Ուղիղ եթեր
Մի՞թե չի մտածում՝ Փաշինյանից հետո կյանք կա. Բրյուսովի նախկին պրոռեկտորը՝ Գյուրջինյանի առաջարկի մասին
copy image url

Մի՞թե չի մտածում՝ Փաշինյանից հետո կյանք կա. Բրյուսովի նախկին պրոռեկտորը՝ Գյուրջինյանի առաջարկի մասին

Ներքին 1 տարի առաջ - 21:44 18-04-2024
«Կառավարության այսօրվա նիստն ինձ կրկես էր հիշեցնում»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը՝ անդրադառնալով ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի՝ բուհը անվանակոչելու մասին առաջարկին:

Ակոպյանի խոսքով՝ իրեն զարմացրել է այն, որ ակադեմիական քաղաքի շրջանակում համալսարանի փակման մասին վարչապետի մակարդակով հայտարարելուց հետո Դավիթ Գյուրջինյանը առաջարկում է բուհը անվանափոխելու հարցը:

«Տպավորություն է՝ մարդկանց հիմարի տեղ են դնում: Ի՞նչ անվանափոխության մասին է խոսքը, ի՞նչ լեզվաբանական ու լեզվահասարակագիտական ուղղությունների մասին է խոսում, երբ ուղղակի որոշվել է՝ նման բուհ Հայաստանում չի լինելու. կա Կառավարության որոշում, իսկ այնտեղ նստած ԿԳՄՍ նախարարը, վարչապետը, համապատասխան պատասխանատուներից ոչ ոք չի էլ առարկում: Այնքան շատ են մեր երկրում խնդիրները, որ անգամ ամաչում ես այս թեմային անդրադառնալ, բայց ինձ թվում է՝ պետք է խոսել, պետք է բարձրաձայնել այս մասին»:

Նախկին պրոռեկտորի գնահատմամբ՝ Դավիթ Գյուրջինյանը ծանր է տանում, որ նախկին ռեկտորի օրոք համալսարանը գրանցում էր մեծ հաջողություններ, այդ թվում՝ 5 տարի իր կողմից ղեկավարվող ֆակուլտետը.

«Սոցիալական գիտություն և սերվիս ֆակուլտետը համալսարանի բրենդներից մեկը դարձավ, որը բացարձակ լեզվաբանական ուղղություն չէր: Գյուրջինյանը լեգիտիմությունը փորձում է լեզվաբան դասախոսներով ապահովել, որ ասի՝ տեսեք, ես ամեն ինչ անում եմ, որ ձեր ավանդական բուհը չփակվի, բայց արդյոք այս հաջողությունները ավանդույթ չեն: Ամեն դեպքում, զավեշտալի է Դավիթ Գյուրջինյանի առաջարկը»:

Oragir.News-ի հարցին՝ հետևում է արդյոք այսօր բուհի գործունեությանը, աշխատանքից ազատված պրոռեկտորը այսպես պատասխանեց.

«Բուհի աշխատանքին հեռվից հետևում եմ, ամենօրյա կապի մեջ եմ: Ուղղակի նաև խնդրել եմ այդ մարդկանց, որ իմ գրառումները չլայքեն, որովհետև մի քանիսին՝ վարչական մասից, դասախոսներից անգամ աշխատանքից է ազատել: Այսինքն՝ նա փորձեց մեկ տարվա ընթացքում «մաքրել» բոլոր այն մարդկանց, որոնք ազնիվ են, խոսում են, իր դուդուկի տակ չեն պարում, այդ թվում՝ ես, որին ապօրինի հրամանով ազատեց աշխատանքից, և որի որոշումն Առաջին ատյանի դատարանում անվավեր ճանաչվեց: Բրյուսովի համալսարանում շատ մտահոգիչ իրադարձություններ են կատարվում. 90-ամյա բուհը ամեն ճանապարհով գնում է փակման, ինչից սիրտս ցավում է»:

Ակոպյանի խոսքով՝ ներքին համոզմունք ունի, որ Գյուրջինյանը եկել է Կառավարության ծրագիրը կյանքի կոչելու համար:

«Միշտ զարմանում եմ, որ 60-ն անց մարդը, որ որոշակիորեն հայտնի է, հեղինակություն է ձեռք բերել, գիտությունների թեկնածու է, դոցենտ է, որոշակի շրջանակում հարգանք ունի, մտել է նման գործարքի մեջ ու ինչպես է գլուխը դնում բարձին, արդյոք չի՞ մտածում, որ Նիկոլ Փաշինյանից ու իր կառավարությունից հետո կյանք է լինելու: Անընդհատ ինձ հարց եմ տալիս: Արժի՞ այն ամենը, ինչ իրենք են անում»:

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստին Գյուրջինյանը իր խոսքը սկսեց հոգաբարձուների խորհրդին և ԿԳՄՍՆ նախարարին շնորհակալություն հայտնելով․

«Այս մեկ տարվա ընթացքում նրանք աջակցեցին՝ համալսարանը դուրս բերելու ճգնաժամից և աջակցեցին նոր ծրագրեր իրականացնելու հարցում: Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանը պիտի վերադառնա իր նախկին կոչմանը, որն է՝ լեզվաբանական և լեզվահասարակագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը, և այս անորոշ անունը ժամանակավրեպ է այսօր՝ ուղղակի պետական համալսարան. ո՛չ տեղորոշված է, ո՛չ տարորոշված է, ո՛չ էլ մասնագիտություն կա այս անվան մեջ: Հետագայում ակնկալում եմ լիազոր մարմնի և Կառավարության աջակցությունը այս հարցում նույնպես»:

Հավելենք, որ Դավիթ Գյուրջինյանը մեկ տարի շարունակ եղել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, և սույն թվականի մարտի 29-ին տեղի է ունեցել սույն համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը, ինչի արդյունքում էլ խորհրդի անդամներով կազմավորված փակ մրցույթի արդյունքում բ.գ.թ., դոցենտ Դավիթ Գյուրջինյանը ընտրվել է համալսարանի ռեկտորի պաշտոնում, ինչի արդյունքներն էլ Կառավարությունը այսօր միաձայն հաստատեց: