Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 03-05-2024

Ինչպես են պասիվ հակառուսականությունը ծառայեցնում ՀՀ-ում ռուսական ազդեցության պահպանմանը

2018-ին Նիկոլ Փաշինյանն իշխանությունը ստացել է ռուսական միջնորդությամբ։ Բոլորն են հիշում Սևանի հայտնի ամառանոցում իշխանության հանձնման-ընդունման պայմանավորվածությունները ռուս բարձրաստիճան միջնորդների մասնակցությամբ ու երաշխավորությամբ։ Այդ ժամանակ նա պարտավորվել է չվերանայել հայ-ռուսական պայմանագրերը, դուրս չգալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, չփոփոխել արտաքին, անվտանգային հայեցակարգերը։ Կարճ ասած՝ Փաշինյանը խոստացել է ՀՀ-ն պահել ռուսական ազդեցության գոտում։ Իսկ Պուտինն էլ համարժեք խոստացել է բոլոր լծակներով ու ռուսական գործակալներով օժանդակել Փաշինյանին իշխանության մնալու և վերարտադրվելու հարցում։

ՌԴ-ին հավատարիմ մնալու փաստը վառ ցուցադրվել է Արցախյան 44-օրյա պատերազմում, որի ժամանակ ՀՀ իշխանության ռուսամետ դիրքավորման արդյունքում ՀՀ-ն պարտվեց պատերազմում, հայ ժողովուրդը կրեց մարդկային անդառնալի և տարածքային կորուստներ։ Նիկոլ Փաշինյանը հավատրիմ էր Մոսկվային նաև ուկրաինա-ռուսական պատերազմի սկզբում, 2022-ին հումանիտար օգնություն ուղարկելով պատերազմից տուժած Ռուսաստանին։

Ռուսների վերաբերյալ խոսույթը փոխվել է 1-2 տարի առաջ, երբ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն աջակցեցին Ադրբեջանին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծված ագրեսիաների ժամանակ։ Այս ժամանակ հանրության շրջանում խորացավ ՌԴ-ի հանդեպ բացասական վերաբերմունքը։ Իսկ Արցախից հայ բնակչության բռնի տեղահանման հարցում ռուսների մասնակցությունն ավելի խորացրեց Կրեմլի հանդեպ բացասական տրամադրությունները հայ ժողովրդի մեջ։ Վերջին շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ մարդկանց մեծ մասը Ռուսաստանին չի համարում դաշնակից։

Այս ընթացքում ՔՊ-ական իշխանություններն, իրոք, ՌԴ ազգային շահերին հակասող ոչինչ չեն արել, բացառությամբ՝ Հռոմի ստատուտին միանալը, որի վերաբերյալ էլ մի քանի անգամ հավաստիացրել են, որ այն չեն կիրառելու ՌԴ նախագահի դեմ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չի խախտել ռուսներին տված խոստումները։ Եվ բոլոր այն ասեկոսեները, թե Նիկոլ Փաշինյանը խաբել է ռուսներին, խախտել է պայմանավորվածությունները և կորցրել Մոսկվայի աջակցությունը, սուտ են։

ՔՊ-ական իշխանություններն իրականում միայն տրտնջում են ՌԴ-ի հակահայ քայլերի մասին, ակնարկում, որ կարող են առաջնորդվել բացառապես ՀՀ ազգային շահերով և ՌԴ շահերին հակասող, այսպես կոչված՝ հակառուսական քայլեր անել։ Նրանք այդպիսի խոսույթ են զարգացնում ոչ թե ի սեր անկախության և ժողովրդավարության, այլ զուտ պոպուլիստական առումով, քանի որ հանրության մեծ մասը համարում է, որ Մոսկվան ՀՀ դաշնակիցը չի։ Ու թեև Փաշինյանը վարում է պասիվ ռուսամետ կուրս, և Փաշինյան-Պուտին պայմանավորվածությունները Հայաստանի վերաբերյալ ուժի մեջ են, սակայն ՔՊ-ականները և նրանց ձայնակցողները կեղծ տպավորություն են ստեղծում, թե Նիկոլ Փաշինյանը անկախության և ժողովրդավարության ջատագով է, իսկ նրա վարած քաղաքականությանը դեմ են միայն ռուսամետները։ Այսպիսով՝ ձևավորվում է փակ շրջանակ, որից շահում են Նիկոլ Փաշինյանն ու նրա հովանավոր Մոսկվան։

Սա էլ ամենը չէ։ Այս փակ շրջանակից դուրս կա նաև հավելյալ օղակ, որը ձևավորում են ռուսամետ ուժերը։ Երբ հակակառավարական ցույցերն ուղեկցվում են ռուսամետ շեշտադրումներով, ապա պասիվ հակառուսական տրամադրված մարդիկ ավելի են համոզվում, որ դրանց մասնակցել պետք չէ։ Այսինքն՝ ռուսամետ կարգախոսներով հակակառավարական ցույցերը ոչ միայն արդյունքի չեն կարող հասնել, այլև վանում են հանրության մեծ մասին և ավելի ամրապնդում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Թերևս՝ սա նկատի ունենալով են ՔՊ-ական պաշտոնյաները հաճախ կրկնում, որ ռուսամետ ընդդիմությունը իսկական նվեր է։

Ամփոփելով, ընդգծենք, որ ՔՊ-ն շարունակում է վայելել Մոսկվայի աջակցությունը իր իշխանությունը պահպանելու հարցում, միաժամանակ՝ շահելով ՌԴ-ի դեմ բացասաբար տրամադրված, այսպես կոչված՝ պասիվ հակառուսական տրամադրված մարդկանց համակարանքը, որոնք թյուրիմացաբար կարծում են, թե Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ռուսական ազդեցությունից դուրս բերելուն, անկախությունն ու ժողովրդավարությունն արապնդելուն ուղղված քայլեր է անելու։ Այսպես՝ Փաշինյանը կարողանում է վարպետորեն խաղալ ժողովրդի հակառուսական արդարացի հույզերի վրա և մնալ իշխանության և սպասարկել ռուսական շահերը։ Փաստացի՝ պասիվ հակառուսական տրամադրված հանրությունը, ռուսամետ ընդդիմությունն ու պասիվ ռուսամետ իշխանությունը միասին, ձեռք ձեռքի պահպանում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, այլև ռուսական ազդեցությունը ՀՀ-ի նկատմամբ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»