copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 13:53 26-04-2024

ՀՀ-ի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի գազ․ ՔՊ-ական պատգամավոր

Իմ ունեցած տեղեկություններով ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց եթե կա որեւէ երկիր, որ գազ է վաճառում եւ կա երկիր, որ գազի կարիք ունի, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն հարց քննարկելի է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նրան, որ Ալիեւը չէր բացառել, որ Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել:

«Բայց այս պահին որեւէ պայմանավորվածություն կամ համաձայնություն չկա»,- ասաց նա:

Հարցին՝ Ադրբեջանից գազ գնելն անվտանգության խնդիր չի՞ կարող առաջացնել Հայաստանի համար, Թունյանը պատասխանեց. «Հայաստանի, եւ ընդհանրապես, որեւէ երկրի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի էներգառեսուրսը: Պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է եւ ամենաշահավետն է: Իսկ վտանգները էներգակիրների հետ կապված առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է եւ քո աղբյուրը մեկն է: Այսինքն ինչքան դու կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան ավելի ես բարձրացնում քո էներգետիկ անվտանգության մակարդակը»:

Նա հավելեց, որ Հայաստանը միշտ էլ մտածել է իր էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին, դրա համար էլ ժամանակին կառուցվել է Իրան-Հայաստան գազամուղը. «Այս պահին ռուսական գազը եւ իրանական գազ ամբողջությամբ մեր պահանջարկը բավարարում են»:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ գազի մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու դեպքում հնարավոր է անհրաժեշտ լինի վերանայել «Գազպրոմի» հետ համաձայնագիրը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Մենք հիմա խոսում ենք ինչ-որ տեսական հնարավորության մասին: Ոչինչ պետք չի բացառել: Ժամանակին գազ ստանում էինք միայն Ռուսաստանից, հետո նաեւ սկսեցինք Իրանից ստանալ: Եթե դրա կարիքը լինի, կարող ենք դիտարկել նաեւ այլ երկրների տարբերակը: Եթե դրա կարիքը լինի, կարգավորումների մեջ փոփոխություններ կլինեն: Այս պահին մենք մեր օրակարգում նման հարց չունենք:

Նման բան պայմանավորվելու համար մենք պետք է ունենանք կարգվորված հարաբերություններ, պետք է ունենանք որոշակի շփումներ, ինչ-որ գործնական առնչություններ, որ հետո այդպիսի հարց քննարկենք: Այն էլ այն դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանը հրաժարվի ռուսական գազից, նախընտրելով ադրբեջանականը, Բաբկեն Թունյանն արձագանքեց. «Եթե դուք մի խանութից գնում եք թթվասեր, մեկ էլ տեսնում եք, որ կողքի խանութում այդ նույն թթվասերը վաճառում են կրկնակի էժան գնով: Դա ձեզ կստիպի՞ հրաժարվել այն մի խանութից առեւտուր անելուց, թե ոչ: Ամեն ինչը կախված է բազմաթիվ գործոններից: Եթե կլինի այնպիսի վիճակ, որ կզգանք, որ մեզ ավելի նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել եւ դա հնարավոր է, ապա պետք է մտածենք այդ ուղղությամբ:

Այո, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց մենք ռուսներից գազը հո ձրի չենք ստանում, մենք դա գնում ենք: Առեւտուր է տեղի ունենում: Մենք էլ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք, բայց երբ մենք մտակարարում ենք ասենք, պղինձ, կոնյակ, կամ այլ բան, հո ձրի չե՞նք տալիս: Այստեղ ամեն ինչ կախված է գնից:

Ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ ժամանակին նույն ռազմավարական դաշնակիցը 300 մլն դոլարի գազի պարտքի դիմաց վերցրեց որոշ ռազմավարական օբյեկտներ Հայաստանից: Դա նորմալ է, վերցրել ենք, պետք է վճարենք:

Այլ տեղից գազ գնելու անհրաժեշտությունը կլինի այն ժամանակ, երբ, օրինակ, ռուսական գազը կդառն այնպիսի բարձր գին ռեսուրս ունեցող, որ մենք ստիպված կլինենք այլ աղբյուրների մասին մտածել: Կամ եթե գա մի իրավիճակ, որ տեխնիկապես հնարավոր չի լինի ռուսական գազ գնել: Բայց դա չի նշանակում, որ մենք հիմա ամեն գնով ինքնանպատակ պետք է փորձենք ուրիշ աղբյուրներից գազ գնել»:

Ամենից շատ դիտված