copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 20:00 06-05-2024

ՔՊ-ականների հերթական մանիպուլյացիան․ ինչ է նշանակում կրոնապետություն

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մինչ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան, իշխանական և իշխանամերձ գործիչները լծվել են նրա դեմ ակտիվ հակաքարոզչությանը՝ ձգտելով ամեն կերպ մոլորեցնել հանրությանը և թույլ չտալ, որ նրա շուրջ համազգային համախմբում տեղի ունենա։ Անշուշտ նման համախմբումը ոչ միայն Տավուշի գյուղերի հանձնումը կվիժեցնի, այլև քաղաքական լուրջ գործընթացների կհանգեցնի, որը, ենթադրաբար պետք է ավարտվի Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմամբ։

Իշխանամերձ շրջանակները լավագույնս օգտվում են այն հանգամանքից, որ հայ հանրության մի զգալի հատվածի կրթական ցենզը բավականին ցածր է, իսկ պարզամիտ մարդիկ շատ հաճախ կորորեն հավատում են իրենց հրամցրվող քարոզչական թեզերին՝ առանց պարզելու՝ դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ։ Ահա հենց նման քարոզչության շնորհիվ Նիկոլ Փաշինյանին 2020-ի աղետալի պատերազմից հետո հաջողվեց մնալ իշխանության ղեկին, իսկ արդեն 2021-ի արտահերթ ընտրություններում ստանալ հանրության շուրջ 54 տոկոսի աջակցությունը։

Բագրատ Սրբազանի դեմ տարվող հակաքարոզչության սկզբնական օրերին իշխանականները՝ իրենց կից լրատվամիջոցների և փորձագետների շուրթերով պնդում էին, թե իբր Տավուշի թեմի առաջնորդը «ռուսական գործակալ է, բիզնեսմեն» և այլն, սակայն պետք է փաստենք, որ անգամ Փաշինյանի էլեկտորատի մեծ մասը չհավատաց դրանց, և այդ թեզերը չկարողացան կասեցնել Սրբազանի գլխավորած շարժումը։ Ավելին՝ այս օրերին իշխանականները փորձում են նաև Բագրատ Սրբազանի անունը կապել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն հանրությունը, որը հոգնել է նախկին-ներկա, սևեր-սպիտակներ քարոզչական թեզերից, այն հակաքարոզչությանը նույնպես տուրք չտվեց։

Սակայն իշխանականները չեն հանձնվում և վերջին օրերին հանրությանը փորձում են ահաբեկել, թե իբր Սրբազանը Հայաստանի Հանրապետությունը վերածելու է կրոնապետության, ինչը սահմանափակելու է մարդկանց բազմաթիվ իրավունքներն ու ազատությունները։ Ավելին՝ իշխանական քարոզչությունը որպես պատմական նախադեպ հիշատակում են Կիպրոսի Հանրապետության 1960-1977թթ․ նախագահ Մակարիոս 3-րդին, իսկ քարոզիչներից որոշներն էլ հանրությանն ահաբեկում են հարևան Իրանի օրինակով, որտեղ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո կրոնապետություն է հաստատվել, իսկ երկրի թիվ 1 պաշտոնյան գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է։

Նախևառաջ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ Բագրատ Սրբազանը ոչ միայն երբեք չի հայտարարել, որ շարժումը հաջողելու դեպքում մտադիր է Հայաստանում կրոնապետություն հաստատել, այլև առհասարակ չի նշել, որ իշխանափոխությունից հետո ցանկանում է որևէ պաշտոն զբաղեցնել, ինչն օրենքը նրան չի արգելում։ Սրբազանի գլխավորած պայքարի գլխավոր նպատակը Տավուշի գյուղերի հանձնման գործընթացը վիժեցնելն է, ինչպես նաև այս աղետաբեր ընթացքի կանխումը, ուստի Տավուշի թեմի առաջնորդին Հայաստանը կրոնապետության վերածելու ցանկություն ունենալու մեղադրողներն առնվազն ազնիվ չեն հանրության հետ և միայն մեկ նպատակ հետապնդում․ ամեն գնով կանխել Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

Բացի այդ, փորձենք հասկանալ, թե ինչ է կրոնապետությունը և որոնք են ժամանակակից աշխարհում դրա դասական օրինակները․ կրոնապետությունը, թեոկրատիա (հունարեն՝ θεός — աստված և χράτός- ուժ, իշխանություն), պետության ձև է, որտեղ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության ձեռքում։ Սովորաբար կրոնապետության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխող եկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո «փոխարքա», «քահանայապետ» և այլն, իսկ պետական գործունեությամբ զբաղվում են հոգևորականները։ Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծու կամքը» կատարողն է։

Նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության օրինակը Հայաստանի Հանրապետության համեմատելի չէ՝ առնվազն այն համատեքստում, որ Իրանի պետական կրոնը իսլամն է, որի կրոնական և իրավական օրենքների ժողովածուն՝ Շարիաթը, համեմատության եզրեր անգամ չունի քրիստոնեության հետ։ Այլ կերպ ասած՝ եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ Հայաստանում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կրոնապետություն է հաստատվելու, ինչի մտադրության մասին վերջինս անգամ չի էլ ակնարկել, ապա այն հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող համակարգի ու սահմանափակումների հետ աղերս անգամ չի կարող ունենալ։

Ժամանակակից աշխարհում քրիստոնեական կրոնապետության միակ արդի օրինակը Վատիկանն է, որտեղ իշխանությունը պատկանում է Հռոմի պապին, ով կաթոլիկ եկեղեցու և Վատիկան պետության գլուխն է։ Դրանցում հասարակական և անձնական կյանքի բոլոր կողմերը կանոնակարգվում են եկեղեցական կանոններով, կրոնական տոները ստանում են պետական կարգավիճակ, դատավարությունը իրականացվում է եկեղեցական (կանոնական) իրավունքով և այլն։

Իշխանական քարոզիչներն այս համատեքստում Վատիկանի օրինակը կարծես թե չեն շտապում հիշատակել, քանի որ հանրության լայն շերտերի համար այն կարող է նախընտրելի լինել։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ Հայաստանը հնարավոր չէ Վատիկան դարձնել՝ առանց իրավական, տնտեսական ու քաղաքական առկա համակարգերը զրոյացնելու, իսկ դա անելու համար տևական ժամանակ կպահանջվի։

Ինչ վերաբերվում է Կիպրոսին, ապա ցանկանում ենք շեշտել՝ այնտեղ Մակարիոս 3-րդի և նրան հաջորդած գործիչների կառավարման շրջանում կրոնապետություն չի եղել։ Նախքան իշխանության գալը Մակարիոսը եղել է պետական, քաղաքական ու կրոնական գործիչ, ով իշխանության է եկել ազատ, մրցակցային ընտրություններում և ստացել է ամենատարբեր, անգամ անգամ՝ հակադիր ուղղություններ ներկայացնող միջկուսակցական կոալիցիայի աջակցությունը։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Բագրատ Սրբազանը Հայաստանի Հանրապետությունը կրոնապետություն վերածելու մտադրություն չունի, նա երբեք այդ մասին չի հայտարարել, և եթե անգամ տեսականում որևէ մեկը նման մտադրություն ունենա, ապա դրա համար կպահանջվի տևական ժամանակ, ինչպես նաև հանրության լայն շերտերի անվերապահ աջակցությունը։ Նման մեղադրանք հնչեցնողները միայն մի նպատակ ունեն․ ամեն կերպ թիրախավորել Սրբազանին և հարվածել վերջինիս առաջնորդած վերկուսակցական շարժման հեղինակությունը ու այդկերպ պահպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Հավելենք՝ իշխանականները որքան ակտիվ են թիրախավորում Սրբազանին և վերջինիս ուղղված նմանաբովանդակ մեղադրանքներ հնչեցնում, դա փաստում է, որ շարժումն ընթանում է ճիշտ ուղղությամբ և ի վերջո հանգեցնելու է Տավուշի գյուղերի հանձնման գործընթացի վիժեցմանը և ՔՊ-ական իշխանության հեռացմանը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները