Ներքին Միտք 2 տարի առաջ - 09:00 11-05-2024

Իշխանությունը Փաշինյանի և՛ գաղափարն է, և՛ նպատակը, և՛ ամեն ինչը

ՔՊ-ական իշխանությունն ինքնանպատակ է։ Իշխանությունների ուշադրության մեծ մասը սևեռված է իշխանության դեմ վտանգները, ռիսկերը չեզոքացնելու, ընդդիմախոսներին լռեցնելու, մրցակիցներին թուլացնելու հարցերի վրա։ Բազմաթիվ ընդդիմախոսներ հալածվում են, ազատազրկվում։ Իշխանություններն իրենց հասցեին ուղղված ընդդիմախոսությունը, քաղաքական մրցակիցների ակտիվացումը , պոտենցիալ մրցակիցների ի հայտ գալը ներկայացնում են որպես սպառնալիք պետության և ժողովրդի դեմ։ Պարզ ասած՝ իշխանություններին քննադատելը հավասարեցվում է պետության և ժողովրդի դեմ ուղղված ծանր հանցագործության հետ։ Սակայն այս հարցում էլ նրանք հետևողական չեն, որովհետև պետության և ժողովրդի դեմ բազմաթիվ ոտնձգություններ են կատարվել նախընթաց տարիներին, ծանր ու շատ ծանր հանցագործություններ և աղմկահարույց բացահայտումներ են տեղի ունեցել։ Սակայն այն խիստ հետևողականությունը, որն արտահայտում են ընդդիմախոսներին հալածելու հարցում, իրական մեծ ու ծանր հանցանքների դեպքում չեն ցուցաբերում։

Օրինակ՝ ժողովուրդը կորոնավիրուսի համավարակի արդյունքում մոտ 9 հազար զոհ է տվել։ Խայտառակ ու ողբերգական դեպքեր են գրանցվել դիակները խառնելու, պատվաստումների հետևանքով առաջացած բարդությունների հետ կապված։ Քանի՞ պաշտոնյա և նրանց հետ փոխկապակացվածներ են պատասխանատվության ենթարկվել։ Ոչ ոք։ 44-օրյա պատերազմում 3 հազար 825 մարդ է զոհվել պաշտոնական տվյալներով։ Տասնյակ հազար քաղաքացիներ են վիրավորվել։ Քանի՞ բարձրաստիճան պաշտոնյայա է պատժվել պարտության ու կորուստների համար։ Ոչ ոք, չհաշված Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, որը ոչ թե պարտության ու կորուստների մեղադրանքով է կալանքի տակ, այլ այն բանի, որ պատերազմի թեժ շրջանում չի սպասել մի քանի շաբաթ կամ ամիս, մինչև ռուսական զինամթերքը տեղ կհասնի, և համարձակվել է գնել չեխական արտադրության զինամթերք։

Նախընթաց տարիներին կոռուպցիոն աղմկահարույց սկանդալներ են տեղի ունեցել։ ՔՊ-ական քանի բարձրաստիճան պաշտոնյա է պատասխանատվության ենթարկվել կոռուպցիայի համար։ Ոչ ոք։ ՔՊ-ական պաշտոնյաներն ու նրանց ձայնակցողները առավոտից երեկո խոսում են նախկինների՝ պետության և ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների՝ «Գույք պարտքի դիմաց գործարքի», գազային անարդար պայմանագրերի, սեպտեմբերի 3-ի չարաբաստիկ գիշերային որոշման, ՀՀ կարևոր ենթակառուցվածքները օտար երկրներին վաճառելու կամ նվիրելու, անվտանգային ռիսկեր ստեղծելու, անկախության և ժողովրդավարության դեմ գործելու, ռուսական շահերը սպասարկելու, ռուսական զորքերի ապօրինի տեղակայման և այլ հրեշավոր հանցանքների մասին։ Այդպիսի քանի՞ մեղադրանք է մտել դատարան։ Ոչ մի։

Տոննայով կոկաին է հայտնաբերել 2023-ին։ Այս սկանդալը էապես գցել է պետության հեղինակությունը։ Ենթադրելի է, որ այդպիսի մեծ ծավալի թմրաշրջանառությունը հնարավոր է միայն բարձրաստիճան իշխանությունների հովանավորությամբ։ Մոտ 1 տարի է անցել, քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է պատասխանատվության ենթարկվել ու պաշտոնանկ արվել։ Ոչ ոք։

Արցախը հայաթափվել է, արցախցիները բռնի տեղահանվել են, կորցրել են գույք, նյութական հարստություն, հարկադրված թողել են սիրելի հայրենիքն ու հարազատների շիրիմները։ ՔՊ-ականները արցախցիներին են մեղադրում, արցախցիները՝ Նիկոլ Փաշինյանին։ Քանի այդպիսի կասկած է պատշաճ իրավական քննության արժանացել։ Ոչ մի։

Բայց տասնյակ ընդդիմախոսներ կան բանտերում, որոնց մեծ մասը կալանքի ենթակա հանցանք չի կատարել։ Իշխանություններին քննադատելու համար տասնյակ գործեր են քննվում դատարաններում։ Այնպիսի սարսափ է տարածվում, որ որոշ քաղաքացիներ վախենում են նույնիսկ կարծիք հայտնել իշխանությունների վարած քաղաքականության, կատարած հակաժողովրդական քայլերի վերաբերյալ։ Պատճառն այն է, որ իշխանությունը պահելը ՔՊ-ի օրակարգի թիվ մեկ խնդիրն է։ Այդպես է բռնապետական երկրներում, ինչպես նաև՝ այն իշխանությունների համար, որոնք ո՛չ քաղաքական գաղափար ունեն, ո՛չ սկզբունքներ, համոզմունքներ, ո՛չ ծրագիր, նպատակ, ո՛չ քաղաքական ինքնասիրություն։ Հետևապես՝ նրանց հետաքրքրում է միայն իշխանությունը։

Այս առումով՝ խիստ կասկածելի է, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի պահանջով կարող է հրաժարվել իշխանությունից, քանի որ իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի և՛ գաղափարը, և՛ նպատակը, և՛ արժեքը, և՛ ամեն ինչը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ