Հավանական սցենար է․ Արցախի ղեկավարները Բաքվի բանտերում են, որ ՀՀ-ում իշխանության չգան
copy image url

Հավանական սցենար է․ Արցախի ղեկավարները Բաքվի բանտերում են, որ ՀՀ-ում իշխանության չգան

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 16:30 10-04-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ադրբեջանական բանտերում գտնվել, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից այսօր հայտարարել է, որ Արցախի վերնախավը մտածում էր, որ կգնան և Հայաստանում իշխանություն կվերցնեն։ Նա միևնույն ժամանակ խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեց, որ վերջինս ոգևորված էր Արցախում տեղի ունեցող հրաժարականների և իշխանափոխության գործընթացով։

Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ իր խոսքում պնդեց՝ իրենք ապացույցներ ունեն, որ Արցախի իշխանությունները մտադիր են եղել Հայաստանում իշխանությունը վերցնել։ «Եվ մենք այսօր նյութեր ունենք, թե ո՞րն էր իրենց պլանը։ Ասում էին էստեղ չի լինում, լավ, կգնանք, Հայաստանում իշխանությունը կվերցնենք»,- ասաց նա։

Oragir.News-ը քաղաքագետ, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ինքնախոստովանությո՞ւն էր առ այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ադրբեջանական բանտերում է, որպեսզի ՀՀ-ում չկարողանա իշխանության գալ։ Թևան Պողոսյանը նշեց, որ համադրելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ անգամ Արցախի իշխանություններին չէին ցանկանում Հայաստանում տեսնել և այլն, այդ սցենարը հավանական է։

Թևան Պողոսյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ սա մեկ մարդու ասած է, որը կարող է իրականությանը չհամապատասխանել։

«Շատ ուրախ կլինեմ, որ եթե առիթ լինի Արցախի իշխանությունների ներկայացուցիչներն այդ մասին բարձրաձայնեն։ Մինչև այս պահը, ովքեր եկել են և այստեղ են, այդ մասին ոչինչ չեն ասել։ Հակառակը՝ ասել են, որ շատ լավ գիտակցում են իրենց պահվածքի կարևորությունը, որպեսզի չվնասեն Հայաստանի ազգային անվտանգությանը։ Ուստի սցենարները հավանական են, իսկ թե որն է իրականությունը, հուսով եմ՝ պատմությունը մի օր դրա մասին կասի»,- ասաց նա։

Քաղաքագետը կարևորեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակվեն այն փաստերը, որոնց մասին նա ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց։ Ըստ նրա՝ քանի դեռ այդ փաստերը հրապարակված չեն, ամեն ինչ էլ կարող ենք ասել ու ենթադրել։

Հարցին, թե ներկայիս իրավիճակում, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն ադրբեջանական բանտերում են, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անում՝ Թևան Պողոսյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է անձամբ Փաշինյանին ուղղել։

Նա նշեց՝ կցանկանար Նիկոլ Փաշինյանից համախմբման և բոլոր պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարություն լսեր, այլ ոչ թե այն, ինչ նա հայտարարեց։ «Բայց կրկնում եմ՝ այդ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա։

Քաղաքագետը նաև չի բացառում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակելու ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկում, քանի որ մտավախություններ ունեն, որ նրանք ՀՀ-ում կարող են իշխանությունը վերցնել։

«Հավանականության տեսանկյունից այո՛, հավանական է, որ միգուցե հենց դա է պատճառը։ Եթե Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարություն են անում, ապա հավանականություն կա, որ իրենց հաշվարկներում կա այդ մտավախությունը»,- ասաց նա։

Պողոսյանը հավելեց, որ միանշամակ նման պնդումներ հնարավոր կլինի անել միայն այն ժամանակ, երբ դրանց համար բավարար ապացույցներ լինեն։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ