Արտաքին Միտք 2 տարի առաջ - 17:00 23-04-2024

Ալիևը միջազգային դատարանի վճիռներն է անտեսում. ԱՄՆ Սենատի բանաձևերը նրա վրա չեն ազդի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ամերիկացի կոնգրեսականների խումբը՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, այս շաբաթ ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների դեմ օրինագիծ կներկայացնի։ Ցանկում ընդգրկված են դատավորներ, քննիչներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում։

Օրինագծի ընդունման դեպքում այն նախագահ Ջո Բայդենի վարչակազմից կպահանջի համապատասխան որոշումներ կայացնել՝ նշված անձանց խմբի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։

Ամերիկացի օրենսդիրներն այս օրինագծի ընդունումը հիմնավորում են նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմով։ Դրանում, ի թիվս այլ մեղադրանքների, խոսվում է նաև հայ գերիների մասին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակվող կալանավորումները, խոշտանգումները, արտադատական ​​մահապատիժները և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումները ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց նկատմամբ լուրջ կասկածի տակ են դնում նրանց հավատարմությունը մարդու իրավունքներին և արդար, տևական խաղաղ կարգավորման շուրջ բանակցելու կարողությունը:

Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման, այնտեղ իրականացրած էթնիկ զտումների, ինչպես նաև մշակութային ժառանգության ոչնչացման ֆոնին նման բանաձևի ընդունման հնարավորությունը հայ հասարակության շրջանում որոշակի ոգևորություն է առաջացրել։ Հանրության որոշ շերտեր, ովքեր այնքան էլ լավ ծանոթ չեն աշխարհաքաղաքական զարգացումներին, կարծում են, որ նման բանաձևերի ընդունմամբ հնարավոր կլինի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել, ինչպես նաև կանխել Հայաստանի Հանրապետության դեմ այդ երկրի հետագա ագրեսիաները։

Նախևառաջ նկատենք` եթե անգամ այս բանաձևն ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, ապա այն բացառապես խորհրդատվական բնույթի և ենթակա չէ կատարման։ Այն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին պարզապես հորդորում է պատժամիջոցներ սահմանել Ալիևի ռեժիմի դեմ, իսկ ամերիկյան իշխանությունները կգնա՞ն այդ քայլին, թե՞ ոչ` կորոշվի Սպիտակ տանը։

Առավել հավանական է, որ Բայդենի վարչակազմը չի գնա Ադրբեջանի հետ հարաբերությունները վատաթարացնելու ճանապարհով։ Մի կողմից պաշտոնական Վաշինգոտնն աջակցում է Երևանի և Բաքվի միջև մեկնարկած կարգավորման գործընթացին ու ներկայիս փուլում ամեն կերպ կձգտի խուսափել դրանից, իսկ մյուս կողմից, հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին, մեծացել է Ադրբեջանի աշխարհաքաղաքկան նշանակությունը՝ Եվրոպային էներգակիրներ մատակարարելու հարցում։

Կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ընթացիկ 2024 թվականն ԱՄՆ-ում ընտրական տարի է, և այս երկրի քաղաքական շրջանակների ուշադրությունն առավելապես կենտրոնացած է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների վրա։

Նշենք, որ ԱՄՆ-ում տարիներ շարունակ գործում է հայտնի 907-րդ բանաձևը, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել, սակայն ԱՄՆ նախագահները, այդ թվում ներկայիս նախագահ Ջո Բայդենն օգտվում են այն շրջանցելու իրենց իրավունքից ու շարունակում ռազմական օգնության տրամադրումը։ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը չի դադարեցվել անգամ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո, չնայած այն բանին, որ Կոնգրեսի կողմից կրկին համապատասխան բանաձև էր ընդունվել, որը նախագահին հորդորում էր չշրջանցել 907-րդ բանաձևը։

Բացի այդ, եթե անգամ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվեր հայ ժողովրդի շահեն ամբողջովին արտահայտող բանաձև, ապա այն դժվար թե Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն ունենար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն այն երկիրն էր, որն այդպես էլ չկատարեց Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը պահանջում էր անհապաղ բացել Լաչինի միջանցքը, ուստի իրատեսական չէ ակնկալել, թե ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը կարող է որևէ կերպ ազդել Ալիևի գործողությունների վրա։

Այպիսով՝ չափազանց կարևոր է, որ հայ ժողովուրդը հերթական անգամ չտրվի պատրանքներին և սին հույսեր չկապի մի որոշման հետ, որն անգամ ընդունվելու դեպքում լուրջ ազդեցություն ունենալ չի կարող։ Ավելորդ չի լինի հիշեցնելը, որ նման որոշումներն ու բանաձևերն ընդունվում են տարածաշրջանային և գլոբալ շահերից ու անհրաժեշտություններից ելնելով, ուստի դրանք չեն կարող միտված լինել հայ ժողովրդի շահերի սպասարկմանը։

Միևնույն ժամանակ նկատենք չենք ցանկանում թերագնահատել այս բանաձևերի կարևորությունը․ դրանք կարևոր նշանակություն կարող են ունենալ միջնաժամկետ և երկրաժամկետ հեռանկարում՝ Ադրբեջանի գործողություններին իրավական գնահատական տալու և այդ երկրին հետագայում պատասխանատվության ենթակելու տեսանկյունից։

Ուստի կարծում ենք, որ հատկապես Ամերիկայի հայ համայնքի անդամներն ու կառույցները պետք է ակտիվորեն աշխատեն օրենսդիրների ու տեղական իշխանությունների հետ, որպեսզի այս և նմանաբովանդակ մյուս բանաձևերը հաջողությամբ ընդունվեն, որքան էլ դրանք այս պահին մեծ ազդեցություն չունենան։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի