Երևան +18°
copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 19-04-2024

Մարդկանց երեսը դառնում է պադոշ. պատմական 4 վիրավորանքները

Հայաստանի քաղաքական մշակույթի բնորոշիչներից է քաղաքական էթիկան, մասնավորապես՝ երկրի ղեկավարների կողմից կիրառվող բառապաշարը, որը տարեցտարի ոչ թե ազնվանում, մաքրվում, այլ կեղտոտվում է, համալրվում վիրավորական նոր բնորոշումներով։

Oրեր առաջ, Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն արձագանքելով «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ռեպլիկին, ասաց՝ «Մի հատ էս աղբը մաքրեք հա, ստեղից, հերի՛ք եղավ»։ Սուքիասյանին հակադարձեց քաղաքապետ Ավինյանը. «Ձեր տեսակը, մաքսիմում ինչ կարող է անել, հաչալն է։ Ու կարող եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչա, քամին փչի։ Ձեր իսկ ոճով Ձեզ պատասխանեմ»։

Քաղաքական դաշտի հնաբանակները նկատում են, որ քաղաքական խոսույթը դեգրադացվում է տարեցտարի։ Եվ ցավալի է, որ բարոյական հետընթացի ֆավորիտները բարձր պաշտոնյաներն են, որոնք վատ օրինակ են ծառայում։ Իսկ ինչպիսի՞ իրավիճակ է եղել նախորդ տարիներին։

Ստորև առանձնացրել ենք քաղաքական ղեկավարների կողմից ընդդիմադիրներին հասցեագրված վիրավորական արտահայտությունների հիշարժան 4 դրվագ։

4 - «Մոսկա»։

Անկախության առաջին տարիներին քաղաքական խոսույթը կոռեկտ էր, վիրավորանք չկար։ Քոչարյանի օրոք հայտնվեցին վիրավորական առաջին բոնորոշումները, որոնք բուռն հակադարձվում էին։ 1999-ի փետրվարի 6-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կուսակցություններին, որոնք փորձում են ինչ-որ բան վիճարկել, անվանեց «մոսկա»։

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն արձագանքելով այս բոնորոշմանը, նշեց, որ քաղաքական կուսակցություններին «մոսկա» անվանելով, Քոչարյանը փորձել է ընդգծել իր փիղ լինելու հանգամանքը։

Քոչարյանի վիրավորական արտահայտություններից են նաև՝ «Ասել էի, թե՝ վատ պարողին ինչն է խանգարում»։ «Կլիզմա է պետք է անել»: «Որոշ պատգամավորների ականջներից քաշել է պետք» և այլն:

3 - Իդիոտը։

2007-ի հունվարի 30-ին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե գալիք ընտրությունները ազատ և արդար են անցնելու, ասել է. «Ո՞նց են համարձակվում այդ մարդիկ ասել, որ այդ ընտրությունները պետք է լինեն ավելի ազնիվ: Ես ինձ համար չափանիշ եմ դրել` եթե իշխանության մեջ գտնվող մարդը այդպիսի բան է ասում, ինքը կամ իդիոտ է, կամ տականք»:

Վազգեն Մանուկյանի այս խոսքին հակադարձել է նախագահ Սերժ Սարգսյանը 2007-ի փետրվարի 6-ին։ «Ամեն ջանք գործադրելու եմ, որ այս ընտրությունները լինեն ազնիվ, ազատ, արդար, թափանցիկ: Եվ ոչ միայն ես՝ իշխանությունները շատ լուրջ մտադրված են այդպես վարվելու»,- «Արմենիա» ԹՎ-ին տված հարցազրույցում ասել էր Սերժ Սարգսյանը։ Ապա անդրադառնալով Վազգեն Մանուկյանի վիրավորական արտահայտությանը, հակադարձել է. «Իդիոտը ի՛նքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել, և ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»:

2 - Շնաբարո դուրսպրծուկներ։ Պատերի տակ վնգստացողներ։

2020-ի փետրվարին Սահմանադրական հանրաքվեի հարցն ԱԺ-ում քննարկելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին անվանեց «շնաբարո դուրսպրծուկներ»:

2019-ին ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու և դատական բարեփոխումներ իրականացնելու շրջանում Փաշինյանը դատավորներին որակեց «պատերի տակ վնգստացողներ», օրեր անց որոշակի խմբագրեց իր խոսքը՝ «Դա չի նշանակում, որ Հայաստանի բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ, և նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ՝ ակնհայտ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Այս վիրավորանքը նա կրկնել է նաև 44-օրյա պատերազմից հետո, ասելով՝ «Վերջնականորեն լուծելու ենք պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Փաշինյանը վիրավորական արտահայտություններով բացարձակ առաջատարն է ՀՀ պատմության մեջ։ Չնայած՝ ներկայում կան հանրային գործիչներ, որոնք հավակնում են գերազանցել նրա ցուցանիշները։

1 - Դուք վախենո՛ւմ եք ժողովրդից

1992-ին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ կազմակերպվեցին առաջին բողոքի ցույցերը նախագահի հրաժարականի պահանջով։ Նախագահ Տեր-Պետրոսյանն ընդունեց ընդդիմադիր վեցնյակի ներկայացուցիչներին։ Ընդդիմադիրները պահանջում էին, որ նախագահն անհապաղ հրաժարական տա։ Իսկ նախագահն առաջարկում էր անցկացնել վստահության հանրաքվե։ Այս քննարկման ընթացքում նախագահն առաջին անգամ ընդդիմության ներկայացուցիչներին որակեց վախկոտ՝ «Դուք վախենում եք ժողովրդից։ Դուք արկածախնդիրներ եք»,- ընդդիմադիրներին ասաց նախագահ Տեր-Պետրոսյանը։

Համադրելով թվարկված դրվագները, նկատելի է դեգրադացիան։ Տեր-Պետրոսյանի ասած «վախկոտն» ու «արկածախնդիրն» այն օրերի ամենավիրավորական բառերն էին, որ կարող էին կիրառվել քաղաքական խոսույթում։ Ներկայում թե՛ բարձր պաշտոնյաները, թե՛ նրանց ընդդիմախոսները չեն խորշում նույնիսկ՝ հայհոյանք պարունակող վիրավորանքներից։ Քաղաքական մրցակցությունը փաստացի ծավալվում է ոչ թե ծրագրերի, այլ միմյանց հասցեագրվող վիրավորական բառերի միջև, հանրային ուշադրության են արժանանում ոչ թե գաղափարներն, այլ հայհոյանքի աստիճանը, հայհոյողի էմոցիան և էքսպրեսիան։ Մարդկանց երեսները, կարծես՝ դարձել է պադոշ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

14:03 Կարմիրբերետավորի կինը բռնաբարվել էր, հետո փող վերցրել․ փաստաբան
22:11 Սպանություն՝ Օձունում. տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ՝ գլխի շրջանում վնասվածքներով մարմինը. shamshyan.com
13:40 Քո ֆիզիկական ներկայությունը խոսում ա, թե ինչքան խաշլամա ես կերել, ինչքան գառ ու խոզ ես կերել․ Սրբազան
10:29 Խուլիգա՞ն եք, արա՛. լարված իրավիճակ՝ Սուրբ Աննա եկեղեցու մոտ. կան բերման ենթարկվածներ
18:33 Ամոթը քեզ, ա՛յ ոչխար. լեզվակռիվ՝ ԱԳՆ-ի մոտ
08:29 Բագրատ Սրբազանի մեքենան ԱՊՊԱ պատահար գրանցեց Սայաթ Նովա - Աբովյան խաչմերուկում
21:00 Փաշինյանի տիկտոկյան էջը վարող Ռուպր Դավոն գրանցվա՞ծ աշխատող է․ Արայիկ Հարությունյանը համառորեն չի պատասխանում
12:55 Սիսիանում ոստիկանները մարդկանց մեքենայից իջեցնում ու գազ են փչում աչքերին․ ահազանգ
19:30 Ալավերդիում հեղեղ և փլուզում չէին լինի, եթե ճանապարհը ճիշտ կառուցված լիներ
12:00 Հանգի՛ստ պահի քեզ․ կարմիրբերետավորները հայհոյում և հարվածում են ԱԺ պատգամավորին