copy image url
Ներքին Խոսք 1 շաբաթ առաջ - 21:30 26-04-2024

Դա լավագույն ավանդույթներից է և արվում է շրջանավարտների կամքով. նախկին դեկանի պատասխանը Փաշինյանին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանն օրերս հերթական անգամ քննադատության թիրախ էր դարձրել Երևանի պետական համալսարանը՝ այն անվանելով փախստականի ճամբար։ Փաշինյանը միևնույն ժամանակ հեգնել էր, որ շատերը մայր բուհը, որն իր համոզմամբ փախստականների ճամբար է, համարում են սրբություն։

Կառավարության ղեկավարին, ով տարիներ առաջ չէր կարողացել ընդունվել ԵՊՀ, իսկ ավելի ուշ հեռացվել էր այնտեղից, դուր չի եկել նաև այն հանգամանքը, որ տարիներ շարունակ ԵՊՀ շրջանավարներն իրենց դիպլոմները ստանում են Անիի ավերակներում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի նախկին դեկան Էդիկ Մինասյանից, ում նախաձեռնությամբ ֆակուլտետի ուղանողները տարիներ շարունակ իրենց դիպլոմները ստացել են Արևմտյան Հայաստանում։

Էդիկ Մինասյանն ընդգծեց, որ համալսարանը երբեք փախստականների ճամբար չի եղել և չի էլ լինելու։ Նա ասաց, որ համալսարանը շատ լուրջ հեղինակություն վայելող գիտաուսումնական կենտրոն է և այսօր էլ առաջնային դիրքեր է գրավում ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև ողջ աշխարհում։

«Համալսարանը միշտ էլ աչքի է ընկել իր գիտական պոտենցիալով և գիտաուսումնական աշխատանքների շատ բարձր մակարդակի կազմակերպվածությամբ։ Այսօր էլ համալսարանն իր բարձրության վրա է և միշտ էլ առաջնակարգ դիրքեր է զբաղեցրել։ Համալսարանը չի կարելի թերագնահատել՝ ինչպես կրթության, այնպես էլ գիտության առումով»,- ասաց նա։

Անդրադառնալով շրջանավարտների դիպլոմներն Արևմտյան Հայաստանում հանձնելուն՝ Էդիկ Մինասյանը նշեց, որ շրջանավարտները նախևառաջ իրենց դիպլոմները ստանում են համալսարանում։ Նրա խոսքով՝ որոշ շրջանավարտներ կամավոր հիմունքներով ցանկություն են հայտում, որ իրենց դիպլոմներն Արևմտյան Հայաստանում հանդիսավոր արարողությամբ ստանան։

Մինասյանը հայտնեց, որ Արևմտյան Հայաստան ուղևորությունները կազմակերպվում են տուրիստական կազմակերպությունների միջոցով։ Նա նշեց, որ դիպլոմները հանձնում են հիմնականում Անիի Մայր տաճարի կամ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու տարածքում։

«Շրջանավարտների այդ խումբ հավաքվում է, տուրիստական կազմակերպությունների ենք դիմում, և մեզ հետ վերցնում ենք արդեն իսկ համալսարանում ստացած դիպլոմները և այնտեղ կազմակերպում ենք դրանց հանձումը։ Հիմնականում հանձնում ենք Անիի ավերակներում՝ Մայր տաճարում՝ մեր պատմական հուշարձանում, որը սրբության սրբոց է։ Հիշենք, որ այդ 10-րդ դարավերջին կառուցված այդ հզոր կառույցը, որը դեռ միջնադարում էր համարվում հոյակապ ճարտարապետական կոթող, հայտնի է աշխարհին։ Ո՞նց կարող է հայ պատմաբանը չտեսնել այդ հուշարձանը և չիմանալ, որ դա, ինչպես նաև Արևմտյան Հայաստանը, իր հայրենիքն է»,- նկատում է նա։

Էդիկ Մինասյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Արևմտյան Հայաստանում դիպլոմների հանդիսավոր հանձնումը շրջանավարտների հիշողության մեջ մնում է առհավետ։ Ըստ նրա՝ սա լավագույն տրադիցիաներից մեկն է, որն ուսանողների ցանկությամբ ամեն տարի իրականացվում է, և ֆակուլտետն ավարտած շրջանավարտները գնում են իրենց հայրենիք։

Մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ Արևմտյան Հայաստան կատարվող ամենամյա ուղևորությունները բաց դաս են՝ բաց երկրնքի տակ։ «Ուսանողները տեսնում են մեր հայրենիքի մաս կազմող ճարտարապետական հզոր կոթողները, դիտում են պատմական ճակատամարտերի վայրերը։ Երբ մենք մոտենում ենք Անիի տաճարին, կամ Աղթամարի եկեղեցուն, արվեստաբաններին խնդրում ենք, որ նրանք բացատրեն, թե այն երբ է ստեղծվել և այլն։ Օրինակ, երբ Հովվի կամրջի մոտով ենք անցնում, պատմաբաններին հարցնում ենք, թե այնտեղ պատմական ինչ իրադարձություններ են եղել, խնդրում ենք թվարկել դրանք։ Սա նաև նրանց համար էքսկուրսիա է, որի ընթացքում նրանք իմանում են անցյալի դեպքերի ու կարևորագույն իրադարձությունների մասին»,- ասաց նա։

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի երկարամյա դեկանը նշեց նաև, որ դիպլոմները շրջանավարտներին ոչ միայն Արևմտյան Հայաստանում են հանձնել, այլև Արցախում։ Նա նշեց, որ շրջանավարտներն իրենց դիպլոմները ստացել են Տիգրանակերտում, Ամարասում և այլն․

«Ուրեմն ինչպե՞ս կարելի է ասել, որ դա մեր հայրենիքը չի։ Բացի այդ, այդ պատմական դեպքերն ու իրադարձությունները իմանալը ցանկացած պատմաբանի, մշակութաբանի և արվեստաբանի համար անհրաժեշտություն են։ Նման էքսկուրսիաների միջոցով մասնագետների մոտ տպավորություններ են ստեղծվում, ու զարմանալի է, որ որոշ մարդկանց դուր չի գալիս»։

Մինասյանի խոսքով՝ Անիի Մայր տաճարը, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին համաշխարհային մշակույթի գանձարանում ամրագրված արժեքներ են։ Նա միևնույն ժամանակ զարմանքով նշեց, թե ինչպես կարելի է դրանցով չհպարտանալ։

Մեր հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կողմից ԵՊՀ-ն պարբերաբար թիրախավորվում, Էդիկ Մինասյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե նա դա ինչ մտադրությամբ է անում։ Մեր զրուցակիցը մեզ հորդորեց այս հարցն անձամբ Փաշինյանին ուղղել։

Էդիկ Մինասյանը վերահաստատեց, որ ԵՊՀ-ն միշտ էլ առաջնային դիրքեր է գրավել և ազգային կարևոր օջախներից մեկն է եղել։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ անգամ Խորհրդային միության տարիներին ժամանակի իշխանություններն առաջին հերթին համալսարանի հետ էին հաշվի նստում։

«Ես չգիտեմ, թե ինչու է այսօր այդ վերաբերմունքը համալսարանի նկատմամբ, Դուք դա կարող եք իրեն հարցնել։ Համալսարանը միշտ էլ եղել է և մնում է մեր ժողովրդի հոգևոր ամենամեծ արժեքը, ինչպես հայոց եկեղեցին և այլն։ Համալսարանը նույնպես այդ սուրբ օջախներից մեկն է և, իմ կարծիքով, պետք է գնահատվի ըստ արժանվույնս։ Կարծում եմ, որ համալսարանն այսօր էլ արժեք է, և մենք պետք է այդ արժեքը գնահատենք»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան