Երևան +19°
copy image url
Ներքին 4 շաբաթ առաջ - 11:00 29-03-2024

Ադրբեջանցիներն անգամ մեր հանգուցյալներից են վրեժ լուծում. բռնի տեղահանված

49-ամյա Ինգա Ավանեսյանը ընտանիքի հետ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից են արտագաղթել։ 20 տարուց ավելի ամուսիններով Արցախի ՊԲ զորամասում են աշխատել։

Տիկին Ինգան Oragir.News-ի հետ զրույցում ասում է`Արցախում մի ամբողջ մարդկային կյանք են թողել։ Կորցրածի մասին խոսելիս մի կերպ է զսպում արցունքները, ասում է`ամեն ինչի հետ էլ ստիպված հաշտվում են։Ընտանիքը հիմա Գյումրիում է ապրում։ Զինվորական ամուսինը բանվոր է աշխատում, իսկ ինքը դեռ աշխատանք չի գտել։

«Պատերազմից հետո կյանքը շատ էր դժվարացել Արցախում, անընդհատ կրակոցներ, գազն էին անջատում, գազը կար լույսը չկար։Մենք Վանքից ենք, բայց Ստեփանակերտում էինք ապրում։Շատ դաժան օրեր ենք ապրել, բայց ես ամեն օր երանի եմ տալիս էդ օրերին։ Գոնե մենք մեր հողի վրա էինք, մեր տան մեջ։ Ինչ արեցին մեր հետ, գաղթական դարձրին, գցեցին քուչեքը։ 4 երեխա ունեմ, չեմ պատկերացնում իմ երեխեքի ապագան, որովհետև սեպտեմբերից էս բնակարանից, մյուսն ենք տեղափոխվում։Մարդիկ կան, որ մեզ լավ են վերաբերվում, մարդիկ էլ կան ասում են`էս ղարաբաղցիք եկան լցվեցին։ Աշխատանքի ես դիմում իմանում են ղարաբաղցի ես, ոնց որ մի տեսակ հետ են կանգնում։Բարեկամիս ասել էին գնացեք ձեր Ղարաբաղը ադրբեջանցիների հետ ապրեք, դուք իրենց հետ ավելի լավ եք յոլա գնում, քան Հայաստանի հայերի։

Հայը նույն հայը չէ՞, ես չեմ հասկանում էդքան ատելությունը որտեղից, մենք հո մեր կամքով չենք էս վիճակում։Ես ու ամուսինս աշխատել ենք, մենք ուրիշի ձեռքին նայելու պետքը չենք ունեցել։Ես էլի կգնամ իմ Ղարաբաղը, եթե էնտեղ թուրք չլինի։ Թուրքի հետ անհնար ա ապրելը, մանավանդ հիմա։ Որտեղ տուն դրեցինք քանդեցին, անգամ մեր հանգուցյալներից են ադրբեջանցիները վրեժ լուծում, ոնց կարելի ա նման գազանների հետ հաշտ ու խաղաղ ապրել։4 երեխա ունեմ, ես ոնց կարամ իմ երեխեքին հանգիստ դպրոց ճանապարհեմ, երբ գիտեմ թուրքը քթիս տակ է։ Պատերազմից հետո վախը սրտներս էինք ապրում, դուք ինքներդ էլ լսած կլինեք գերեվարման ու խոշտանգումների մասին, շատ դեպքերում դրանք մեր խուլ ու համր իշխանության կողմից ծածկադմփոց էր արվում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ինգա Ավանեսյանը։

Ինգա Ավանեսյանի ընտանիքը սեպտեմբերի 29-ին է բռնել գաղթի ճանապարհը։Ինգա Ավանեսյանի ամուսինը դիրքերում է եղել, երբ ռմբակոծվում էր Ստեփանակերտը, ամուսնուց լուր չի ունեցել։Ժամեր անց ամուսինը զանգել ասել է, որ դիրքերից իջնում են, տուն է գալիս։

«Ես ամուսնուս երբեք էդպես ընկճված չէի տեսել, ասեց`վերջ...գնացինք օդանավակայան...քաոս էր, մարդիկ խառնված էին իրար, ամենքը փրկվելու մասին էին մտածում։Էդտեղ հասկացանք, որ այլևս հետ դարձի ոչ մի ճանապարհ չկա։Մենք մեր տունը, մեզ ենք կորցրել, մեր գերեզմանները, մեր ամենաթանկն ենք կորցրել»,-շարունակում է արցախցի կինը։

Տիկին Ինգան ասում է, նկարներով է Արցախի իր տնից կարոտն առնում, երազներով էլ է տանը ու միշտ պատերազմի մեջ, իհարկե անորոշ ելքով։