Երևան +15°
copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 շաբաթ առաջ - 22:30 19-04-2024

Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը Ադրբեջանին հանձնելու պահանջի կատարում, որը մի շարք անվտանգային խնդիրներ կառաջացնի համայքների բնակիչների համար, ինչպես նաև Երևան-Թբիլիսի ճանապարհը մի քանի հատվածներում կհայտնվի ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։ Այս զարգացումներից հետո բարձրացած դժգոհությունների ֆոնին կառավարության ղեկավարն արդեն երկրորդ անգամ այցելեց Տավուշի գյուղեր, հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ՝ փորձելով հիմնավորել Ադրբեջանի պահանջի կատարման անհրաժեշտությունը և նշելով, որ հակառակ դեպքում պարտերազմն անխուսափելի կլինի։

Երբ Տավուշի բնակիչներից մեկը Փաշինյանին հարց ուղղեց՝ ճիշտ չի՞ լինի, եթե վերջինիս հրաժարական տա և նոր ընտրություններ լինեն, քանի որ 2021-ի ընտրությունների ժամանակ նա Տավուշի գյուղերը հանձնելու մանդատ չի ստացել, վերջինս պատասխանեց, որ աշխարհաքաղաքական իրողությունները շատ արագ են փոխվում և կառավարությունը պարտավոր է իր գործողությունները բխեցնել դրանցից։ Նա պնդեց, որ իր գլխավորած կառավարությանը մարդիկ կարող են հեռացնել 2026-ի հերթական ընտրությունների ժամանակ, քանի որ արտահերթ ընտրությունները չեն երաշխավորում, որ դրանից հետո այնպիսի զարգացումներ չեն լինի, որոնց արդյունքում կրկին ստիպված կլինեն փոխել իրենց մոտեցումները։

Նիկոլ Փաշինյանը, ում կառավարման 6 տարիներին կորցրել ենք ողջ Արցախը, ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացվել է ավելի քան 200 քառակուսի կմ տարածք, այժմ հայտարարում է, որ Հայաստանն իր համար ավելի կարևոր է, քան նույնիսկ իր անձնական հեղինակություննը, արժանապատվությունը, հետագա քաղաքական կարիերան ու պատրաստ է այդ ամենը վտանգել՝ հանուն ՀՀ-ի բարեկեցության։ Անդրադառնալով սեփական արժանապատվությանը՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց․

«Իմ հասցեին, իմ երեխաների, կնոջ հասցեին, ծնողներիս հասցեին ու նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ ես արժանապատվություն չունե՞մ, չե՞մ կարող հակադարձել, ոչ, գալիս է պահ, երբ պետք է զոհաբերես ինքդ քեզ հանուն հայրենիքի: Քո հարգանքն էլ զոհաբերես, երեխաներիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանեկան անդորրն էլ, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, ես դա անում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»։

Հատկանշական է, որ այժմ, երբ վտանգի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ տվյալ դեպքում Տավուշի մարզը, այս հարցում նույնպես վերախմբագրել է սեփական պատկերացումները և հայտարարում է, որ հանուն պետության անկախության և ինքնիշխանության քաղաքական գործիչը պարտավոր է վտանգել անգամ սեփական կարիերան և հեղինակությունը։ Հավանաբար Փաշինյանը վերջերս է մտափոխվել, քանի որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նա ուղիղ տեքստով հայտարարում էր, որ եթե առանց պատերազմի Արցախից տարածքներ հանձներ, ապա իրեն դավաճան կանվանեին։

«Այլընտրանքն այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմ կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը այն սկսեց: Եթե ասեի՝ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», ու էլի պատերազմ սկսվեր: Որևէ փուլում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր՝ երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր։ Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու»,- 2020-ի դեկտեմբերի վերջին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Փաշինյանը՝ փորձելով ամեն կերպ հիմնավորել, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն այլընտրանք չուներ։

Նմանաբովանդակ մեկ այլ հայտարարություն էլ Փաշինյանը հնչեցրեց ԱԺ ամբիոնից՝ 2022 թվականի ապրիլի 13-ին, որը դժգոհության և քննադատությունների լայն ալիք բարձրացրեց Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ համոզմունք հայնտեց, որ հնարավոր է խուսափել պատերազմից, սակայն այդ ժամանակ կլիներ նույն իրավիճակը՝ պարզապես առանց զոհերի։

«Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Բաներ կան, որոնք հիմա հրապարակային չեմ կարող ասել, որովհետեւ կվնասեմ ապագա բանակցություններին»,- ասաց նա՝ պատասխանելով իր կուսակիցներից մեկի հարցին և անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությանը։

Դժվար է չհամաձայնել Նիկոլ Փաշինյանի այն պնդումների հետ, որ հանուն պետության ղեկավարը պետք է վտանգի իր սեփական վարկանիշն ու կարիերեն և այնպիսի որոշումներ կայացնի, որոնք ինքնիշխանություն և կայուն զարգացում կապահովեն։ Միևնույն ժամանակ խիստ մտահոգիչ է, որ Նիկոլ Փաշինյանը նույն կերպ չգործեց Արցախի պարագայում, երբ մի քանի անգամ հնարավորություն կար պատերազմն ավելի լավ պայմաններով դադարեցնել, ավելի քիչ տարածքային ու մարդկային կորուստներ ունենալ։

Եթե անգամ առաջնորդվենք Փաշինյանի կողմից առաջ քաշված այն կանխավարկածով, որ ստեղծված աղետն իսկապես անխուսափելի էր, ապա պետական գործիչը, ով ընդունում է, որ այդ մասին իմացել է դեռ 2018-ից, հենց նույն օրը կդադարեցներ ռազմական գործողությունները ու նախևառաջ կփրկեր իր զինծառայողների ու խաղաղ բնակիչների կյանքը, կխուսափեր ավելի մեծ տարածքային կորուստներից, ինչպես նաև ժամանակ կշահեր՝ բանակի մեջք ուղղելու և կորցրածը վերադարձնելու համար։ Ցավոք Նիկոլ Փաշինյանը 2020-ին նման կերպ չվարվեց և ոչ միայն չկանխեց պատերազմը, այլև մերժեց պատերազմն ավելի վաղ ու ավելի լավ պայմաններով դադարեցնելու բոլոր առաջարկները, որպեսզի, իր խոսքով, իրեն դավաճան չանվանեն։

Այսպիսով՝ ստացվում է, որ Արցախի պարագայում, որի մասին Փաշինյանը հայտարարում էր «Արցախը Հայաստան է և վերջ» կարելի էր արկածախնդության գնալ, զոհել հազարավոր զինծառայողների ու խաղաղ բնակիչների, մինչդեռ այժմ, երբ հերթը հասել է ՀՀ ինքնիշխան տարածքին, անհրաժեշտ է խոհեմ գործել և չվտանգել ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը։ Այս ամենը, ինչպես նաև Փաշինյանի նախորդ իրարամերժ հայտարարությունները թույլ են տալիս առնվազն թերահավատորեն մոտենալ նրա ներկայիս մտադրություններին, ընդ երբ անձամբ է ընդունում, որ անգամ այդ զիջումներից հետո ՀՀ-ի անվտանգությունը 100 տոկոսով չի երաշխավորվի։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված