copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 շաբաթ առաջ - 18:30 25-04-2024

Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջին շրջանում առիթը բաց չի թողնում հակառուսական հռետորաբանությամբ հանդես գալու և ՌԴ-ին քննադատելու համար։ Օրերս էլ ԵՄ խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականություն, իսկ ռուս-ուկրաինական պատերազը որակել էր որպես ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժում։

Սիմոնյանի այս հայտարարությունն արժանացել էր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի դժգոհությանը, ով պաշտոնական նամակով դիմել էր ՀՀ ԱԺ և պարզաբանումներ պահանջել Սիմոնյանի հայտարարություններւի վերաբերյալ։ Ավելի վաղ Սիմոնյանի այս հայտարարությունը քննադատել էր նաև Վալենտինա Մատվիենկոն՝ պնդելով, որ իր հայ պաշտոնակիցը հատել է բոլոր կարմիր գծերը։

ԱԺ նախագահի այս հակառուսական հայտարարություններն ուշագրավ են այն համատեքստում, որ քաղաքական դաշտում քննարկումներ կային, որ վերջինս ՌԴ-ի թեկնածուն է, և Մոսկվան պատրաստվում է Փաշինյանին փոխարինել Ալեն Սիմոնյանով։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, թե այն պնդումները, թե Ալեն Սիմոնյանը կարող էր Ռուսաստանի թեկնածուն լինել և փոխարինել Նիկոլ Փաշինյանին դրանք մնացին բացառապես խոսակցությունների մակարդակում։ Նրա խոսքով՝ նման բազմաթիվ թեկնածուների անուններ են շրջանառության մեջ դրվել, որոնք անգամ քննարկման թեմա չեն դարձել։


/Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ/

Բադալյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ալեն Սիմոնյանը որոշ խնդիրներ ուներ կապված իր բարեկամների հետ, ովքեր քրեադատավարական գործընթացների մեջ էին։ Նա նկատում է, որ այդ մարդկանց վերջնական ազատ արձակելու համար անհրաժեշտ է շատ լավ աշխատել ոչ միայն կալանավորումից հետո, այլև դրանից հետո․ Ալեն Սիմոնյանը պետք է իր պարտքը վերադարձնի։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ շեշտեց, որ Հայաստանում արևմուտք թեքվելու և հակառուսականություն քարոզելու տենդենցը բավականին վաղուցվանից է սկսվել, պարզապես ոմանց մոտ դա ավելի հրապարակային է տեղի ունենում, ոմանց մոտ՝ ոչ այնքան։ «ՔՊ-ի թիմի մոտ այդ տենդենցը վաղուց կար, իսկ թիմի ղեկավարը, երբ Հայաստան բերեց եվրոպացի դիտորդներին, դա էլ ոչ տեքստային, բայց գործողություններով հակառուսական գործընթաց էր։ Այդ ժամանակվանից սկսած Հայաստանի իշխող քաղաքական վերնախավի կապերը ՌԴ վերնախավի հետ համարյա զրոյացել էին։

Չմոռանանք նաև, որ վարչապետի տիկնոջ այցը Ուկրաինա, հատկապես Բուչա, այնտեղ գլուխ խոնարհելը, ՌԴ ղեկավարների կողմից շատ հիվանդագին ընդունվեց, քանի որ արևմուտքը ռուսական կողմին մեղադրում է այնտեղ հանցագործություններ կատարելու մեջ, իսկ վերջինս դա մերժում է։ Այս իրավիճակում եթե Հայաստանի վարչապետի կինը գնում է Բուչա, դա անուղղակի մեղադրանք է Ռուսաստանին և աջակցություն Ուկրաինային»,- ասաց Բադալյանը՝ պնդելով, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները արևմուտքին ցանկալի տեքստերով են հանդես գալիս։

Արմեն Բադալյանը համոզմունք հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը երբեք էլ ՌԴ-ի թեկնածուն չի եղել, դրանք պարզապես խոսակցություններ են եղել․

«Իհարկե չեմ կարող 100 տոկոսով ասել, որովհետև ռուսական այդ շրջանակների հետ չեմ շփում, պարզապես կարող եմ ասել, որ այդ ժամանակ այնքան մարդկանց անուններ էին պտտվում, շատ դեպքերում այնպես չէ, որ դա ռուսական կողմից էր գալիս, շատ դեպքերում այստեղ էր շրջանառության մեջ դրվում։ Նաև պարտադիր չէ, որ այդ ասեկոսեները հենց ԱԺ ղեկավարության կողմից տարածվեն, դրա համար բազմաթիվ այլ տեխնոլոգիաներ կան»։

Մեր զրուցակիցը նշեց, որ եթե Հայաստանի գլխավոր իշխանավորին՝ Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ կերպ հաջողվի ռուսական կողմի հետ համաձայնության գալ, որն այս պահին գրեթե անհնար է, ապա եթե ՌԴ-ն պահանջի հակառուսականության համար ազատվել Ալեն Սիմոնյանից, ապա Նիկոլ Փաշինյանը 1 վայրկյանում դա կանի՝ հաշվի չառնելով նրա ունեցած դիրքն ու հնարավորությունները։ Նա նաև շեշտեց, որ եթե քաղաքական գործիչները հակառուսական տեքստերով են հանդես գալիս, դա հետագայում նրանց կարող է օգնել այլ երկրներում բնակության հաստատելու հարցում։

Անդրադառնալով Կարասինի կողմից ՀՀ ԱԺ ուղարկված նամակին՝ Բադալյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այդ նամակն ուղղարկվել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պահանջով, ինչը բավականին լուրջ գործընթաց է։ Նա նկատում է, որ Մատվիենկոն ռուսական կառավարական իսթափլիշմեթում որոշակի կշիռ ու ազդեցություն ունի, նա երկրորդական անձնավորություն չէ, որքան էլ այդ խորհուրդը ՌԴ քաղաքական կյանքում էական ազդեցություն չունի։

«Մատվիենկոն կառավարման աստիճանակարգում բավականին ազդեցիկ գործիչ է համարվում և եթե նրա պահանջով ՀՀ խորհրդարան նամակ է ուղարկվում, ապա դա նշանակում է, որ առանց այդ էլ վատ վիճակում գտնվող հարաբերությունները էլ ավելի են վատանում։ Երբ ԱԺ-ին նման նամակ է ուղարկվում, դա նշանակում է 3 խմբակցությունները՝ ՔՊ-ն, «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը խմբակցությունների ղեկավարների մակարդակով պետք է պատասխանեն այդ նամակին։ Կարող են նաև չպատասխանել, բայց դա նշանակի, որ այդ արհամարհանքն էլ ավելի բարձր մակարդակի վրա է»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգը նկատում է, որ կախված ԱԺ խմբակցությունների պատասխանից կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։ Նա նշեց, որ լրատվական դաշտում արդեն երկու գործի անուններ են շրջանառվում, որոնց մուտքը ՌԴ արգելված է․

«Իհարկե նրանցից ոմանք չեն պատրաստվում ՌԴ գնալ, բայց եթե նամակն եկավ ՔՊ խմբակցություն, ապա խմբակցության յուրաքանչյուր անդամ պարտավոր է դժգոհություն հայտնել՝ ինքը պաշտպանո՞ւմ է ԱԺ նախագահի դիրքորոշումը, թե՞ ոչ։ Այսինքն՝ նրանք պետք է իրենց ստորագրությունը դնեն դրա տակ, կամ չդնեն։ Այստեղ շատ բան կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կորդեգրի վարչապետը․ օրինակ Փաշինյանը կարող է ստիպել, որ բոլորը մի մարդու նման ստորագրեն ԱԺ նախագահի հայտարարության տակ, ինչը կնշանակի, որ բոլորը համաձայն են նրա տեսակետի հետ։ Դա նշանակում է, որ նրանց բոլորի մուտքը ՌԴ կարող է փակվել»։

Արմեն Բադալյանը հավելեց, որ եթե որոշ մարդիկ չդնեն իրենց ստորագրությունը, ապա դա նշանակում է, որ ՔՊ-ի մեջ պառակտում է առաջացել․ մի մասը կիսում է քաղաքական ղեկավարի դիրքորոշումը։ Նա ասաց, որ սա էլ արդեն բոլորովին այլ գործընթաց է։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված