Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:29 10-04-2024

Մաքսային տեսուչների կողմից պետությանը պատճառվել է շուրջ 700 մլն դրամի վնաս

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բեռնատարների վարորդների օժանդակությամբ, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և առանց համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու թույլատրել են դատարկ բեռնատարների ելքը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 700 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Մասնավորապես՝ 2023 թ. դեկտեմբերի 25-ին և 26-ին մաքսային տեսուչ Ա. Մ.-ի մտերիմ Ռ. Գ.-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծել է 87,6 տոննա շարժիչային յուղեր, սակայն ներքին սպառման նպատակով ներմուծված հիշյալ ապրանքների համար շուրջ 69 մլն ՀՀ դրամի չափով մաքսատուրքեր, հարկեր և այլ տուրքեր վճարելու պարտավորությունից ազատվելու համար տնտեսվարողը դրանք ձևակերպել է «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: Այնուհետև դրանք տեղափոխող բեռնատարները մինչև Բագրատաշենի մաքսակետ հասնելը դատարկվել են և առանց բեռների մուտք գործել արտահանման ուղղության վրա տեղակայված հսկողության տարածք: Նույն պահին արտահանման տեղամասում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն առանց բեռնատարները կշռելու և դրանցում համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու, դիտավորյալ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և վերոհիշյալ տրանսպորտային միջոցների վարորդների օժանդակությամբ թույլատրել են իրականում չարտահանվող ապրանքների տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից երրորդ երկրներ՝ այդ կերպ Ռ. Գ.-ին ազատելով հարկերը վճարելու պարտականությունից:

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահատվել է նույն մեխանիզմով հանցանքների կատարման ևս 15 դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ռ. Գ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 22-ը ԻԻՀ-ից ներկրել է ընդհանուր ավելի քան 700 տոննա տարբեր տեսակի ավտոյուղեր: Ապրանքների ներմուծման ժամանակ օրենքով սահմանված մաքսատուրքեր, հարկեր և այլ տուրքեր վճարելու պարտավորությունից ազատվելու համար Ռ. Գ.-ի կողմից ներկրված հիշյալ բոլոր ապրանքերը դարձյալ ձևակերպվել են «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: Դրանցով բեռնված տրանսպորտային միջոցները, սակայն, մինչև Բագրատաշենի մաքսակետ հասնելը դատարկվել են և առանց բեռների մուտք գործել արտահանման ուղղության վրա տեղակայված հսկողության տարածք, որտեղ էլ ՊԵԿ վերը նշված երկու պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ և բեռնատարների վարորդների օժանդակությամբ, առանց համապատասխան մաքսային հսկողական ընթացակարգերի թույլատրվել է դատարկ բեռնատարների ելքը ԵԱՏՄ տարածքից երրորդ երկրներ, որի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 700 մլն դրամի հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ:

Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 15 անձի: Իշխանական կամ ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու համար մաքսային տեսուչներ Ա. Մ.-ին և Ա. Գ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (16 դրվագ), իսկ վերջիններիս օժանդակած վարորդներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:

Մաքսային տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 700 մլն ՀՀ դրամ վնասի չափով արգելանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան