Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 16:00 09-05-2024

Շուշին ո՞ւր է. պարտվածի մայիսիննյան հետագիծը

Նիկոլ Փաշինյանի մայիսիննյան տոնական ուղերձները տարեցտարի զարմանալի փոփոխություններ են կրում։ Տպավորություն է, թե ուղերձների հեղինակները տարբեր քաղաքական դիրքորոշում, սկզբունքներ ունեցողներ են։

2018-ին Փաշինյանն ուղերձում ասում է «Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, նրա համաժողովրդական ընդգրկումը ևս մի անբեկանելի ապացույց է, որ մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչ են ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղասիրությունը։ Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կրկին վստահ է իր ուժերին, Շուշիի ազատագրման ոգին արթուն է մեր սրտերում և աչքերում»։

Այստեղ նկատելի է հեղափոխական մեծամտությունը, որը հաջորդ տարիներին աստիճանաբար մարում է։ Հաջորդիվ ՝ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները փոփոխվում են։ 2019-ի ուղերձում նշվում է. «Արցախահայության օրրանի՝ Շուշիի ազատագրումը մեր պատմության ամենահերոսական և փայլուն էջերից է, որով ի ցույց է դրվում հայ ժողովրդի ազատ ապրելու, պայքարելու, հաղթելու անկոտրում կամքն ու ոգին»։

2019-ին Շուշիի մասին խոսքն արդեն սեղմվել է։ Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը չկա։ Փոխարենն ավելացվել է հաղթելու կամքն ու ոգին։

2020-ին կրկին ոգևորությամբ է լցված ուղերձի Շուշիին վերաբերող հատվածը, որը համեմատած նախորդ տարվա ավելի ծավալուն է, հիշատակում կա նաև Արցախի բանակի մասին։ «Զուգադիպություն, կամ գուցե նախախնամությամբ կանխորոշված օրինաչափություն է, որ այս օրերին մենք տոնում ենք նաև Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը: Իրադարձություններ, որոնք բացառիկ նշանակություն ունեցան մեր նորագույն պատմության համար: Շուշիի ազատագրումն ազդարարեց Արցախի ազատագրման սկիզբը: Պսակվելով փայլուն հաղթանակով՝ այն իր հերթին դարձավ մեր ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղության պահպանության առհավատչյան: Այսօր ևս մենք հաստատակամ ենք. Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն: Դրանք բացարձակ արժեքներ են մեզ համար»,- ասված է Փաշինյանի 2020-ի մայիսիննյան ուղերձում։

2021-ին արդեն Շուշին զավթված էր։ Եվ այդ փաստը հիշտակված է նաև Փաշինյանի մայիսիննյան ուղերձում, որտեղ միահյուսված են ներկայացվում Երկրորդ աշխարհամարտին և Արցախյան պատերազմներին մասնակցած զինվորականները։ «Այդ զինվորականության կորիզն էր, որ հետագայում կազմեց Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի և Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի ողնաշարը։ Այդ զինվորականությունն էր, որ կամավորների՝ մերօրյա հայդուկների հերոսական ոգու հետ միաձուլվելով ազատագրեցին Շուշին։ Այդ զինվորականությունն էր, որ հայ ժողովրդի աննկուն կամքի և վճռականության հետ միասին, վճռեցին Արցախի ազատության համար մղվող պայքարի ելքը։

Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ։ Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ անկախ ճակատագրի վայրիվերումներից ու ներկա իրողություններից, մենք պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը։ Այն մեր նորագույն պատմության փառահեղ էջերից է և կարևորագույն նշանակություն է ունեցել մեր ժողովրդի համար։ Ազատագրված Շուշին պատվար է հանդիսացել Արցախի անվտանգության ապահովման համար։ Դրանով հանդերձ այն փաստացի նախադրյալներ է ստեղծել Արցախի պետականաշինության համար և անշրջելի դարձրել արցախահայության ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարը»,- գրված է Փաշինյանի 2021-ի մայիսիննյան ուղերձում, որտեղ արդեն գերիշխում է պարտության և կորստի մասին զգացումը։

2022-ի ուղերձում արդեն նկատվում են իրականությունից կտրվելու, պարտվողականության, տագնապի, պարտության հետ հաշտվելու և նոր կորուստների հանդեպ վախի նշաններ, բայց պահպանվել է 2-րդ աշխարհամարտի և Արցախյան պատերազների միջև ոգեղեն կամուրջը: «Երկրորդ աշխարհամարտում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների սկզբներին միաձուլվելով կամավորական ոգու հետ՝ դարձավ արցախյան գոյապայքարի, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման առհավատչյան:

Այսօր` 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո, կսկիծով ու դառնությամբ ենք արձանագրում, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն չկարողացանք փոխակերպել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հաղթանակի, այլև այդ հաղթանակի բազմաթիվ պտուղներ կորսված են, Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը 2022-ի ուղերձում, որը նույնպես պարտության տրամադրությամբ լի է։

2023-ի ուղերձում արդեն 2-րդ աշխարհամարտի և Արցախյան պատերազմների ընդհանրությունը չկա, որովհետև 2023-ին Փաշինյանի իշխանությունը սկսել էր բարձրաձայն տրտնջալ Մոսկվայի հակահայ քայլերի մասին։ Ուղերձում խորացել է նաև տագնապը 44-օրյա պատերազմում պարտության հետևանքների վերաբերյալ։ Կարծես՝ արդեն գիտեն, որ Արցախը հայաթափվելու է։

«Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Սա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող ագրեսիվ քաղաքականությամբ: Միջազգային փոթորկալից իրադրությունն ավելի է սրում այդ իրավիճակը, որովհետև մեր տարածաշրջանի անվտանգային համակարգերը դեֆորմացված են»,- ասվում է նրա 2023-ի ուղերձում, ակնկարկելով, որ ՀՀ-ն անվտանգային լուրջ խնդիրներ ունի:

Ուշագրավ է, որ այստեղ թեև կա Շուշիի մասին հիշատակում, սակայն չի նշվում, որ Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրն է։ Արցախի բանակի օրվա մասին նույնպես ոչինչ չկա, չնայած՝ այդ ժամանակ Արցախի բանակը դեռ կար և դիմադրում էր ռուս-ադրբեջանական սադրանքներին։

Եվ վերջապես, այսօրվա 2024-ի մայիսիննյան ուղերձում առաջին անգամ ոչինչ չկա Արցախի մասին՝ ո՛չ Շուշիի ազատագրման օրվա, ո՛չ Արցախի բանակի, ո՛չ պարտության ու կորստի, ո՛չ բռնի տեղահանման մասին։ Շուշի բառն անգամ չկա։ Սակայն առաջին անգամ մայիսիննյան ուղերձներում հայտնվել է Միսաք Մանուշյանի մասին հիշատակում։ Սա հայ-ֆրանսիական, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների խորացման ակնարկ է։

«Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաև պատերազմի արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա պայքարում:

Բոլորովին վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցավ մի բացառիկ արարողություն, երբ Ֆրանսիական ընդհատակյա դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում: Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայում Մանուշյանը և նրա ղեկավարած խումբը պայքարում էին այդ երկրի ազատագրման համար` չունենալով նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացիություն:

Նա, ինչպես նաև դաշնակիցների բանակներում ծառայող հայերը կռվում էին մարդկության ազատության համար, և այդ ներդրումը ճանաչված ու գնահատված է»,- ասվում է Նիկոլ Փաշինյանի 2024-ի մայիսիննյան ուղերձում, որի վերջին պարբերության մեջ կարելի տեսնել նաև Արցախյան պատերազմների մասին ակնարկը, բայց առանց Արցախ բառի՝ «Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին: Շարունակում եմ համոզված մնալ, որ նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործն ազատ, երջանիկ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը կլինի: Եվ մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը»։

Ամփոփելով՝ նկատենք, որ նշված 6 ուղերձներում անփոփոխ են մնացել միայն Հայրենական մեծ պատերազմի, հայ ժողովրդի դրան մասնակցության, տված զոհերի և հերոսների մասին հիշատակումները, ապացուցելով հայ-ռուսական հարաբերությունների անսասանությունը։ Մնացյալ ամեն ինչը փոփոխվել է, ինչը վկայում է Նիկոլ Փաշինյանի սկզբունքայնության բացակայության մասին։

Հավելյալ հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահը, կառավարության անդամները, պատգամավորներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի, սակայն Շուշիի ազատագրման հուշարձանն անուշադրության է մատնվել։ Եվ տպավորություն է, թե իրոք, ուզում են ջնջել 20-րդ դարավերջի մեր մեծ հաղթանակի փառքը հավերժացնող լուսավոր այս տոնը։

Թաթուլ Մկրտչյան