Ինչքան լավ, այնքան վատ. հայկական պարադոքս․ երբ և ինչու են փախչում հայրենիքից
copy image url

Ինչքան լավ, այնքան վատ. հայկական պարադոքս․ երբ և ինչու են փախչում հայրենիքից

Միտք Ներքին 10 ամիս առաջ - 09:00 22-05-2024
Ասում են, թե հայերն ամենամեծ սփյուռքն ունեցող ժողովուրդներից են։ Պարզվում է՝ այդպես չէ։ Իռլանդացիները մեզնից վատ վիճակում են։ Իրենց հայրենիքում ապրում է մոտ 5 միլիոն, իսկ Կաթոլիկ եկեղեցու տվյալներով հայրենիքից դուրս ապրում է մոտ 80 միլիոն իռլանդացի։

Իռլանդացիներն ու հայերը որոշ ընդհանրություններ ունեն։ 1990-ական թվականներին Իռլանդիայի տնտեսությունն աշխարհի ամենաարագ աճողներից էր։ «Կելտական վագրի» թռիչքը շարունակվեց մինչև 2007-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ 1969-ին Հյուսիսային Իռլանդիայում սկսված շարժումը որոշ ժամանակ դանդաղեցրեց արտագաղթը։ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միավորման համար պայքարի տարիներին մեծ թվով իռլանդացիներ վերադարձան հայրենիք։ Սակայն 1990-ականների վերջում, երբ խնդիրը կարգավորվեց Բելֆաստի համաձայնագրով, ու երկիրը սկսեց տնտեսապես զարգանալ, կրկին արտագաղթի թվերը բազմապատկվեցին։ Այստեղ ևս հայերի հետ նմանություն կա։

1724-ի Կոստանդնապոլսի պայմանագրով Հայաստանն ու Արցախն անցան Թուրքիային, մի քանի հազար գերիներ հայտնվեցին թուրքական բանտերում, հարկերը բարձրացան, կյանքն անտանելի դարձավ։ Սակայն հայերի արտագաղթը կանգնեց։ Իսկ երբ մի քանի տարի անց Մելիք Եգանն ու Նադիր շահը կոտորեցին թուրքերին, թուրքական լծից ազատագրեցին Արցախն ու Հայաստանը, հայ գերիները հետ վերադարձան, որոշակի ինքնավարություն շնորհվեց հայերին, հարկային արտոնություններ տրվեց ժողովրդին ու եկեղեցուն, այդ ժամանակ արտագաղթի մեծ ալիք բարձրացավ, մելիքների ժառանգների մի մասը լքեց հայրենիքը, մեկնեցին եվրոպաներն ու հետ չեկան։

Ասում են, թե երբ Արցախը ադրբեջանական տիրապետության տակ էր, հայերն ամուր կպած էին իրենց հողին։ Իսկ երբ 1994-ին Արցախն ազատագրվեց ու փաստացի միավորվեց Հայաստանին, արցախցիների մի ստվար զանգված դուրս եկավ բնօրրանից, Հայաստանից արտագաղթի տեմպերը աղետալի չափերի հասան։

Ներկայում տնտեսության աճին զուգահեռ աճում է նաև արտագաղթի տեմպն ու ցանկությունը։ Տրամաբանությունը հուշում է, որ պետք է հակառակը լիներ։ Առողջ բնազդը կթելադրեր մնալ հայրենիքում, մանավանդ, երբ տնտեսությունն աճում է, շատացել է երկրի ներսում շրջանառվող փողը, բարձրանում է բնակչության միջին կենսամակարդակը, պատերազմը, կարծես՝ ավարտվել է։

Պատկերավոր ասած՝ մենք ու իռլանդացիները փախչում ենք ազատությունից, խաղաղությունից, բարեկեցությունից ու շատ փողից։ Պարադոքսալ այս իրավիճակը կարելի է բանաձևել՝ ինչքան լավ, այնքան վատ։ Այսինքն՝ ինչքան լավանում է մարդկանց կյանքը հայրենիքում, այնքան շատանում են հայրենիքը լքողներն, ու ժողովրդագրական խնդիր է առաջանում։ Սոցիալ հոգեբանության մեջ այսպիսի մոտեցումն անառողջ է որակվում։ Հաշվի առնելով, որ խնդիրը խորը, պատմական արմատներ ունի, հարկ է այն համակողմանի ուսումնասիրել և ժողովրդագրական ռազմավարություն մշակել։

Հանրային գործիչների բազմաթիվ կոչնակներից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 20-ին տեղի ունեցավ սպասված մի խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը: Տարածված հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ ՔՊ-ական իշխանությունը, թեև պատկերացնում է, թե ժողովրդագրական ինչ խնդիրներ կան, սակայն ժողովրդի կապը հայրենիքի հետ ամրացնելու ուղղությամբ արդյունքի չի կարող հասնել, քանի որ հիմնավոր կասկածներ կան, որ չի կարող ազդեցիկ միջոցներ կիրառել, կոնկրետ քայլեր իրականացնել, որոնք էապես կփոխեն ժողովրդի պատկերացումները հայրենիքի և քաղաքացու հարաբերության, հայ մարդու, քաղաքացու, իր մասին։ Այս հարցում լուրջ անելիք ունեն ոչ միայն սոցիալ հոգեբանները, կենսափիլիսոփաները, որոնց պակասուրդն ակնհայտ է մեր երկրում, այլև մշակութային գործիչները, եկեղեցին և, առաջին հերթին՝ երկրի ղեկավարները, որոնց վարքն ապրիորի ընդօրինակվում է։

Պարզ ասած՝ ժողովրդագրական խնդրի արմատները հոգևոր դաստիարակության դաշտում են։ Եվ եթե իշխանությունն ուզում է արդյունքի հասնել, ապա ժողովրդագրական ռազմավարություն մշակողն առաջին հերթին պետք է կազմի մանկապարտեզներում դաստիարակության նոր մեթոդաբանություն ու ծրագիր, նպատակ ունենալով մանկուց առողջ պատկերացումներ սերմանել մարդու, քաղաքացու, հայրենիքի, բնության, աշխարհի և Աստծո մասին։

Թաթուլ Մկրտչյան