Երևան +10°
copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 23:08 15-04-2024

Эдмон зажигает․ Մարուքյանը չի խնայում լսարանի նյարդերը

Նիկոլ Փաշինայնի մոտից պաշտոնանկվելուց հետո Էդմոն Մարուքյանը բավական ակտիվացել է յութուբում։ Եվ դա ոչ թե շարքային ակտիվություն է, այլ «աչքեր բացելու» առաքելություն։

Իր առողջարար սեանսների այս սերիայում ադրբեջանաթուրքական լոբբրնգը վերհանելու նպատակով պարոն Մարուքյանը լսարանին ներկայացնում է «Երկիր մեդիա», «Հ2» ալիքների հետ համագործակցող Արմեն Չիբուխչյանի լուսանկարը՝ մեկնաբանելով հետևյալ կերպ․ «Նրա ներկայացրած վերլուծությունների մի մասը սուտ է, մյուս մասը՝ ադրբեջանաթուրքական «գիպնոզ» (իր բառն է – հեղ․)․․․ Նա մինչև 2017 թվականն աշխատել է Հայաստանում, հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ․․․ Էս մարդը վերլուծություն անելու գիտական հենք էլ չունի, նա քարոզում է Ադրբեջանի և Թուրքիայի նարատիվներ․․․»։ Հայտնի չափով մերկարապանոց այս հայտարարությունն անելուց հետո պարոն Մարուքյանն իր յութուբյան եթերում կատարում է մոգական մի հնարք՝ ցուցադրաբար պատառոտելով Արմեն Չիբուխչյանի լուսանկարը և ասել ուզելով, որ վե՛րջ, ինքը պատռեց նաև Արմեն Չիբուխչյանի դիմակը։

«Այ, դուք ինձ լսում եք․ ես իրավաբանի կրթություն ունեմ», հաջորդիվ հայտարարում է պարոն Մարուքյանը՝ որպես իրավաբան լինելու ապացույց թվարկելով հիմնականում արտերկրի այն ուսումնական հիմնարկները, որտեղ սովորել է, և այն ատյանները, որտեղ քրտնաջան պաշտպանել է հայ դատը։

Մի խոսքով, ինչպես ժամանակին ասել են իր մասին՝ «ինքն իր կլասիկ ցավը տանի» (հինգուկես տարվա վաղեմության այս անմոռանալի մաղթանքը տեղայնացվել է ըստ ներկա դեպքի – հեղ․)։

«Ես ձեզ ասում եմ՝ այս մարդը սովորական ստախոս ավանտյուրիստ է, որը Հայաստանում փորձում է մարդկանց վարՔաբեկել (նկատի ունեցեք՝ վարքաբեկել, այսինքն՝ վարքը, խառնվածքը կոտրել, այլ ոչ թե վարկաբեկել, այսինքն՝ վարկը՝ հեղինակությունը, կոտրել – հեղ․)։ Նա երկիրը կարող է իր քարոզչությամբ տանել արյունահեղության», Արմեն Չիբուխչյանի ուղղությամբ «ստուգողական կրակոց» է արձակում պարոն Մարուքյանը և անցնում, իր իսկ խոսքերով, «հաջորդ կերպարին»։

Ուրեմն, պարոն Մարուքյանի հաջորդ կերպար-թիրախում հայտնվելու դժբախտություն է ունեցել Կարեն Սարգսյանը, որը «հայտնի է, որպես սոցիոլոգ»։ «Եթե Հայաստանում սառնարանն էլ բացեք՝ ինքը խոսում է», իր զոհի մասին պատկերավոր խոսում է բանախոսը՝ նշելով, որ նա, ի տարբերություն Արմեն Չիբուխչյանի, բնակվում է Հայաստանում։ «Նա որևէ տեղ չի աշխատում, գուցե սոցիոլոգիա է սովորել, բայց այնպիսի թեմաներով է վերլուծություն անում, որ ոչ ակադեմիական հենքն ունի, ոչ էլ դա վերլուծելու բան» (սա մեջբերում է պարոն բանախոսից – հեղ․)։

Պարզվում է, որ այս Կարեն Սարգսյանը հանդգնություն ունեցել պարոն Մարուքյանի և իր հետ միասին, «երկրի վարչապետի, փոՂվարչապետի․․․» (այստեղ նույնպես նկատի ունեցեք՝ ոչ թե վարչապետին փոԽարինողի, այլ հավանաբար փողերի կամ փողային ինչ-որ ուղղությամբ վարչապետի տեղակալի կամ փոխարինողի – հեղ․) և այլոց հասցեին անելու վիրավորական արտահայտություններ։

Կարեն Սարգսյանին բնութագրելով՝ պարոն Մարուքյանը նրան էլ է անվանում ավանտյուրիստ՝ հայտարարելով, որ ի տարբերություն շատերի՝ ինքը կաշկանդված չէ, և եթե չբացահայտի՝ վաղն ինքն իրեն մեղադրելու է, հետևաբար՝ «սրա նմաններին պետք է տանել Դեր Զոր անապատ և էս կողմ-էն կողմ քարշ տալ» վճռով պատռոտում է նաև Կարեն Սարգսյանի դիմանկարը։

Ընդհանրացնելով՝ պարոն Մարուքյանը չի խնայում լսարանի նյարդերը և հայտարարում է․ «Չեք պատկերացնում, թե Հայաստանն այսօր գործակալական ինչ ցանցերի ազդեցության թիրախում է հայտնված»՝ միաժամանակ կրկին ու կրկին մատնանշելով իր հակառակորդների մտավոր ցածր կարողությունները, բայց և անտեսելով, թե այդքան անգետ «քարոզիչներն» ինչ մեծ վնաս կարող են պատճառել Հայաստանին ընդհանրապես, և պարոն Էդմոն Մարուքյանին՝ մասնավորապես։

Մեր կողմից միայն փաստենք, որ պարոն Մարուքյանի վիրտուալ գործունեությունը գնալով հետաքրքիր երանգներ է ձեռք բերում և տալիս բոլոր հնարավորությունները՝ նրան դարձնելու YouTube ցանցի նոր աստղ։

Տիգրան Աթանեսյան


adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Արտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ. shamshyan.com
23:05 Ծառայության մեջ գտնվող ոստիկանը մուղամ է լսում. տեսանյութ
17:39 Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով
00:36 Շնորհակալություն Ալիևին իմ ՝դեպի Բաքու հրավերքն ապահովելու համար. Թաթուլ Ասիլյան
19:25 Պարոն Փաշինյան, մտածում եք՝ հավի ճո՞ւտ եմ, թե՞ արյունահեղության եք սպասում. Տեղի ավագանու անդամ
12:36 Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. shamshyan.com
21:51 Փոխոստիկանապետը տեղյակ չէ՝ Աննա Հակոբյանի Lexus-ն ինչու տուգանային հրապարակ չեն տանում
23:45 Ծնվել է Գուրգեն Դաբաղյանի որդին
12:55 Փաշինյանի իշխանությունը համայնքային հողերը կոպեկով վաճառում է. Արթուր Չախոյան
23:30 Թե ինչպես են մեր հայրենակիցները վարձակալությամբ հանձնում բանկային հաշիվը, հետո՝ քաշվում