Ադրբեջանին տարածքներ կհանձնվեն նաև Խորհրդային Հայաստանից․ Փաշինյանը կրկին ստում է
copy image url

Ադրբեջանին տարածքներ կհանձնվեն նաև Խորհրդային Հայաստանից․ Փաշինյանը կրկին ստում է

Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:00 30-04-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի իշխանություններն այս օրերին կատարում են Ադրբեջանի հերթական պահանջը՝ սահմանազատման ու սահմանագծման անվան տակ վերջինիս հանձնելով Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը։ Մինչ հանրության մտահոգ հատվածը գիտակցում է այս զարգացումների աղետալի հետևանքներն ու փորձում ամեն գնով կանխել դրանք, իշխանականները մարդկանց փորձում են համոզել, որ այս հանձնումը մեծ ձեռքբերում է, քանի որ դրա արդյունքում Տավուշի հատվածում Ադրբեջանի հետ հստակեցված սահման կունենանք։

Փաշինյանն ու իր կաբինետի անդամները ամենուր հայտարարում են, որ Ադրբեջանին հանձնվող տարածքները երբեք ընդգրկված չեն եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, որը մինչև վերջերս 29800 քառակուսի կմ էր, սակայն դա նույնպես կրճատվեց՝ դառնալով 29743 քառակուսի կմ։ Գործող իշխանություններն իրենց քարոզիչների հետ միասին ամեն կերպ փորձում են հանրությանը վստահեցնել, որ ներկայիս ՀՀ-ն ձևավորվել է Խորհրդային Հայաստանի տարածքում, ուստի պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է հրաժարվել բոլոր այն տարածքներից, որոնք ՀԽՍՀ-ի կազմում ընդգրկված չեն եղել։

Եթե մինչև վերջերս ՔՊ-ական իշխանությունը վստահեցնում էր, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից անգամ 1 մմ տարածք չի հանձնվելու, ինչին շատերը թերահավատորեն էին մոտենում, նախօրին հայտնի դարձավ, ՀՀ տարածքից զիջումները նույնպես չեն բացառվում։ Մասնավորապես՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ խորհրդային ժամանակներում արված սահմանազատումը հիմք չեն ընդունելու, և սահմանը կարող է անցնել նույնիսկ գյուղի միջով, ինչը բնակիչների շրջանում կրկին վախ ու անորոշություն է առաջացրել։

Ստորև ներկայացված քարտեզում կապույտ գույնով նշված է այն տարածքը, որն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, և իշխանությունները դեռևս ապրիլի 19-ին էին համաձայնել այն փոխանցել թշնամուն։ Արդեն դեղին գույնով նշված է այն տարածքը, որը պատկանել է Խորհրդային Հայաստանին, այդ մասին վկայում են անգամ Google-ի քարտեզները, սակայն, ըստ կառավարության կողմից հրապարակված քարտեզի ու Փաշինյանի հետ հանդիպումից հետո տարածված տեղեկությունների, իշխանությունները պատրաստվում են հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։ Նկատենք՝ դեղին գույնով նշված տարածքի բնակիչներն ունեն դրանց պատկանելիությունը փաստող կադաստրի թղթերը, սակայն փաշինյանական իշխանությանը դա նույնպես չի կաշկանդում։

Քարտեզում կանաչ գույնով նշված են մոտ 60 հեկտար կազմող Կիրանց գյուղի այն տարածքները, որոնք գյուղացիներն առաջարկում էին կառավարությանն ու դելիմիտացիայի հանձնաժողովին՝ գյուղի ծայրամասի ու հարող հատվածի փոխարեն (քարտեզում կապույտով ու դեղինով)։ Մտահոգիչ է, որ Հայաստանի կառավարությունը բնակիչների ներկայացրած առաջարկները չի ընդունել, իսկ հիշյալ տարածքները հանձնելու դեպքում վտանգվելու է նաև կանաչով նշված հատվածի անվտանգությունը, այն նույնպես հայտնվելու է թշնամու նշանառության տակ։



Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է և շարունակում է ստել հայ հանրությանը։ Ադրբեջանի հետ պայմանականորեն սահմանազատման և սահմանագծման անվանումը ստացած այս գործընթացում, իշխանությունները պատրաստվում են թշնամուն հանձնել ոչ միայն Հայաստանի այն տարածքները, որոնք Խորհրդային միության տարիներին ապօրինաբար բռնակցվել են Ադրբեջանին, այլև հենց Խորհրդային Հայաստանի մաս հանդիսացած տարածքները, որոնց պատկանելիությունը ՀՀ-ին արտացոլված է նաև Google-ի վիճահարույց քարտեզներում։

Ադրբեջանին շարունակաբար կատարվող զիջումները, այդ թվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, վտանգում են ոչ միայն Տավուշի գյուղերի անվտանգությունը, այլև հանգեցնելու են դրանց լիակատար հայաթափմանը։ Ստեղծված իրավիճակն էլ ավելի է խորացրել բնակիչների շրջանում առկա մտավախությունները, որի պայմաններում բնակիչներից շատերն այլևս այդ գյուղերում ապրելն անվտանգ չեն համարելու ու այնտեղից հեռանալու տարբերակներ են փնտրելու։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես, ինչպես նախորդ դեպքերում, այս դեպքում ևս չի երաշխավորել, որ Ադրբեջանի պահանջները կատարելուց հետո հնարավոր կլինի խաղաղություն հաստատել։ Թեև կառավարության ղեկավարը բնակիչներին հայտնել է, որ այս գործընթացների ավարտից հետո գյուղերում սահմանապահներ կտեղակայվեն, սակայն դրանից հետո մարդիկ կարող են 7 օր անվտանգ ապրել, իսկ 8-րդ օրն այլևս անվտանգ չի լինի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս ոչ միայն Հայաստանից օկուպացված տարածքները չի վերադարձնելու, այլև պատրաստվում է նոր տարածքների օկուպացմանը։ Տավուշում ՀՀ-ից զիջումներ կորզելու գործընթացը բարեհաջող կերպով ավարտին հասցնելուց հետո Ադրբեջանը մեծ հավանականությամբ կտորպեդահարի սահմանազատման և սահմանագծման գործընթացը և կսկի պատրվակներ փնտրել՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա սանձնազերծելու համար։

Ամենից շատ դիտված

20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը
15:11 Աննա Հակոբյանի նոր սկանդալային գրառումը. իրավունքի խախտում, զրպարտություն և պետության հիմքերի թուլացում
15:22 Ես ինձ չեմ ների, եթե իմ թոռները Շուշիին տուրիստի աչքերով նայեն. Կարապետ Պողոսյան
21:18 Մեր սրբավայրերն այս վիճակում են, որովհետև չախոյանանմաններն են զավթել իշխանությունը․ Վահագն Մխոյան
18:52 Ա՛յ մարդ, գնացեք ձեր ինտիմ կյանքով զբաղվեք, ինչ եք ընկել քահանաների հետևից. Դավիթ Կարապետյան
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են