copy image url
Ներքին Արտաքին Միտք 3 շաբաթ առաջ - 21:00 30-04-2024

Պատահականությո՞ւն, թե՞ օրինաչափություն․ ԵԱՀԿ Մինսկի խմբից դժգոհ են միայն Փաշինյանն ու Ալիևը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախյան հակամարտությունը կարգավորելու նպատակով 1992 ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան եւ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ Արդեն 1997 թվականին ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը, որը հաջորդող 23 տարիներին՝ նախքան Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծումը, բանակցություններ էր վարում կողմերի հետ՝ փորձելով հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։

Ադրբեջանի կողմից 44-օրյա պատեազմում տարած հաղթանակից հետո, երբ Ալիևին հաջողվեց բռնազավթել Արցախի երեք քառորդը, վերջինս իր խոսափողների հետ միասին սկսեց հայտարարել, որ հակամարտությունն արդեն լուծված և Մինսկի խմբի անհրաժեշտությունն այլևս չի զգացվում։ Երբեմն Ալիևը մեծ եղբոր՝ Էրդողանի քաջալերանքով, էլ ավելի ցինիկ հայտարարություններ էր անում՝ ասելով՝ ժամանակն է, որ Մինսկի խմբի համանախագահները թոշակի անցնեն։

Չնայած Մինսկի խմբի համանախագահող եռյակը՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան, միմյանց հետ ունեին բազմաթիվ տարաձայնություններ, այնուամենայնիվ Արցախի հարցն աշխարհի այն եզակի հակամարտություններից էր, որտեղ այս երկրների շահերը համընկնում էին, և վերջիններս ձգտում էին հանգուցալուծել հակամարտությունը։ Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ միջնորդներն այս տարիներին հակամարտության կարգավորման մի շարք լուծումներ են առաջարկել, սակայն դրանց մեծամասնությունը մերժվել է Բաքվի կողմից։


Միջնորդների կողմից ներկայացված առաջարկները բնականաբար հիմնված էին փոխզիջումների վրա։ Դրանցից վերջինը, որը հասել էր ստորագրման փուլի, ՌԴ-ի նախաձեռնությամբ մշակված Կազանյան փաստաթուղթն էր, որով Արցախի հարակից 7 շրջաններից 5-ը առաջին փուլում հանձնվելու էին Ադրբեջանին, Արցախը ստանալու էր միջանկյալ կարգավիճակ, իսկ մյուս 2 շրջանի՝ Քարվաճառի և Բերձորի հանձնումը ուղիղ փոխկապակցված էր Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման հետ։

Այլ կերպ ասած՝ Քարվաճառն ու Բերձորը ստանալու համար Ալիևը ստիպված էր լինելու ճանաչել Արցախի անկախությունը, իսկ հակառակ դեպքում դրանք հավերժ մնալու էին հայկական վերահսկողության տակ։ Այս մասին Բաքվի վարչախմբի ղեկավարն անձամբ է մի քանի անգամ խոստովանել, ինչպես նաև ընդունել, որ միջնորդները փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ ինքը հերոսաբար դիմադրում էր։

Միջնորդների առաջարկները չէին կարող ամբողջովին բավարարել Ալիևի պահանջները, որի նպատակն ամբողջ Արցախի օկուպացումն էր, ուստի Ալիևը և Ադրբեջանի ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես քննադատում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, իսկ դրա համանախագահ երկրներին մեղադրում անգործության և հակամարտությունը լուծելու անկարողության մեջ։ Ավելին՝ հաճախ թուրք-ադրբեջանական տանդեմը Մինսկի խմբի համանախագահով եռյակին մեղադրում էր պրոհայկական դիրքորոշում ցուցաբերելու մեջ, որով էլ փորձում էր հիմանավորել բանակցային առաջարկները մերժելու քաղաքականությունը։

Բնականաբար Մինսկի խմբին ուղղված այս մեղադրանքներն իրականության հետ աղերս անգամ չունեն, սակայն Հայաստանը մշտապես կողմնակից է եղել հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը, հիմնականում չի մերժել համանախագահների ներկայացրած առաջարկները, ուստի նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանն ու համանախագահները մի կողմում են եղել, Ադրբեջանը մյուս, ապակառուցողական կողմ համարվել է հենց Բաքուն, և վերջինս նկատմամբ զանազան ճնշումներ են բանեցվել, որպեսզի նա համաձայնի կարգավորման տարբերակներից որևէ մեկին։

Այս իրավիճակը կտրուկ փոխվեց 2019-ից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ միջնորդները պետք է բանակցեն Արցախի իշխանությունների հետ, ինչպես նաև «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի հայտարարությունից հետո, որն Ադրբեջանը լավագույնս կարողացավ շահարկել ու միջազգային հանրությանը համոզել, որ Արցախյան հիմանահարցը ոչ թե ինքնորոշման իրավունքի իրացման պայքար է, այլ տարածքային վեճ։

Մտահոգիչ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որի պաշտոնավարման օրոք ոչ միայն Արցախը կորցրեցինք, այլև թշամին տարածքներ օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքից վերջին շրջանում սկսել է ձայնակցել Ալիևին և քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Ապրիլի 11-ին ԱԺ ամբիոնից նա հայատարարել էր, որ Մինսկի խումբը Հայաստանը վերածել էր աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի, իսկ իր իշխանությունը երկիրը փորձում է դուրս բերել այդ մրցակցությունից։

«ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա: Այսինքն՝ դուք մտածում էիք, որ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս անդամ երկրների շահերն այնպես են համընկնո՞ւմ...։

Մեզ 30 տարի «մեշոկի» նման այս կողմից շպրտել են այն կողմ, այն կողմից՝ այս կողմ, չեք նկատե՞լ: Մեզ գալիս, ասում էին՝ այսպես ասեք, իրենք գնում էին ԵԱՀԿ–ում ուրիշ ձև էին քվեարկում: Սա ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցություն: Մենք, ընդհակառակը, ուզում ենք Հայաստանը հանել այդ մրցակցությունից, ասել՝ այստեղ երկիր կա, կառավարություն կա, ժողովուրդ կա, տեսլական կա»,- պնդում էր կառավարության ղեկավարը։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանի համար Արցախի անկման և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծանր իրավիճակի համար մեղավոր են բոլորը, բացի իրենից ու իր գլխավորած կաբինետի անդամներից։ Սեփական կառավարման ընթացքում արձանագրված ձախողումներն արդարացնելու, ինչպես նաև հանրության ու հետագա սերունդների առաջ իրեն չքմեղացնելու նպատակով վերջինս փաստացի երկրորդում է ադրբեջանական քարոզչական թեզերը, որոնք տարածելու համար այդ երկրի իշխանությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում։

Բացի այդ, Փաշինյանի այս հայտարարության համատեքսում հերթական անգամ ականատես ենք լինում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սինխրոն գործելակերպին, երբ վերջիններս միմյանց երկրորդելով քննադատության թիրախ են դարձրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Սակայն եթե Իլհամ Ալիևը դա անում էր հանուն իր երկրի շահերի առաջ մղման, ապա Նիկոլ Փաշինյանի խնդիրը բացառապես սեփական իշխանությունը պահպանելն է, որի յուրաքանչյուր հաջորդ օրն էլ ավելի ծանր հետևանքներ է ունենում հայկական պետականության համար։

Այլ կերպ ասած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դժգոհ են միայն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, սակայն բոլորովին այլ շարժառիթներով։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:18 Կոտայքում մայրիկի անուշադրության հետևանքով 3-ամյա երեխան կանգնել է մահճակալին, պատուհանը բացել և 3-րդ հարկից դուրս ընկել. shamshyan.com
17:51 Հրազդանում կրակոցներից զոհված քրեական հեղինակություն «Դերոյի Արսեն»-ին այսօր հուղարկավորեցին
18:15 Վերջին զանգն է մոտենում. թիվ 87 դպրոցում ուսուցիչները զբաղված են միայն սուրճ խմելով
21:00 Թռիչքի ճանապարհին մառախուղ չկար. նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին
09:00 Հաշտության հասնելու 3 գործիքները 
12:00 Սրբազանին կհաջողվի միավորել հասարակությունը. հարցում
16:40 Փաշինյանը շարունակում է իր «էշը քշել»․ ԴԱՀԿ ունեցող ավտոմեքենաների տերերը չեն կարողանում տեխզննում անել
09:57 Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը․ ներկա են նաև ընդդիմադիրները․ ՈւՂԻՂ
09:45 Lragir.am. 20 տարվա արևմտամետ, լրատվական կայքը դադարել է գործել
11:29 Բարի լույս, չեմպիոններ․ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոնական գավաթով