Երեկ՝ մարտի 18-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզ՝ հանդիպումներ ունենալով սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում Փաշինյանը խոսել է զիջումներից, ինչը առաջացրել է ներկաների վրդովմունքը։
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյանի՝ Տավուշ կատարած այցին, ինչպես նաև հնարավոր ջիզումներից հետո երկրում սպասվող իրողությանը։
Զոհրաբյանի խոսքով՝ Փաշինյանի այցի միակ նպատակը սահմանամերձ գյուղերի բնակիչներին հերթական կապիտուլյացիայի մասին տեղեկացնելն էր։
«Նա բարոյահոգեբանական տվայտանքներ չունի, որ ինչ-որ մեկի, այդ թվում՝ մարդկանց հետ, ում պատրաստվում է փաթեթով հանձնել, խորհրդակցի կամ կարծիքը լսի։ Երբ ստորագրում էր կապիտուլյացիան, Ազատության հրապարակում գոռում էր, որ չկա Արցախի հարցով լուծում, իսկ երբ լինի, կգա, կկանգնի հրապարակում և բոլորի հետ քննարկելուց հետո որոշում կկայացնի։ Երեկ նա գնացել էր մարդկանց տեղեկացնելու, որ առաջիկա օրերին այդ բնակավայրերը հանձնելու է, իսկ երբ հանձնվում են այդ չորս գյուղերը, որոնք Հայաստանի անվտանգության գոտին են, Իջևանը, Նախիջևանն և դրանց տարածաշրջանի բոլոր գյուղերը այլևս հայտնվում են ադրբեջանական բլոկադայի մեջ: Ադրբեջանի վերահոսկողության տակ է անցնում նաև Իջևան-Վրաստան միջպետական մայրուղին»:
Նաիրա Զոհաբյանը մտահոգություն հայտնեց, որ հանդիպումների ժամանակ սեղանին դրված եռագույնով ժամացույցի հոսող ավազը հստակ մատնանշում էր Հայաստանի ավարտը։
«Իր արած հայտարարություններից հետո ես զրուցել եմ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցիների հետ, որոնց հարցին՝ գյուղերը հանձնելու դեպքում կա՞ երաշխիք, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսելու, Փաշինյանը պատասխանել է՝ ոչ: Նույնիսկ ահաբեկել է՝ ասելով, որ եթե այդ գյուղերը չտանք, մինչև շաբաթվա վերջ Թուրքիան կհարձակվի Արմավիրի մարզից, Ադրբեջանը՝ Ոսկեպարից»:
Զոհրաբյանը նշեց նաև, որ շոկի մեջ է քաղաքական դաշտի և հասակարության լեթարգիական քնից։
«Ես հիմա եմ հասկանում, թե ինչպես է տեղի ունեցել 1915-ի ցեղասպանությունը․ երբ Իգդիրում մորթում էին, իսկ Կարսում դախլները փռած տոնավաճառ էր, և թուրքի հետ առևտուր էին անում, երբ մորթվելուց ժամեր առաջ Գրիգոր Զոհրաբը երիտթուրքերի մի վիժվածքի հետ նարդի էր խաղում։ Այսօր՝ 100 տարի անց, մենք այս տոտալ անտարբերությամբ կանգնած ենք նույն ցեղասպանության և նույն չլինելու սահմանագծին: Դուրս եկեք փողոց. այսպիսի անհոգություն, անտարբերություն սեփական ճակատագրի, սեփական երեխաների ճակատագրի առջև միայն մակույկներով խեղդվող հասարակությունը կարող է ունենալ»:
Զոհրաբյանն ասաց նաև, որ զարմացած է ընդդմիադիր դաշտի տոտալ պասիվությունից։
«Ես հասկանում եմ՝ Նիկոլը երկիրը այնպիսի փակուղի է գցել, որ միայն մահապարտը այսօր կհամաձայնվի վերցնել իշխանություն։ Ես սա հասկանում եմ, բայց այսպես երգով-պարով սպանդանոց գնալն ինձ հիշեցնում է Շվեդիայի սպանդանոցներից մեկը, որտեղ մարթվելուց առաջ անասունների՝ սթրես չտանելու համար միացնում էին Մոցարտի սիմֆոնիաները։ Բոլորս գիտենք, որ նոր պատերազմը օրերի հարց է, որ չորս գյուղերը հանձնելով՝ մենք հանձնում ենք Հայաստանի անվտանգության գոտին Տավուշում, Տիգրանաշենը հանձնելով՝ մեր անվտանգության գոտին Արարատում, բայց սա իմանալով՝ բոլորս շարունակում ենք միասին անվրդով ապրել. սա համազգային ինքնասպանության սատանիստական ծես է։
Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած դիտարկմանը, թե Հայաստանը մի բան տալիս է պահանջելու համար, Զոհրաբյանն այսպես արձագանքեց.
«Եթե ինչ-որ բան պահանջեր, այդ պահանջը հստակ կձևակերպեր․ ես չեմ լսել հայկական կողմից որևէ հայանպաստ օրակարգ, ավելին՝ չորս գյուղերի հանձնելու հարցը քննարկելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր ավարտել սահմանազատումն ու սահմանագծումը, Ադրբեջանին ստիպել դուրս գալ Սև լճի այն հատվածներից, որոնք Ադրբեջանը զավթել, եկել է Ջերմուկի տակ, երբ Ադրբեջանը GPS-ով Սյունիքից հանձնում էր տարածքներ. բանակցողը սեփական երկրի օրակարգն է առաջ քաշում»:
Խոսելով Փաշինյանի տիկտոկյան նոր էջի մասին՝ Զոհրաբյանն ասաց, որ նա խիստ վախեցած է:
«Երեկ նայում էի տիկտոկյան իր էջը, որ նոր է բացել և սկսել է պետության սկզբունքների շուրջ քաղաքացու հետ զրուցել։ Նրա աչքերում կար անմարդկային վախ և սարսափ: Ես երկու անգամ եմ իր հայացքն այդչափ վախվորած ու սարսափած տեսել․ մեկը՝ բունկերում, երբ կապիտուլյացիայից հետո անհոդաբաշխ լայվեր էր անում, մեկը՝ այստեղ։ Ինքը ճիշտ է անում, որ վախենում է, որովհետև ի տարբերություն իր էլեկտորատի, որը ընկալունակության հետ լրջագույն խնդիր ունի՝ ինքը բացարձակ խնդիր չունի, և ինքը շատ լավ հասկանում է՝ ինչ է արել և դեռ ինչեր է անելու: Նա շատ լավ գիտի՝ դրա համար նրան ինչ է հասնելու՝ անկախ նրանից՝ նա այս գլոբուսի որ կետում կգտնվի։ Վախենում է»:
Ամփոփելով խոսքը՝ հասարակական-քաղաքական գործիչը մեկ ելք նշեց.
«Վախենալով արժանապատվությունից՝ տալ հրաժարական, թողնել, որ Հայաստանը ժամանակավորապես շունչ քաշի և, իհարկե, բանակցողը փոխվի։ Վախից ամեն րոպե հայրենիք չեն տալիս։ Ես դեռ սպասում եմ Նիկոլի հրաժարականին»։