Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 13:45 20-04-2024

Հերթը հասնելու է Երևանին․ Փաշինյանը կատարում է «կիրթ-կառուցողական» Ալիևի բոլոր պահանջները

Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ պայմանավորվել են Տավուշի մարզում սկսել սահմանազատում։ Այս մասին «հպարտորեն» խոսում է Նիկոլ Փաշինյանը և իրեն ենթակա պաշտոնյաների խումբը՝ թե՛ գործադիր, և թե՛ օրենսդիր մարմիններից։

Պայմանավորվելն ինքնին դրական երևույթ է, երբ ինչ-որ հարցի շուրջ կողմերը խոսում են ու գալիս համաձայնության։ Իսկ ի՞նչ համաձայնության են եկել Հայաստանը և Ադրբեջանը՝ հանձնել «երկուսուկես գյուղ» Ադրբեջանից, որը պահանջում է 4 գյուղ։ Ճիշտ է՝ պարզվում է, այդ 4-ից 1․5-ը վաղուց Ադրբեջանն է վերահսկում, ուղղակի հիմա էլ «պակասորդն» է լրացնում։

«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման գործընթացի մեջ, ապա ոչ թե պետք է հայտարարվեր, թե աշխատանքը Տավուշից են սկսում, այլ կներկայացվեր պրոցեսի հիմնական սկզբունքներն ու ճանապարհային քարտեզը», ֆեյսբուքյան էջում գրառել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ նույն Տավուշի հետ կապված առաջին պահանջներն Ադրբեջանն առաջադրել էր դեռևս 44-օրյա պատերազմից հետո։

Ադրբեջանը միայն Տավուշի այդ 4՝ ոչ անկլավային գյուղերի ուղղությամբ չէ, որ պահանջներ է առաջադրել։ Իլհամ Ալիևն առաջին անգամ խոսել է այս գյուղերն անհապաղ հանձնելու մասին դեռևս սույն թվականի մարտ ամսվա սկզբին, և, ահա, ապրիլի կեսին նրա պահանջը կատարված է։ Հերթը հասնում է Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքից մասեր պոկելու մյուս պահանջներին, որոնք Ադրբեջանի ԱԳ նախարարության կողմից հնչեցվել են 2022 թվականի վերջին։ «Սահմանազատման գործընթացի արդյունքում Ադրբեջանին պետք է վերադարձվեն 8 գյուղ, որոնք 30 տարի առաջ օկուպացվել են հայկական զինված ուժերի կողմից»։ Խոսքն անկլավների մասին է՝ Ղազախի շրջանի 7 գյուղի և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղերի, որոնք ԽՍՀՄ տարիներին եղել են ադրբեջանաբնակ։ ՀՀ-ն ևս անկլավ ունի Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենը։

Դեռևս մարտի սկզբին մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Տավուշի գյուղերի հանձնումը տեղի կունենա 2 փուլով։ «Իշխանական վերին օղակներում խոսվել է այն մասին, որ Փաշինյանը շուտով պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղեր, որոնք նախկինում եղել են ադրբեջանաբնակ, խորհրդային շրջանում մտցվել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ և ազատագրվել 1990-ական թթ.․․․ Այդ տեղեկատվությունն առավել հիմնավորվեց ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված գրավոր տեղեկատվությամբ, ըստ որի՝ Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները. Բաղանիս Այրում, Աշաղը (Ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի», նշվում էր մեր գործընկերների տեղեկատվությամբ՝ դրան հավելելով, որ այդ գյուղերի հետ թշնամուն են հանձնվում Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու հատվածներ՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս գյուղերով պարփակված հատվածում: Առաջնորդվելով տխրահռչակ GPS համակարգով՝ թշնամին տվյալ հատվածում 5 տեղից մուտք է գործելու Երևան -Թբիլիսի միջպետական մայրուղու վրա:

Դե ինչ, անհապաղ պահանջվող 4 գյուղերը հանձնվում են։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կկատարի «կիրթ-կառուցողական» Ալիևի հետագա տարածքային պահանջները՝ ժողովրդին «մխիթարելով» վերահաս խաղաղության մասին կեղծ խոստումներով։ Նա, սակայն, քաջատեղյակ է, որ կգա մի օր, երբ «հպարտ» քաղաքացիներին կհայտնի, որ Երևանը պատմական Հայաստան էր, իսկ իրականում այն «Իրավան» է, ու պետք է հանձնվի, որ խաղաղ ապրենք։

Տիգրան Աթանեսյան