Մշակույթ 2 տարի առաջ - 20:30 22-05-2024

Մենք ծնվել ենք, որ մեռնենք, բայց մինչև այդ ապրել է պետք․ այսօր Շառլ Ազնավուրի 100-ամյակն է

Շառլ Ազնավուրի մասին Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»:

Այսօր այդ մեծ ու տոկուն հայի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն է։



«Ես կիսով չափ հայ եմ և կիսով չափ ֆրանսիացի: Ես նման եմ կաթով սուրճի, երբ կաթը սուրճից առանձնացնելն ուղղակի անհնար է»,-ասել է Ազնավուրը: Նա միշտ հպարտությամբ է նշել իր ծագումը, ընդգծել, որ իր տեսակի համար պարտական է իր հայկական արմատներին, էրզրումցի հոր ու իզմիրցի մոր դաստիարակությանը: Ազնավուրն իր փառքի ճանապարհին տարբեր բեմերում ու հարցազրույցներում մշտապես հնչեցրել է Հայաստան անունը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, նաև թե ինչու են ինքն ու իր նման միլիոնավոր հայեր հայրենիքը կորցրած՝ հայտնվել օտար երկրներում:



«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն հայերը»,- հավատացած էր Ազնավուրը:

Ազնավուրը միայն երգիչ չէր, նա ազդեցիկ ու միջազգային հարգանք վայելող անհատականություն էր։ Նրա և Մայր հայրենիքի կապը ամրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Նրա մի կոչը բավական էր, որպեսզի բազմաթիվ երկրներ համախմբվեին և օգնության ձեռք մեկնեին: Հայաստան անունն առաջին անգամ լսող միլիոնավոր մարդիկ, ի պատիվ Ազնավուրի, մարդասիրական աջակցություն ցուցաբերեցին: Օտարերկրյա տասնյակ հեռուստաընկերություններ, տպագիր պարբերականներ ցուցադրեցին այն կադրերը, որոնցում վշտից քարացած Ազնավուրն էր՝ ավերված Սպիտակում ու Գյումրիում: Եվ միջազգային օգնությունը՝ կամավորների հոսքը, պարենային ու ֆինանսական աջակցությունը, մեծ թափ հավաքեց: Սա այն դեպքն էր, երբ մարդիկ զուտ գթասրտությունից դրդված չէին օգնում. նրանց համար մեծ պատիվ էր ներդրում ունենալ Ազնավուրի հայրենիքի վերականգնման գործում:



«Դուք կնվաճեք աշխարհը, քանի որ հուզել գիտեք»,- ասել է մի անգամ Շառլ դը Գոլը Ազնավուրին:

Այո՛, Ազնավուրը նվաճեց աշխարհը՝ դառնալով «Շանսոնի արքան», փայլելով իր դերասանական տաղանդով և մարդասիրական գործունեությամբ։



«Մենք ծնվել ենք, որ մեռնենք, բայց մինչև այդ ապրել է պետք»,-ասում էր Ազնավուրը։ Նա ապրեց 94 տարիներ, նրա մահը սգաց ողջ աշխարհը։ Նրա հրաժեշտի արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտաբերած խոսքերը պատմություն դարձան․ «Ֆրանսիայում պոետները չեն մեռնում»։

Ազնավուրը աշխարհինն է, հավերժական․․․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի