Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:16 06-05-2024

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված ՀՀ-ում կրթական ոլորտի բարեփոխումների ընթացքին, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքներին:

Ողջունելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը:
Նախարարի գնահատմամբ՝ ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և առանձնակի կարևորություն ունի երկկողմ հարաբերություններում:

Դեսպան Վասիլիս Մարագոսը նույնպես կարևորել է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկխոսության և համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելու հարցում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները: Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, տեղեկացրել է՝ ԱԺ-ում քննարկվում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր կարգավորումներ կբերի ոլորտում մասնավոր ընկերությունների հետ համագործակցության և դուալ կրթության ներդրման մեխանիզմների կանոնակարգման տեսանկյունից: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման և բարեփոխումների համար:

Դեսպան Վասիլիս Մարագոսը հետաքրքրվել է նաև ՀՀ կառավարության՝ դպրոցների կառուցման և վերանորոգման, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ դպրոցներում բնագիտական լաբորատորիաների ստեղծման աշխատանքների ընթացքից: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ դպրոցներում նոր լաբորատորիաների ստեղծման աշխատանքներն իրականացվում են՝ ըստ սահմանված ժամանակացույցի:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսուցիչների աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ գրեթե բոլոր երեխաները՝ շուրջ 17 հազար աշակերտ, ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների՝ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը:

Անդրադառնալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Կառավարությունը վերջերս երկարաձգել է ծրագրի գործողության ժամկետը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հետաքրքրությունը բավականին մեծ է, և ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները բնակության վայրի վերջնական հաստատումից հետո այժմ բավական ակտիվ դիմում են ծրագրին:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներում, որից 350-ը հանդիսանում է աջակցության ծրագրի շահառու: Ըստ ծրագրի՝ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար 2 տարի ժամկետով, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում կունենան նաև 50 հազար դրամ լրավճար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև մշակույթի և սպորտի ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության հեռանկարներին:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
15:20 Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ