Հայաստանի բոլոր իշխանությունները՝ անկախ իրենց ունեցած ներքին տարաձայնություններից, երբեք կասկածի տակ չեն դրել Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև չեն փորձել հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից։ Տասնամյակներ շարունակ սա եղել է Անկարայի կողմից Երևանին ներկայացվող նախապայմաններից մեկը, որը մինչև վերջերս կոշտ դիմակայության էր արժանանում։
Իր կառավարման նախապատերազմական շրջանում Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսում էր արդարության վերականգնման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության, հայրենիքում ապրելու իրավունքից զրկված լինելու մասին, ավելին՝ 2020-ի ապրիլի 24-ի իր ուղերձում Փաշինյանը խոսեց ոչ միայն օսմանյան Թուրքիայի հայատյացության, այլև այսօրվա Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին՝ հայտարարելով՝ հիշում և պահանջում է։
Արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, երբ Փաշինյանն ու իր քաղաքական թիմի անդամները սկսեցին հայտարարել տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մտադրության մասին, վերջիններս սկզբում ընդգծում էին թշնամանքը կառավարելու անհրաժեշտությունը, իսկ արդեն այս տարվա իր ապրիլքսանչորսյան ուղերձում կառավարության ղեկավարն օգտագործեց ոչ թե ցեղասպանություն, այլ Մեծ եղեռն եզրույթը՝ հանրությանը հորդորելով դադարեցնել կորուսյալ հայրենիքի փնտրտուքը։
Հայաստանի վարչապետի այս տարվա ուղերձը լրջագույնս վնաս պատճառեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացին, քանի որ եթե ցեղասպանության ենթարկված ժողովրդի առաջնորդն է խուսափում ցեղասպանություն տերմինն արտաբերելուց, ապա իրատեսական չէ ակնկալել, որ դրանից հետո համաշխարհային որևէ այլ առաջնորդ կնախընտրի վատթարացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ և կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նշենք՝ տարիներ շարունակ հայ ժողովուրդն անհամբերությամբ սպասում էր՝ ԱՄՆ նախագահը կարտաբերի ցեղասպանությո՞ւն, թե՞ Մեծ եղեռն եզրույթը, և այժմ հայտնվել ենք արտասովոր մի իրավիճակում, երբ ԱՄՆ նախագահն արտաբերում է ցեղասպանություն եզրույթը, իսկ Հայաստանի վարչապետը խուսափում է դրանից։
Նիկոլ Փաշինյանի այս տարվա ուղերձն արժանացավ քաղաքական գործիչների, քաղաքագետների, ցեղասպանագետների, ինչպես նաև ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգն առաջ մղող գիտական կենտրոնների կոշտ քննադատությանը։ Փաշինյանի ուղերձից հետո հայտարարություն տարածեց Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտը՝ Հայաստանի վարչապետին մեղադրելով
Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջ։
Պոլսահայ լրագրող Վերջիհան լրագրող և գրող Վերջիհան Զիֆլիօղլուն էլ ապրիլի 24-ին
Oragir.news-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ եթե ՀՀ ղեկավարն է Մեծ եղեռն ասում, ապա
Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Խստորեն դատապարտելի է, որ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս կառավարության ղեկավարի, հրաժարվում են Հայոց ցեղասպանությանն իրավաքաղաքական գնահատականներ տալուց, ինչպես նաև դրանով հիմքեր ստեղծում ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից հրաժարվելու համար։ Միևնույն ժամանակ նույնքան մտահոգիչ է, որ Հայաստանի պետական ինստիտուտներն ու կառույցները վերջին տասնամյակներում բավականաչափ չեն կայացել, ինչը որևէ իշխանության թույլ չէր տա այս հարցում հետ քայլ կատարել, նպաստել թշնամու քարոզչական թեզերի սպասարմանը։
Իրանի նախագահական ուղղաթիռի կործանումից հետո, որի հետևանքով զոհվեցին այդ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ հանրությանը հետաքրքրում է, թե Իրանում սպասվող քաղաքական վերադասավորումներից հետո ինչպիսին կլինի այդ երկրի քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս հարցը Հայաստանի բնակչության մեծ մասին անհանգստացնում է, քանի որ վերջին տարիներին պաշտոնական Թեհրանը սկզբունքային դիրքորոշում էր որդեգրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը թույլ չտալու հարցում, ուստի այժմ Հայաստանում առկա են որոշակի մտավախություններ, որ հարևան երկրի նոր ղեկավարությունն այս հարցում կարող է այլ դիրքորոշում որդեգրել։
Նկատենք, որ պետական կառավարման բազմադարյան ավանդույթներ ունեցող երկրներում, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետությունում, արտաքին քաղաքական կուրսը որոշվում է պետական մակարդակով, և անկախ նրանից, թե ով կգա իշխանության, վերջինս պարտավոր է ենթարկվել այդ քաղաքական կուրսին։
Հայաստանի և նույն «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը սահմանվել է այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից, ով Իրանի թիվ 1 պաշտոնյան է, ու այն առաջիկայում փոփոխությունների չի ենթարկվի։ Իրանի քաղաքականությունը չի փոխվի նաև տարածաշրջանային և գլոբալ հարցերի դեպքում, քանի որ դրանք նույնպես սահմանվում են պետական մակարդակով, ու երկրի հաջորդ իշխանությունները հավատարիմ են մնալու դրանց։
Գործնականում անհնար է պատկերացնել, որ օրերից մի օր Իրանում կձավորվի այնպիսի իշխանություն, որն օրինակ կհամաձայնի «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը, կամ Գազայի հարցում կփոխի երկրի պաշտոնական դիրքորոշումը՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։ Եթե անգամ Իրանում ընտրվի մի նախագահ, կամ նշանակվի մի արտգործնախարար, ով պաշտոնավարման ընթացքում իր գործունեությամբ կհակասի սահմանված պետական քաղաքականությանը, ապա վերջինս շատ արագ համապատասխան կառույցների՝ հիմնականում ուժային, պաշտոնանկ կարվի, կհեռցավի պետական կառավարման համակարգիչ, այնուհետև քրեական պատասխանատվության կենթարկվի։
Հայաստանի պարագայում մեր պետական ինստիտուտներն ու կառույցները, ցավոք սրտի, այդքան կայացած չեն․ Նիկոլ Փաշինյանին, ով իր պաշտոնավարման սկզբում բղավում էր Արցախը Հայաստան է վերջ, տարիներ անց ոչ միայն հակառակը հայտարարեց, Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, այլև փաստացի կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության փաստը, որն իր հերթին մեծ հարված հասցրեց ցեղապանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացին։ Այս քաղաքականությունը չի կարող հիմնավորվել անգամ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանները բացելու անհրաժեշտությամբ, թեև պնդելու առիթներ ունեցել ենք, որ անգամ այս պահանջների կատարումից հետո այդ երկիրը ՀՀ-ին նոր պահանջներ է ներկայացնելու՝ գործընթացը փակուղի մտցնելու համար։
Այսպիսով՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների առաջնահերթություններից մեկը պետք է դառնա պետական ինստիտուտների բավականաչափ կայացումը, որպեսզի հետագայում երբեք այլևս երկիրը նման իրավիճակում չհայտնվի։