Ներքին 2 տարի առաջ - 16:53 03-05-2024

Ինչո՞ւ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ

Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ, և այս հանգամանքին իրավասու մարմինները պետք է բավարար ուշադրություն դարձնեն նաև հետագայում: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Տավուշում ոստիկանության գործողություններին, անչափահասներին բերման ենթարկելուն:

«Անչափահասների հետ կապված՝ ես նաև հայտարարություն եմ տարածել, նաև մենք նրանց տեսել ենք հիվանդանոցում, ես հատուկ արձանագրել եմ, որ երեխայի հատուկ շահը պետք է նկատի ունենան ինչպես պետական իրավասու մարմինները, այնպես էլ հավաքի կազմակերպիչները, մասնակիցները, ԶԼՄ-ները, որովհետև ԶԼՄ-ներով երեխաների հետ կապված լուսաբանումները ընդհանրապես չեն համապատասխանում ո՛չ երեխայի լավագույն շահին, ո՛չ երեխաների վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարցերին: Այս հանգամանքին, բնականաբար, հրավիրել եմ բոլորի ուշադրությունը»,- ընդգծեց Անահիտ Մանասյանը:

Հարցին՝ Կիրանցում դպրոցը սահմանազատումից հետո մոտ է լինելու ադրբեջանական սահմանին, այդ երեխաների պաշտպանվածությունն ինչպե՞ս է պատկերացնում, նա ասաց. «Եթե պետք է դպրոցը հենց այդ վայրում շահագործվի, պետք է երեխաների անվտանգությունը, բոլոր հնարավոր իրավունքները երաշխավորված լինեն։ Ինքս բոլոր դպրոցների հետ կապված հարցերը բարձրաձայնել եմ։

Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում, եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, հարցեր են առաջացնում, մտահոգություններ, որոնք հասցեավորել եմ ու պահանջել, որ հարցերը լուծված լինեն»։

Ինչ վերաբերում է Կիրանցի և մյուս բնակավայրերի բնակիչների՝ սեփականության իրավունքների խախտումներին, ՄԻՊ-ը պարզաբանեց՝ երբ մեկնել էր Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր, հատուկ արձանագրել է՝ անկախ նրանից՝ մարդը ունի սեփականության իրավունքի վկայական, թե ոչ, պետությունն է կրում դրա հետ կապված պատասխանատվությունը:

Ճշտող հարցին՝ եթե փաստ է, որ խախտվում են այդ մարդկանց սեփականության իրավունքները, ինչպես պետք է այն վերականգնվի, Մանասյանը պարզաբանեց՝ մեթոդները կարող են տարատեսակ լինել:

«Կարող է լինել կամ փոխհատուցման իրավունքի տրամադրում, կամ այլ անշարժ գույքի տրամադրում և այլն, այսինքն՝ սա քննարկման ենթակա հարց է, բայց այն, որ իրավունքի պաշտպանությունը պետք է երաշխավորվի, ակնհայտ է»,- ասաց ՄԻՊ-ը:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ադրբեջանական կողմի համար դպրոցի տարածքը տեսանելի է, կարող են, օրինակ, ծառերով քողարկել, արդյո՞ք ծառեր տնկելը կարող է լուծում լինել, Անահիտ Մանասյանն ասաց. «Դա իմ իրավասությանը վերաբերելի հարց չէ»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան