Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 17:00 29-04-2024

Ինչո՞ւ են հեղաշրջման մասին ասեկոսե տարածում

Տավուշի մարզում հատվածական սահմանազատման դեմ ցույցերի և հանրային մտահոգությունների ֆոնին ասեկոսե է տարածվում, թե ինչ-որ մութ ուժեր հեղաշրջում են նախապատրաստում։ Ովքե՞ր են այսպիսի ասեկոսե հորինում, ի՞նչ խնդիր են լուծում վտանգավոր ապատեղեկատվություն տարածելով։

ՀՀ անկախությունից ի վեր իշխանափոխության օրակարգով ցույցերը ներկայացվել են որպես ռուսական ռևանշի փորձ, անկախության դեմ շարժում, իսկ կազմակերպիչները՝ Մոսկվայից ուղղորդվաղ ռուսական գործակալներ։ Այսպես են որակվել 1992-ի, 1996-ի, 2003-2004-ի, 2008-ի իշխանափոխության օրակարգով ցույցերը։

Հատվածական սահմանազատման դեմ ներկայիս հանրային ընդվզման պարագայում կրկնվում է տառացիորեն նույն մոտեցումը։ ՔՊ-ական իշխանության հանրային պաշտպանները, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ու արած քայլերը արդարացնողները միաբերան կասկած են հայտնում, որ այս ցույցերի կազմակերպիչները ռուսական գործակալներ են, որոնք, իբր, Մոսկվայի դրդմամբ են դուրս եկել փողոց, որպեսզի տապալեն Նիկոլ Փաշինյանին և հաստատեն ռուսամետ իշխանություն, սպասարկեն ռուսական շահերը։ Նախկինում այսպիսի հրապարակային կասկած հայտնելուց հետո սկսվել են հետապնդումներ։ Դրանք իրականացվել են ԱԱԾ-ի կողմից։

Այս զուգահեռը հիմք է տալիս ենթադրելու, որ հատվածական սահմանազատման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հեղաշրջման մասին ասեկոսեն հորինվել է Նալբանդյան 104-ում։ Իսկ շրջանառվելու նպատակը վախ տարածելն է, որ կարող են ցույցերի կազմակերպիչներին հետապնդել, նրանց ներկայացնելով Մոսկվայի դրդման հեղաշրջում կազմակերպելու, ռուսական գործակալ լինելու կասկածանքներ։ Պարզ ասած՝ հեղաշրջման մասին ասեկոսեն հորինված է իշխանությունենրի կողմից իշխանությունը պահելու, քաղաքական հնարավոր հետապնդումների սարսափ տարածելու, ցույցերի կազմակերպիչներին, քաղաքական մրցակիցներին ասպարեզից վանելու, հեռացնելու նպատակով։

Կա լավատեսական հեքիաթ։ Իշխանական քարոզիչներն ասում են, թե ԱՄՆ-ն, ԵՄ-ն ստիպել են Ալիևին շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ և սկսել սահմանազատման գործընթացն Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա, ՀՀ-ին վերադարձնելով ՀՀ ինքնիշխան տարածքից զավթած տարածքները։ Իր հերթին ԱՄՆ-ն, իբր՝ խոստացել է Փաշինյանին, որ Ալիևը կվերադարձնի զավթած հողերը, եթե Հայաստանում կիրականացվեն անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ, մասնավորապես՝ դուրս կհրավիրվեն ռուսական զորքերը, իշխանության օղակներից կհեռացվեն ռուսական գործակալները։ Եվ հիմա ԱԱԾ-ն, շրջանառելով ֆեյք հեղաշրջման ասեկոսեն, փորձում է ժողովրդին համոզել, որ պետք է արագացնեն անկախության և ժողովրդավարության բարեփոխումները, քանի որ Մոսկվան ու նրա գործակալները սպառնում են զավթել իշխանությունը։ Եթե այդպես է, ապա առաջիկա օրերին, ենթադրաբար՝ մայիսի 9-ին ՀՀ իշխանությունը կխոսի ՀՀ-ից ռուսական ռազմակայանը դուրս հրավիրելու մասին։ Դրանից հետո ԱՄՆ-ի ճնշմամբ Ադրբեջանը ՀՀ-ին կհանձնի մի քանի կմ հող։

Մեկ այլ վարկածով՝ ենթադրվում է, թե ասեկոսեն հորինած իշխանությունները ստեղծում են կեղծ պատկեր, թե հեղաշրջման սպառնալիքը խոչընդոտում է շարունակել սահմանազատման գործընթացը։ Այսինքն՝ նախապատրաստում են քավության նոխազներ։ Նրանց վրա են բարդելու Ադրբեջանին հողեր հանձնելու պատասխանատվությունը։ ԱԱԾ-ն իր պատմության մեջ առաջին անգամ բացահայտելու է ՌԴ շահերը սպասարկող, Կրեմլից ուղղորդվող ռուսական գործակալների, որոնք կխոստովանեն, որ հեղաշրջում էին պատրաստում։ Դրանից հետո ՔՊ-ական քարոզիչներն ասելու են, իբր ռուսական գործակալները հրահրեցին ներքին լարվածություն, փորձեցին հեղաշրջում անել, իսկ իշխանությունը նրանց պատճառով ստիպված հակաժողովրդավարական քայլեր արեց՝ քաղաքական հալածանքներ, իրավուքների սահմանափակումներ և այլն։ Դրանց հետևանքով Արևմուտքը ՀՀ-ից երես թեքեց, չաջակցեց, իսկ ՔՊ-ական իշխանությունը առանց արևմտյան աջակցության չկարողացավ շարունակել սահմանազատման գործընթացը, վերադարձնել ՀՀ տարածքից զավթված հողերը։ Այսինքն՝ ապագայում այս մանիպուլյացիան իրականացնելու համար են հեղաշրջման մասին ասեկոսե տարածում ներկայում։

Պարզ ասած՝ հեղաշրջման մասին ասեկոսեն հանգեցնելու է հետապնդումների շղթայի։ Հարցն այն է, թե ի՞նչ է հաջորդելու դրան։ Լավատեսական ենթադրությամբ՝ ՀՀ-ն կօգտագործի առիթն ու կթոթափի ռուսական իներցիոն ազդեցությունը, որոշ ձեռքբերումներ կունենա սահմանազատման գործընթացում, ինչպես ակնարկում են ՔՊ-ամերձ քարոզիչները։ Վատագույն դեպքում՝ ՔՊ-ն կսկսի վհուկների որս, վերջիններիս վրա կբարդի միակողմանի տարածքային զիջումների ծանր մեղքն, իսկ ՀՀ-ն ավելի մեծ քայլերով կնահանջի անկախությունից և ժողովրդավարությունից։

Թաթուլ Մկրտչյան