Ինչպես ավելի վաղ
տեղեկացրել էր Oragir.News-ը, 100-ից ավել գիտնական և մասնագետ միացել են 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ հայտարարության պահանջին:
Մեզ հետ զրույցում պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը արձանագրեց, որ կատարվածի շուրջ պետք է սկսել երևույթին գնահատական տալուց.
«Ունենք բացառիկ կոռուպցիոն երևույթ: Սա համակարգային կոռուպցիա դավանող պետության կողմից բացառիկ երևույթ է, երբ նախարարություն կոչվածը՝ ի դեմ նախարարի, պետք է ամեն օր չքներ, հաշվեր ձայների քանակը և ուղղակի կապի մեջ լիներ նախաձեռնողների, ստորագրողների հետ, բայց գնաց եռակի կոռուպցիոն ճանապարհով: Հրավիրեց նախարարություն, հայտարարեց, որ ինչ էլ լինի, դասագիրքը մնալու է շրջանառության մեջ, եթե նույնիսկ ծայրեծայր սխալ լինի, իսկ հիմնավորումն այն էր, որ դա պետական քաղաքականություն է: Խայտառակ դասագիրք գրելը, իրենց ընտրած փորձագետի կողմից 100-ից ավել մատնանշված սխալներով, վրիպակներով, խայտառակ տեսողական նյութով դասագիրքը պետական քաղաքականություն է: Դրա հետ մեկտեղ՝ նախարարության կցորդ հանդիսացող «Մասնակցային դպրոց» ՀԿ-ն, որ «կուրացիայի» է ենթարկում դասագրքերի տպագրությունը, դպրոցների տնօրենների և ուսուցիչների ընտրությունը, բացեիբաց հայտարարում է այս ֆոնին, որ նույն հեղինակը պատրաստվում է 8-րդ դասարանի դասագիրքը պատրաստել: Սա կոռուպցիայի չորրորդ մակարդակն է»:
Հայկ Դեմոյանը, երևույթը՝ իբրև կոռուպցիա գնահատելով, այն դասակարգեց՝ ըստ մակարդակների.
«Կոռուպցիայի առաջին մակարդակն այն է, որ մեկ հեղինակին՝ ոչ մասնագիտացված անձին, վստահում են այդքան պատմափուլերով դասագիրքը գրել: Երկրորդն այն է, որ դասագիրքը գրվում և խմբագրվում է միևնույն տանը. կինը խմբագրում է նույն դասագիրքը: Այս ֆոնին նախարարը հանդիսանում է պատվավոր երրորդ տեղը եզրափակողը, որովհետև մեկ հեղինակի են տալիս, որի կինը պիտի խմբագրի, նախարարն էլ պիտի դա մեկնաբանի՝ որպես պետական քաղաքականություն»:
Պատմաբանի խոսքով՝ սկզբնական փուլում դասագիրքը պետք է դրվեր ևս մեկ քննարկման՝ հաշվի առնելով տարբեր գիտնականների դիտարկումներն ու կարծիքները: «Նախարարությունը՝ ի դեմ նախարար Ժաննա Անդրեասյանի որոշեց ավելի կոշտ դիրք բռնել. կեղծ, այս դեպքում՝ կեղծավոր երկաթյա լեդիի տեղ դրեց իրեն և փորձեց հաշվի չառնել 20, 70, հետո՝ 100 հոգու կարծիքը: Սա կոռուպցիոն տոնածառի աստղն է, որի դերում Ժաննա Անդրեասյանն է, որովհետև նրան հաստատ չէին ների, եթե այս փուլում դասագրքի ճակատամարտը տանուլ տար, ինչը հետևանքային էր լինելու նաև մյուս խոշոր կոռուպցիոն նախագծերի համար, որոնք իրականացվելու են այս կառավարության կողմից: Եթե դուք դասագիրք չեք կարողանում գրել, երեխաների իրավունքները կոպտորեն խախտում եք, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչ ակադեմիական քաղաք, ուսանող, երկաթգիծ, մետրո, տրամվայ. ո՞ւմ աչքին եք փոշի փչում: Գիտենք՝ ինչ է ստացվելու վերջում»:
Դեմոյանի գնահատմամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ նախարարությունը գնաց զարտուղի ճանապարհով՝ ժամանակ խնդրելով ներկայացնելու երրորդ անկախ փորձագիտական խմբի եզրակացությունը, որն այդպես էլ չեղավ:
«Ոչ մի բան չեն ուզում լսել, գնում են զարտուղի ճանապարհներով: 100 հոգու դեմ կարծիք գրող փորձագետի ամփոփիչ մեկնաբանությունը նույն հեղինակի դիտարկումներին ու մեր քննադատություններին նույնպես խոտան է. եզրակացություն չկա: Պարզ տրամաբանությունների վրա նախարարությունը ամեն անգամ մտնում է ականապատ դաշտ և պայթեցնում է իրեն էլ, շրջապատին էլ: Նախարարության կողմից ամեն կերպ անհայտ պահված մարդը, որին «անկախ» են հռչակել, ու որին նախարարությունը երբեմն մասնագետ է անվանում՝ չտարբերակելով փորձագետից նախանշում է 100-ից ավելի սխալ, անճշտություն ու վրիպակ: Բայց չկա այն ամենակարևորը, ինչ խոստացել էր նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կատարելով պարզունակ ստախոսի ֆունկցիա: Բայց չէ՞ որ նախարարությունը խոստացել էր, որ անկախ փորձագետի եզրակացության հիման վրա է որոշելու դասագիրքը թողնելու կամ հանելու հարցը»:
Oragir.News-ի հարցին՝ որոնք են լինելու մասնագիտական խմբի հաջորդ քայլերը, պատմաբանը պատասխանեց.
«Քանի որ սա երեխաների իրավունքի կոպիտ խախտում է, ի սկզբանե հայտարարված էր, որ գնալու ենք իրավական ճանապարհով: Հիմա մեր գործը մի փոքր հեշտացել է, որովհետև գիտական առումով մենք մնում ենք գիտական շրջանակի մեջ, այսինքն՝ դուրս չենք գալիս այլ հարթություն, որովհետև դատական վարույթ է նախաձեռնվել գործին, որին մենք աջակցելու ենք մեր գիտելիքով: Աշխատանքը դատաիրավական համատեքստում շարունակվում է. փաստաբան կա, որ տանում է այդ աշխատանքը: Մեր ստորագրած փաստաթուղթը հիմք է փաստաբանի համար, որ դատարանում ներկայացնի գլխավոր փաստարկը. այսքան մարդ ասում է հակառակը, նախարարն ասում է հակառակը: Հաջորդ քայլով մենք այլընտրանքային դասագիրք ենք պատրաստելու. եթե նախարարությունը չոր, խայտառակ կոռուպցիոն, միակողմանի դիրքորոշում է ընտրել, ապա դա պետք է ոչ թե ճակատային հարվածել, այլ շրջանցել և գործել»:
Հայկ Դեմոյանը վստահեցրեց՝ դասագիրքը խոտան է, և ցանկացած դիտարկում ժամանակավրեպ է.
«Դասագիրքը ամբողջությամբ խոտան է, չի կարող գործածվել. հակառակ դեպքում՝ պետք է դասագրքի համար պետք է առանձին կցորդ դասագիրք կազմել: Ես մնում եմ այն կարծիքին (որին, միգուցե, ստորագրողների մի մասը չի համաձայնի), որ այն գործելաոճը, որ որդեգրել է ԿԳՄՍ կոչված նախարարությունը՝ ի դեմ Ժաննա Անդրեասյանի, չպիտի ղեկավարի նման անձ: Դա աղետալի է այսպիսի երկրի համար: Ներկայիս իշխանություններին շատ է վախեցնում մոբիլիզացումը: Երբ ակնհայտ ցույց են տրվում սխալները, և այսքան մարդ մոբիլիզացվում է կոռեկտ ձևով՝ առանց օրենք ու մարդկանց իրավունքներ խախտելու, ինչի հետ հաշվի չեն նստում նաև կրթության ու գիտության համար պատասխանատու նախարարը, նրա միակ որոշումը պիտի լինի հեռացումը»:
Oragir.News-ի հարցին՝ նոր դասագրքի համար հայտարարվող մրցույթի համար ինչպիսի չափանիշներով է պետք որոշում կայացնել, Դեմոյանն ասաց.
«Նոր դասագրքի համար չի կարող մեկ հեղինակ լինել. առնվազն հինգ մասնագետ պիտի լինի տարբեր պատմափուլերից: Դրանից զատ՝ այդ դասագիրքը պիտի մի քանի փորձաքննություն անցնի. մի բան, որին ներկա դասագրքի հեղինակը խայտառակ հիմնավորում է տալիս՝ ասելով ժամանակ չկա»:
Ամփոփիչ հարցին՝ պատրա՞ստ է կամավոր ցանկությամբ ներգրավվել նոր դասագրքի պատրաստման, քննարկման աշխատանքներին, Դեմոյանը վստահեցրեց.
«Միանշանակ: Առանց որևէ ակնկալիքի և վճարի պատրաստ եմ դասագրքի սևագիր, տպարան չմտած տարբերակը սրբագրել, խմբագրել, առաջարկություններ անել»: