copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 22:30 30-04-2024

Ապագա կա՞․ Տավուշի 4 գյուղերում 2021-ին ում էին վստահել իրենց ապագան

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հանրության մտահոգ հատվածը վերջին օրերին ուշի ուշով հետևում է Տավուշի շուրջ ծավալվող զարգացումներին, որտեղ իշխանությունները Ադրբեջանի հերթական պահանջն են կատարում՝ 4 ոչ անկլավային գյուղերը հանձնելով թշնամուն։ Այս ծրագիրը վիժեցնելու նպատակով տեղի բնակիչներն ապակենտրոն և ապաքաղաքական պայքար են սկսել, որոնց միացել են բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևորականներ, ովքեր գիտակցում են, թե ինչպիսի աղետալի իրավիճակ կստեղծվի, եթե գյուղերի հանձնման գործընթացը հասնի ավարտին։

Այն, որ Ադրբեջանին շարունակաբար կատարվող զիջումների քաղաքականությունը հասնելու էր նաև Տավուշի մարզին, շատերի համար տեսանելի էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորգրմանը հաջորդած օրերից։

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության նախնական տարբերակներում նշված էր, որ բացի Արցախում կատարվող զիջումներից ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնելու նաև Տավուշի մարզի 7 գյուղերն ու Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը, սակայն վերջնական տարբերակից այդ մասը հանվել էր։

Հատկապես 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Նիկոլ Փաշինյանը Տավուշի բնակիչներին երաշխավորում էր, որ ինքը ոչ մի դեպքում այդ գյուղերը չի հանձնի, որի հետևանքով բացի անվտանգային խնդիրներից, թշնամին վերահսկողություն կունենար Վրաստան տանող միջպետական ճանապարհի որոշ հատվածների նկատմամբ։ Փաշինյանն այդ օրերին կրկին տուրք էր տվել իր սիրելի ամբոխահաճո պոպուլիզմին և պնդում էր, որ 44-օրյա պատերազմի օրերին ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանն իրեն առաջարկել է ստորագրել եռակողմ հայտարարության այն տարբերակը, որում ներառված էր նաև 8 գյուղերի հանձնում, սակայն ինքը հրաժարվել է և ասել, որ իր ձեռքերը կկտրի, բայց նման փաստաթուղթ չի ստորագրի։

Նիկոլ Փաշինյանի համար այդ շրջանում առաջնային խնդիրն իր վերընտրվելն էր ու իշխանության վերարտադրումը, ուստի նա իրեն չէր զրկում այնպիսի խոստումներ տալու գայթակղությունից, որոնցից ամիսներ անց հրաժարվելու էր։ Ավելին՝ նա վստահեցնում էր, որ Արցախի հարցում առաջ է մղելու անջատում հանուն փրկության թեզը, խոստանում, որ պայքարելու է Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի համար, սակայն ընտրվելուց մեկ տարի չանցած՝ 2022-ի ապրիլի 14-ին, սկսեց խոսել նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին։

Ստեղծված իրավիճակում, երբ Փաշինյանի շարունակական զիջումների քաղաքականությունը հասել է Տավուշի գյուղերին, հանրության շրջանում հարց է առաջանում, թե վերջիններիս բնակիչներն ինչպես են քվեարկել 2021 թվականի հունիսի 20-ի արտհերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հատկանշական է, որ ինչպես ողջ Տավուշի մարզում, այնպես էլ Ադրբեջանին հանձնվող 4 գյուղերում ընտրությունների բացարձակ առաջատարը Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր։

Ստորև ներկայացնում ենք Տավուշի 4 գյուղերում արձանագրված արդյունքները․

Բաղանիս 37/8 ընտրատեղամաս․

ՔՊ՝ 274 քվե
«Հայաստան» դաշինք՝ 71 քվե
«Պատիվ ունեմ» դաշինք՝ 11 քվե


Ոսկեպար 37/12 ընտրատեղամաս․

ՔՊ՝ 285 քվե
«Հայաստան» դաշինք՝ 41 քվե
«Պատիվ ունեմ» դաշինք՝ 1 քվե

Կիրանց՝ 37/28 ընտրատեղամաս․

ՔՊ՝ 140 քվե
«Հայաստան» դաշինք՝ 17 քվե
«Պատիվ ունեմ» դաշինք՝ 2 քվե

Ոսկեվան՝ 37/9 ընտրատեղամաս․

ՔՊ՝ 361 քվե
«Հայաստան» դաշինք՝ 69 քվե
«Պատիվ ունեմ» դաշինք՝ 19 քվե

Այսպիսով՝ ինչպես ողջ Տավուշի մարզի, այնպես էլ վերոհիշյալ 4 գյուղերի բնակիչները հավատացին Նիկոլ Փաշինյանի խոստումներին, որ ընտրվելուց հետո վերջինս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է բացելու, չնայած այն բանին, որ պատերազմում խայտառակ պարտություն կրած կողմը չի կարող իրեն հաղթած կողմին խաղաղություն պարտադրել։ Այլ կերպ ասած՝ տավուշցիներն իրենց ապագան վստահեցին Նիկոլ Փաշինյանին, իսկ այժմ նրանք առերեսվում են սեփական ընտրության հետևանքների հետ։

Տավուշի 4 գյուղերի բնակիչների ընտրությունը ևս մեկ անգամ փաստում է անձնական ընտրության կարևորությունը, ինչպես նաև վկայում այն մասին, որ բնակիչները սկսում են նկատել անվտանգային խնդիրները միայն ժամանակ, երբ դրանք մոտենում են իրենց բնակավայրերին։ Միևնույն ժամանակ նկատենք, որ եթե Տավուշի բնակիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի օգտին են քվեարկել, ապա դա վերջինիս իրավունք չի տալիս գյուղերը հանձնել թշնամու՝ թվացյալ խաղաղության դիմաց։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի ողջ բնակչությունը պետք է կանգնի տավուշցիների կողքին և միանա վերջիններիս պայքարին, քանի որ թշնամու պահանջները չեն սահմանափակվելու միայն Տավուշով, իսկ դրանց կատարումից հետո ուղղվելու են նաև մյուս մարզերին։

Բացի այդ, Հայաստանի բնակչությանը պետք է հետևություններ կատարի 2021 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքներից, գիտակցի սեփական քվեի արժեքը և արդեն հաջորդ ընտրություններին, որոնք կկայանան 2026-ի հունիսին, կամ ավելի շուտ չքվեարկի այնպիսի ուժերի օգտին, որոնք ընտրություններից հետո խախտում են իրենց նախընտրական խոստումները, իսկ շատ հաճախ իրենց գործունեությամբ լիովին հակասում դրանց։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:18 Կոտայքում մայրիկի անուշադրության հետևանքով 3-ամյա երեխան կանգնել է մահճակալին, պատուհանը բացել և 3-րդ հարկից դուրս ընկել. shamshyan.com
17:51 Հրազդանում կրակոցներից զոհված քրեական հեղինակություն «Դերոյի Արսեն»-ին այսօր հուղարկավորեցին
18:15 Վերջին զանգն է մոտենում. թիվ 87 դպրոցում ուսուցիչները զբաղված են միայն սուրճ խմելով
23:36 Սամվել Բաբայանը գտնում է, որ Հայաստանը կարող է և պարտավոր է «գցել» Ռուսաստանին
21:00 Թռիչքի ճանապարհին մառախուղ չկար. նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին
09:00 Հաշտության հասնելու 3 գործիքները 
12:00 Սրբազանին կհաջողվի միավորել հասարակությունը. հարցում
16:40 Փաշինյանը շարունակում է իր «էշը քշել»․ ԴԱՀԿ ունեցող ավտոմեքենաների տերերը չեն կարողանում տեխզննում անել
09:57 Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը․ ներկա են նաև ընդդիմադիրները․ ՈւՂԻՂ
09:45 Lragir.am. 20 տարվա արևմտամետ, լրատվական կայքը դադարել է գործել