխանելու դեպքում հաջողության մոտանկարը հնարավոր է։ Իսկ եթե շարժումը որդեգրի պաշտոնաթող դիվանագետնրի օրեր առաջ հայտնած խիստ ռիսկային ու լղոզված դիրքորոշումը, նշանակում է՝ նախընտրել են հրաժարականը շրջանցող ուրիշ տարբերակներ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված